f

Անկախ

ՀԱՅ ԴԱՏՆ ԱՅՍՕՐ ՈՒ ԵՐԷԿ...


Ահա եւ՝ «ՀԱՅ ԴԱՏՆ ԱՅՍՕՐ» 15-րդ խորհրդաժողովը, որն ամենամեայ կարգով կազմակերպել է Թեհրանի Հայ Դատի յանձնախումբն, արդէն աւելի քան մէկուկէս տասնամեակից ի վեր...։

Եւ իրաւամբ, գէթ մեզ՝ իրանահայերիս համար, պատմական նշանակութեան իրադարձութեան գնահատականը՝ տւեալ խորհրդաժողովին, ամենեւին էլ գերագնահատելու տեղիք չի կարող տալ, երբ միմիայն վերյիշենք, թէ ի՜նչ հեղինակաւոր դէմքեր են իրենց ծանրակշիռ մասնակցութիւնն բերել այս խորհրդաժողովին...։

Թւարկենք մի քանիսին միայն, ովքեր նորանկախ Հայաստանի որպէս պատմագիտութեան կաճառի ներկայացուցիչներ, մեծ աւանդ են ունեցել՝ խորհրդաժողովին բարձր որակ հաղորդելու գործում։

Ահաւասիկ. Ակադեմիկոս-պատմաբաններ հանգ. Բաբգէն Յարութիւնեան, Աշոտ Մելքոնեան, Էդիկ Մինասեան, Ռուբէն Սաֆրաստեան, ինչպէսեւ՝ վաստակաւոր դիւանագէտներ, ԻԻՀ-ում ՀՀ-ի լիազօր եւ արտակարգ բոլոր դեսպաններն, որոնք նոյնպէս թէ՛ որպէս զեկուցաբերներ, եւ թէ՛ որպէս քննարկումներին անմիջական մասնակցողներ, խորհրդաժողովում  ՀՀ ժամանակի իշխանութիւնների նկատմամբ նոյնիսկ սուր քննադատութիւններին վերաբերւել են ըմբռնումով  եւ իրենց կոչմանը  արժանավայել պահւածքով...

Գումարենք վերոնշեալներին նոյնինքն Յաղթական ԱՐՑԱԽԻ ինչպէս պետական, այնպէս էլ քաղաքական ներկայացուցիչներին, ովքեր իրենց խորքային մեկնաբանութիւններով երիցս ապացուցում էին Արծւաբոյն ԱՐՑԱԽԻ անուրանալի նշանակութիւնը՝ Հայաստան աշխարհի անվտանգութեան ու զօրեղացման հարցում։ Խորհրդաժողովների մասնակիցների շարքում յիշենք նաեւ  Սփիւռքի զանազան գաղթօջախ-համայնքների քաղաքական-հասարակական ու մանաւանդ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, մասնաւորապէս Եւրոկառոյցներում Հայ Դատն ու Հայոց Պահանջատիրութիւնն ամենօրեայ ու մշտարծարծ պահող նւիրեալներին։

 Անմոռանալի է յատկապէս ամենաուշագրաւ խորհրդաժողովներից մէկը՝ կազմակերպւած՝ 2006-ի նոյեմբերին, որին իր ծանրակշիռ, ներգործուն եւ աւաղ՝ վերջին մասնակցութիւնն էր ունենում Հրանտ Դինքը...

Լրացուցիչ՝ յիշարժան են նաեւ մի քանի անհատականութիւններ, որոնք որպէս Հայ Դատի անխոնջ ու մեծահամբաւ նւիրեալներ՝ դարձեալ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի ձեռնարկած այլեւայլ միջոցառումներին բարձր որակ են հաղորդել եւ Հայրենի հոգեհարազատ շնչով իրանահայ լսարանին հաղորդակից դարձրել Հայոց Պահանջատիրական պայքարի ու Հայ Դատի արդարացիութեանը։

Ահաւասիկ՝ երջանկայիշատակ պատմաբաններ՝ Լենդրուշ Խուրշուդեան, Ռիչարդ Յովհաննիսեան եւ Հայ Դատի անընկրկելի նւիրեալ, գիտնական ու քաղաքական գործիչ՝ Էդւարդ Յովհաննիսեան եւ  նրա ամուր ոտնահետքերով ընթացող ու իր հարազատ զաւակ՝ Վահան Յովհաննիսեան...

* * *

Յարգելի ընթերցող, վերջին տասնամեակում պարսիկ լսարանի համար եւս կազմակերպւել  են գրեթէ նոյն բնաբանով ու թեմաներով խորհրդաժողովներ։

Մասնակիցները, որպէս բանախօս-զեկուցաբերներ եղել են ինչպէս մեր նշած Հայրենի հեղինակները, նոյնպէսեւ՝ պարսիկ բարեկամների քաղաքական, պետական-դիւանագիտական ու այլ կարգի հեղինակաւոր վերլուծաբաններ։

Այստեղ կը ցանկանայի յարգելի ընթերցողի ուշադրութիւնն սեւեռել կարեւոր հանգամանքի վրայ։

«Հայ Դատն այսօր»-ի թէ՛ հայկական, եւ թէ՛ պարսկական խորհրդաժողովներում (յար եւ նման հայաստանեան, թէ՛ սփիւռքեան նմանօրինակ խորհրդաժողովների), մինչեւ 2018-ի Սորոսական յեղաշրջումն ու մասնաւորապէս մինչեւ 2020 թւականի Արցախի դէմ Անգլոսաքսոնական ու ադրբեջանա-թուրքական սադրած պատերազմը, անխտիր բոլոր բնաբաններն ու համապատասխան թեմաները, որոնք ձեւակերպւած էին Հայ Դատի ու Հայոց Պահանջատիրութեան համատեքստում, ըստ էութեան քննարկման առարկայ էին դարձնում ապագայի հաշւին ուրւագծւող հնարաւոր  ձեռքբերումները։ Ուղղակի՝ քննարկւում ու եզրայանգման իրատեսական դրոյթներ էին բանաձեււում՝ նոր յաղթանակների եւ հայանպաստ նոր ձեռքբերումների համար։

Յատկանշական է այն, որ արդէն խորհրդաժողովներում իրատեսօրէն առաջադրանք-ծրագիր էր ներկայացւում զեկուցաբերների կողմից առ այն, որ Հայոց Պահանջատիրական ու Հայ Դատի մերօրեայ պայքարի մարտավարական ու ռազմավարական նկատառումների առանցքում հարկաւոր է վերարծարծել ու դեռ աւելին՝ վերագործարկել 1920 թ. Սեւրի պայմանագիրը։ Ընդորում՝ փաստագրւում էր այն հանգամանքը, որ հայկական թէ՛ պետական-դիւանագիտական, թէ՛ ժողովրդական, եւ թէ՛ Սփիւռքեան լաբբինգի կարելիութիւններն ի սպաս դնել՝ եւրոպական եւ միջազգային այլ կառոյցներում, յօգուտ Սեւրի իրաւա-քաղաքական դրոյթների կեանքի կոչմանը...։

... Այսօր, սակայն, ինչպէսեւ վերջին 2-3 տարիների «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովների բնաբան-թեմաները ընդգրկում են ոչ թէ Հայոց համազգային Պահանջատիրութեան պայքարում նորանոր ձեռքբերումներով ազգովի հպարտանալու, այլեւ՝ անընդհատ պարտութիւնների, նահանջների, պետական ու ազգային անվտանգային յաջորդական մարտահրաւէրների եւ ահա, այս տարի իսկ, հայրենական ու մասնաւորապէս Արցախի կորստի ծանրակշիռ հետեւանքների  դիմագրաւման  վտանգալից հանգամանքները։

Կորուստներ, համազգային ճգնաժամ,  համընդհանուր հիասթափութիւն՝ թէ՛ Հայաստանում, եւ թէ՛ Սփիւռքում, ներազգային պառակտում, Հայոց Առաքելական Եկեղեցու դէմ աղանդաւորական, ապազգային ու անբարոյ յարձակում, թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից ՀՀ-ի տարածքային ամբողջականութեան ու պետականութեան դէմ ներուժ ու ներգործուն սպառնալիքներ..., որոնք ըստ ամենայնի անպատասխան են մնում ազգադաւ իշխանախմբի կողմից։

Ահա՛ այն բոլոր մարտահրաւէրները, որոնց դիմագրաւման  կարելիութիւնները փորձելու է վեր հանել «ՀԱՅ ԴԱՏՆ ԱՅՍՕՐ» 15-րդ խորհրդաժողովը։

Խորհրդաժողով, որն կայանալով ամենահայաստանամերձ համայնքում, մշտապէս ներդրել է իր բաժին-մասնակցութիւնը՝ Հայոց համազգային Պահանջատիրութեան ու յարատեւ պայքարի յաղթական աւարտի ճամբին...։

 

Դերենիկ Մելիքյան

Պատական գիտությունների թեկնածու

 

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ խորհրդաժողով Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին