ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ազատ է արձակվել, նրա վերաբերյալ դատավճիռ է կայացվել։ Այս մասին ասել է պաշտպան Գոռ Վարդանյանը։
Նա նշել է, որ դատարանն Ախոյանին մեղավոր է ճանաչել․ «Որպես պատիժ էր նշանակվել ազատազրկումը, բայց քանի որ նա արդեն իսկ 3 ամիս գտնվել էր կալանքի տակ, դատարնը նրան ազատ արձակելու մասին որոշում է կայացրել»։
Փաստաբանը հայտնում է, որ մեղավոր ճանաչելու մասով էլ իրենք պատրաստվում են բողոք ներկայացնել վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերի 7-ին ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել էր` 2023 թ. հունիսի 8-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած գրառման համար։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Ա. Ախոյանն այդ օրը հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն՝ Արագած Ախոյանն անձանց նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր: