Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արմեն Մելիքբեկյանը Փարիզում հանդիպել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հետ, հաղորդում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության շրջանակներ, նաև ենթակառուցվածքային զարգացման տարբեր ծրագրեր:
ՖԻՖԱ նախագահ Ջիանի Ինֆանտինոն, մասնավորապես, նշել է.
«Ուրախ եմ Փարիզում հանդիպելու Արմեն Մելիքբեկյանին, ում առաջնորդության և վճռականության շնորհիվ ֆուտբոլը զարգանում է Հայաստանում 2019 թվականից ի վեր: Ես ուրախ եմ, որ վերջերս հնարավորություն ունեցա նրան շնորհավորելու վերընտրվելու կապակցությամբ:
Զարմանալի չէր, որ նախորդ տարի ՀՖՖ-ն ստացավ FIFA Forward Award մրցանակը:
Կասկած չունեմ, որ Արմեն Մելիքբեկյանը կշարունակի տանել հայկական ֆուտբոլը ճիշտ ուղղությամբ: Հույսով սպասում եմ, որ առաջիկա տարիներին կտեսնեմ ՀՖՖ-ի գրանցած հաջողությունները»: