f

Անկախ

Մինչև 2023-ի սեպտեմբերը Արցախի հետ են կապված եղել ապագայի մեր բոլոր ծրագրերը. Լիլիթ Պողոսյան


«Իմ աշխատանքը իմ պայքարի միջոցն է՝ Արցախի մշակույթը վառ պահելու, Արցախի հայկականության գաղափարը  պահպանելու համար»,- «Անկախի» հետ զրույցում ասում է Հադրութի շրջանի Տող գյուղի բնակիչ, մանկավարժ Լիլիթ Պողոսյանը: Նա 2009-ից ի վեր ասեղնագործություն և գորգագործություն է դասավանդում Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում: Եվ անգամ Արցախի կորստից հետո, երբ կենտրոնն այլևս չունի ֆինանսավորում և մանկավարժներն անվճար սկզբունքով են աշխատում, շարունակում է դասավանդել: «Երեխաներն ուզում են մեր մշակույթը սովորել: Նրանք մոտիվացված են: Ինչպե՞ս կարող եմ նայել նրանց ու ասել, որ այլևս չեմ դասավանդելու, քանի որ ֆինանսավորում չկա»,-ասում է Լիլիթը՝ համոզմունք հայտնելով, որ այսպիսով ազգանվեր գործ է կատարում՝ նպաստում է, որ իր աշակերտները լինեն հայկական մշակույթի կրողը, որպեսզի ապագայում էլ կարողանան տեր կանգնել այդ մշակույթին: «Մեր պատմությունից գիտենք, որ Արցախը եղել է հայկական: Ստի ոտքը կարճ է լինում: Չգիտեմ, թե երբ, բայց կգա մի պահ, որ Արցախը նորից հայկական կլինի, մեր հաջորդ սերունդները կկարողանան վերադառնալ մեր պատմական Արցախ: Որպեսզի դա լինի, պետք է ունենանք հզոր պետություն,  ակտիվ և գրագետ դիվանագիտություն,- ասում է նա: -Կարող ենք Ադրբեջանից օրինակ վերցնել, թե ինչպես են պետական մակարդակով ճիշտ նպատակներ սահմանում և իրագործում, երիտասարդ պետություն լինելով կարողանում են բոլորին համոզել, որ հայկական Արցախն իրականում իրենցն է: Մշակույթի բնագավառում էլ է այդպես, նախշերը տարածաշրջանում բոլորն էլ օգտագործում են, բայց պետք է իմանաս, որ դա քոնն է, պնդես, որ քոնն է ու պահպանես: Այսինքն մենք մերը պետք է ճանաչենք և ատամներով ամուր պահենք, սերունդներին կրթենք, որ իմանան՝ դա մերն է»: 

38-ամյա Լիլիթ Պողոսյանը ծնվել է Արցախում ու իր կյանքի 35 տարիներն անցկացրել այնտեղ: Ասում է՝ երբևէ մտքով չի անցել, որ կարող է մի օր հայրենի Արցախից դուրս ապրել, իսկ հայրենիքն ու իր ողջ կյանքի ստեղծածն էլ ընդամենը հուշ դառնան: «Մասնագիտությամբ կենսաբանության ուսուցչուհի եմ: Բայց մեկ տարի եմ կենսաբանություն դասավանդել: Հետո հանգամանքների բերումով սկսեցի ասեղնագործություն և կարպետագործություն դասավանդել Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի Տողի մասնաճյուղում»,- պատմում  է  նա՝ հավելելով, որ իր տատիկից է սովորել գործել: «Տատս գեղեցիկ աշխատանքներ էր կատարում յուրահատուկ նախշերով, ինձ միշտ դա հետաքրքրել է, բայց երբեք չեմ մտածել, որ դա ինձ համար մի օր կդառնա մասնագիտություն: Ստեղծագործական կենտրոնում շատ աշակերտներ ունեի և տարեցտարի իմ աշակերտների թիվն ավելանում էր: Մրցույթներից ու ցուցահանդեսներից բարձր արդյունքներով էինք վերադառնում:   Սկսեցի ավելի խորն ուսումնասիրել ոլորտը, մեր մշակույթը, նաև ուրիշներինը: Ինձ համար նոր ոլորտ բացահայտեցի»,- ասում է նա: 

Հարցին, թե արդյոք պատերազմը սպասելի էր, Լիլիթն ասում է. «Արցախում մենք միշտ գիտեինք, որ պատերազմն անխուսափելի է, ի վերջո ունենք հարևան, որի աչքը մեր հողերին է: Բայց վստահ էինք, որ հնարավոր պատերազմից դուրս կգանք հաղթանակած, որ կունենանք մի փաստաթուղթ, որով Արցախը կդառնա ճանաչված, անկախ հանրապետություն»: 

Հիշելով 44-օրյա պատերազմը՝ ասում է, որ սեպտեմբերի 26-ին անցկացրել է իր վերջին դասը Տողում: «Ես սովորաբար քնկոտ չեմ: Բայց այդ առավոտյան քնով էի անցել: Ամուսինս և երեխաներս արթնացրին: Սկզբում չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Երեխաների հետ նկուղ իջանք, ամուսինս գնաց՝ իր մեքենայով զենք տեղափոխելու»,- հիշում է նա: Պատմում է՝ թթի օղու արտադրությամբ էին զբաղվում: Եվ այդ օրերին պատրաստվում էին իրենց գործարանի պաշտոնական բացմանը: «Տոննաներով թթի օղի ունեինք: Զինապահեստն էլ մեր հարևանությամբ էր գտնվում, մի ձոր էր մեզ բաժանում: Տանը մնալը վտանգավոր էր: Տեղափոխվեցինք գյուղի վերևում գտնվող բարեկանի տուն: Օրվա ընթացքում տեգրներս ասացին, որ պետք է Երևան տեղափոխվենք: Այդ լուրից կարծես կայծակնահար եղա. 2016-ին մենք գյուղից դուրս չէինք եկել»,- հիշում է նա: Ասում է՝ սկեսրայրի հետ տուն է գնացել, վերցրել անձնագրերը, գումար մի քանի օրվա համար, մնացած արժեքավոր իրերը, փաստաթղթերն  արկղով պահել է նկուղում ու դուրս եկել՝ համոզված լինելով, որ օրեր  անց վերադառնալու է: 

«Մուղնիում սկեսրայրս ընկեր ուներ: Երեք երեխաներիս հետ իրենց տանը հաստատվեցինք՝ սպասելով, որ շուտով տուն կվերադառնանք: Նոյեմբերի 7-ին ամուսինս զանգեց և ասաց, որ ամեն ինչ անհույս է, եթե կարողանա, մեզ կհասնի»,- հիշում է նա: 

Պատմում է՝ չնայած հայրենազրկմանը՝ դա ժամանակավոր իրողություն էին համարում՝ վստահ լինելով, որ շուտով կկարողանան Հադրութ վերադառնալ: «Հադրութում երբեք ադրբեջանցիներ չէին ապրել: Համոզված էինք, որ ինչ-որ կերպ հնարավոր կլինի Հադրութն ու Շուշին հետ բերել: Բայց տեղի ունեցավ հակառակը»,- ասում է նա՝ հավելելով, որ մինչև 2023-ի սեպտեմբերը Արցախի հետ են կապված եղել ապագայի իրենց բոլոր ծրագրերը և հույսերը: 

«Մտածում էինք Արցախ վերադառնալու մասին: Մեր բոլոր հարազատները պատերազմից հետո Արցախ էին վերադարձել: Միայն մենք էինք մնացել: Հողի կանչն ուժգին էր, 2022-ի սեպտեմբերին մտադիր էինք հետ գնալ ու Արցախում շարունակել մեր կյանքը: Բայց ձգձգվեց. ինձ հետ էր պահում  իրողությունը, որ դեպի Արցախ ճանապարհը մեր վերահսկողության տակ չէր»,- ասում է նա՝ հավելելով՝ համոզվեց, որ իր մտավախությունները տեղին էին, երբ այդ ճանապարհը փակվեց:  

«Մեր բոլոր հարազատներն այնտեղ էին: Երբ զանգում էի, տեսնում էի, որ երեխաներն իրոք սոված են, որ մեծահասակներն իրենց հույս  տալու համար են ասում, որ լավ կլինի: Հասկանում էի, որ սա թշնամու խարդախ ծրագրի մի մասն է, որ ուզում են մարդկանց հյուծել, սովամահ անել: Իսկ երբ լսեցի պատերազմի լուրը, շոկի մեջ էի՝ ինչպ՞ես պետք է պայքարեին հյուծված վիճակում»,- հիշում է նա՝ հավելելով, որ ազնիվ չէր 44-օրյա պատերազմից հետո մարդկանց ամեն կերպ խրախուսել, որ Արցախ վերադառնան, եթե չէին կարողանալու անգամ կյանքի իրավունքն ապահովել: 

«2023-ի սեպտեմբերն ավելի դժվարին էր, քանի որ գիտակցում էինք՝ սա վերջն է: Մինչ այդ համոզված էինք, որ երկու շրջանը հետ կբերենք, բայց մնացածն էլ տվեցինք: Բայց այլընտրանք չկար այդ պահին,- ասում է նա:- Մեր պատմությունը ցույց է տալիս՝  բոլոր պատերազմներում հայը հաղթել է, երբ միասնական է եղել : Հայաստանն ու  Արցախը  իրար հետ էին 90-ականներին և 2016-ին:  Իսկ այս անգամ գերտերությունների խաղին զոհ գնացինք»,- ասում է նա:

Խոսելով պարտության ու հայրենիքի կորստի պատճառների մասին՝ Լիլիթն ասում է, որ մարդկային ագահությունը կործանեց բոլորիս: «Երբ տուն ես կառուցում,ամեն տարի տանդ վրա մի գործ պետք է անես, եթե դա չանես, միայն ուտելիք և հագուստ առնես, քո տունը կամաց-կամաց կփլվի: Պետությունը նման է տան: Մենք պետությունը հզորացնելու փոխարեն այլ արժեքներ առաջնային դարձրեցինք: Ագահությունը մարդկանց տարավ կործանման»,- ասում է նա: Մյուս գործոնն, ըստ Լիլիթի, թշնամու ահ ու սարսափը դարձած զինվորականների արժեզրկումն էր քաղաքական նպատակներով:  «Երբ քաղաքական վերնախավի կարծիքով սկսեցին մեր գեներալներին արժեզրկել, այն գեներալներին, որ սարսափեցնում էին թշնամուն, որոնց անունը տալիս իրենք զգոնանում էին, հենց այստեղից էլ սկսվեց մեր երկրի կործանումը: Կան արժեքներ, որոնց չպետք է դիպչել: Մարդ չի կարող լավ լինել բոլորի համար»,- ասում է նա: 

Լիլիթը շեշտում է՝ 90-ականներին զինադադար էր, ոչ թե պատերազմի ավարտ, ամեն վայրկյան հաջորդ պատերազմը կարող էր վերսկսվել: Եվ մենք պետք է պատրաստվեինք հաջորդ պատերազմին: «Բայց մենք այլ ճանապարհով գնացինք, խաբվեցինք թվացյալ խաղաղությամբ»,- ասում է նա:

Հարցին՝ թե հավատում է, որ հայաստանն ու ադրբեջանը կարող են խաղաղ համակեցության հասնել, որ խաղաղության դարաշրջանը կարող է իրականություն դառնալ, նա բացասական պատասխան է տալիս: Ասում է՝ անգամ խորհրդային տարիներին, երբ հայն ու ադրբեջանցին կողք-կողքի էին ապրում, չկար այդ խաղաղությունը. ամեն օր իրար վնասում էին, իրար ծեծում, իրար վրա կրակում: «Մեր դպրոցից է սկսվել 90-ականների շարժումը, երբ թուրք և հայ աշակերտներն  իրար դանակահարել են»,- ասում է նա՝ հավելելով, որ  չի պատկերացնում, թե ինչպես իր 7-ամյա տղան կարող է խաղալ թշնամու երեխայի հետ: 

«Մենք էլի պատրանքների հետևից ենք գնում, ոչ թե խնդրի իրական լուծման: Այդպես էլ դասեր չենք քաղում մեր պատմությունից»,- ասում է Լիլիթը՝ հավելելով, թե չնայած սկսել է օրվա հոգսերով ապրել ու ապագայի պլաններ չի մշակում, բայց հույս ունի, որ ամեն ինչ լավ կլինի: Իսկ մինչ կգա բաղձալի պահը, երբ Արցախը կրկին հայկական կլինի ու հնարավոր կլինի հայերնի Տող վերադառնալ, նա կարոտում է այնտեղի մաքուր օդը, խաղաղությունը և անհոգությունը և շարունակում հայկական և հատկապես Դիզակ գավառի նախշերը սովորեցնել մատաղ սերնդին՝ վառ պահելով Արցախի մասին հուշերը: 

 

 

 

կորսված հայրենիք Հադրութ Արցախ խմբագրի ընտրանի Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն հայրենազրկում

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին