Հունվարի 16-ին, ժամը 3.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել շտապօգնության մեքենայի վարորդը և հայտնել, որ կանչով մեկնել են Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարու փողոցի շենքերից մեկը, որտեղ դանակով հարձակվել են իրենց վրա, ինքը փախել է: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։
Ահազանգով նշված հասցե են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները: Պարզվել է, որ հիվանդի երկու որդիները դանակի սպառնալիքով և հայհոյանքներով հարձակվել են շտապօգնության խմբի վրա:
Պարեկները սպանության սպառնալիքի կասկածանքով ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել 34-ամյա և 38-ամյա երիտասարդներին:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ Երեւանում հերթական զազրելի դեպքն է տեղի ունեցել, կիզակետում նորից շտապօգնության բժիշկներն են։
«Քաղաքացու կանչով տվյալ հասցե մեկնած շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել օգնության կարիք ունեցող անձի որդիների կողմից: Մասնավորապես, վերջիններս բժիշկների առջև փակել են սենյակներից մեկի դուռը, դանակով սպառնացել, որ ամեն գնով պետք է փրկեն իրենց մոր կյանքը»,- գրել էր նա: