f

Անկախ

‹‹Ես փախչողներից չեմ, չեմ կարող լքել ընկերներիս››․ Արսեն Առստամյան


Ասկերանցի Արսեն Առստամյանը 2023 թվականի հունվարի 9-ին էր զորակոչվել բանակ և ծառայության անցել Ասկերանի N զորամասում։ Վեց ամիս անց շարունակել է զինծառայությունը՝ որպես պայմանագրային զինծառայող։ Ինն ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։

‹‹Որևէ բանի կարիք երբեք չի զգացել։ Ընկերները պայմանագրային զինծառայության են անցել, նույն բանն էլ ինքն է որոշել անել››,-‹‹Անկախի›› հետ զրույցում պատմում է մայրը՝ Մարգարիտա Սեյրանյանը։

Մոր խոսքով՝ Արսենն ակտիվ երիտասարդ էր, ժամեր էր հաշվում բանակ զորակոչվելու։ Նա առողջական խնդիրներ ուներ, կարող էր  ազատվել պարտադիր զինծառայությունից, բայց պնդել է՝ պետք է անպայման ծառայեր հայոց բանակում։

‹‹Ամեն ինչ ուղարկում էի դիրքեր։ Իրենք այնտեղ ոչ մի բանի կարիք չեն զգացել։ Իմ երեխաների պես բոլոր զինծառայողների մասին հոգ էի տանում։ Պատերազմից հինգ րոպե առաջ Արսենը զանգեց ու արագ խոսեց։ Հարցրեց՝ ի˚նչ ենք անում։ Կրտսեր քրոջ՝ Մարիամի մասին հարցրեց, ես էլ ասացի՝ մանկապարտեզում է։ Արսենն ասաց, որ տուն բերեմ, որպեսզի ինչ-որ բան լինելու դեպքում չվախենա։ Ես էլ մտածեցի՝ եթե գնամ բերեմ, խուճապ կառաջանա երեխաների մոտ։ Մինչև պատերազմն ինձ հորդորել էր Մարիամին Երևան տեղափոխել,  ես էլ մտածում էի՝ առանց Արսենի ինչպես գնամ, ինչպես Ասկերանի զորամասի մոտով անցնեմ ու գնամ Երևան։ Ես նրան խնդրել եմ ուշադիր լինել, ինքն էլ ասել է, որ իր հետ ոչինչ չի պատահի››,- ասում է տիկին Մարգարիտան։

Մոր խոսքով՝ Արսենը վստահ էր, որ իրենց հետ ոչինչ չի պատահի։ Երբ վիրավորում է ստացել, ընկերոջն ասել է՝ պետք է Մարիամին զանգի։ Կրտսեր քրոջ համար ամենաշատն էր անհանգստանում։

‹‹Երբ սկսվեց պատերազմը, ավագ դուստրս՝ Աննան, դպրոցում էր, Մարիամը՝ մանկապարտեզում, Արսենը՝ դիրքերում, պատկերացրեք։ Այդ ժամանակ Ասկերանը չի հրետակոծվել, բայց շուրջբոլորը թշնամու հրետակոծությանն էր ենթարկվում։ Չէինք կարող պատկերացնել՝ որ ուղղությամբ էին հարվածում։ Ամեն տեղից լսվում էին ռմբակոծության ձայները։ Երբ գնացի Մարիամի հետևից, ճանապարհին ոտքերս թուլացան։ Արսենի ընկերոջը տեսա, ասացի՝ Մարիամի հետևից գնա։  Երեխաները մոտակա շենքի նկուղում էին պատսպարվել, ինքը Մարիամին չի գտել։ Հետո իջանք մեր շենքի նկուղ։ Մտածում էի՝ այդ կարկուտի (հրետակոծության) տակ ոչ մի զինծառայող ողջ չէր մնա։ Մինչև վերջ զգացել եմ, որ այդպես է լինելու։ Հետո ռուս խաղաղապահները եկան և ասացին, որ դուրս գանք Ասկերանից և օդանավակայան գնանք››,-ասում է տիկին Մարգարիտան։

Օդանավակայանում մայրը լսել է որդու վիրավորում ստանալու մասին։ Զանգել է ամուսնուն, բայց ամուսինը չի պատասխանել։ Ուշ երեկոյան կապ է հաստատել և իմացել որդու զոհվելու մասին։

‹‹Հարցրի՝ տեսե˚լ ես Արսենին, ասաց՝ չեն թույլատրել։ Ամուսինս սակրավոր էր, տարիներ առաջ ականի պայթյունից վիրավորում էր ստացել։ Ես ասացի, որ առանց Արսենի ապրել չեմ կարող, ինքն էլ ասաց՝ պետք է ապրես, Արսենն էլ չկա։ Ամուսինս այնտեղ էր։ Բոլորը սպասում էին Արսենի վիրահատությանը, անզգայացրել են, բայց սիրտը չի դիմացել››,-ասում է մայրը։

Արսենը վիրավորում է ստացել ոտքերի շրջանում։ Մոր խոսքով՝ տղաներին մարտադաշտից ուշ են հանել և հոսպիտալ տեղափոխել։

‹‹Իվանյանի հոսպիտալում անզգայացնող բժիշկ չեն գտել, որի պատճառով հետո տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ››,-ասում է մայրը։

Սեպտեմբերի 25-ին Արսենի ընտանիքը Երևան է տեղափոխվել։ Արսենի հորաքրոջ որդին էլ է զոհվել այս պատերազմում։ Երկու եղբայր նույն օրն  են անմահացել։

‹‹Արսենի բժշկի հետ էլ եմ խոսել։ Ինքն է Արսենին  հանել այնտեղից։ Բոլորը սիրում էին Արսենին։ Բժիշկն ասել է Արսենին, որ իրենց հուսախաբ չանի, և նրա հարսանիքի քավորն ինքն է լինելու։ Արսենը խնդրել է, որ ինձ չասեն իր վիրավորվելու մասին։ Հետո ջուր է խնդրել, բժիշկներն ասել են, որ չի կարելի։ Բայց Արսենը համառել է։ Ասել է՝ եթե մամայիս սիրում եք, ինձ ջուր տվեք››,-ասում է մայրը։

Արսենին հուղարկավորել են սեպտեմբերի 29-ին՝ Եռաբլուրում։ Դիրքի յոթ զինծառայողներից վեցը զոհվել են։ Մոր խոսքով՝ այդ դիրքն ապահով էր, փակ տարածք էր, և միայն անօդաչու թռչող սարքի թիրախում այն կարող էր հայտնվել։

‹‹Մեզ շատ մոտ էր։ Ամեն օր դիրքեր ուտելիք էինք հասցնում։ Ասում էր՝ պապան եկավ, մեր աչքերը բացվեցին։ Տղաների ծնողներն Արցախի շրջափակման պայմաններում տրանսպորտի բացակայության պատճառով չէին կարողանում իրենց այցելել, ինչ ուղարկում էի, բոլորին էի ուղարկում, որ միասին ուտեն։ Հիմա այսպես խենթացած ապրում եմ հինգ ամիս››,-ասում է տիկին Մարգարիտան։

Մոր խոսքով՝ դժոխքի միջով են անցել։ Ցավով է խոսում, որ օդանավակայանում հավաքված տղամարդիկ օգնության չեն հասել առաջնագծի տղաներին։

‹‹Միայն դիրքի տղաներն են զոհվել։ Ոչ ոք մեկ քայլ առաջ չի գնացել նրանց օգնության։ Ոչ զենք են տվել, ոչ տվածն են հետ վերցրել։ Պատերազմից մի քանի օր առաջ Արսենը ձայնային էր ուղարկել ինձ, պետք է ընկերոջն  ուղարկեր, սխալմամբ ինձ է ուղարկել։ Ձայնայինում ասում է՝ բոլոր սպաները թողել, լքել են դիրքերը, միայն մեկ սպա է մնացել դիրքում։ Ես էլ ասել եմ՝ լքել են դիրքը, դու էլ լքիր, ինչու ես այդտեղ մնացել։ Ինքն էլ ասել է, որ փախչողների պես չէ, չի կարող լքել ընկերներին››,-ասում է մայրը։

Մոր խոսքով՝ Արսենն անչափ բարի, կատակասեր ու ընկերասեր երիտասարդ էր։ Բլոկադայի ժամանակ իրենց խանութի քաղցրավենիքը բաժանում էր երեխաներին։

‹‹Արսենն ամեն ինչի լավն էր ցանկանում։ Ինքն ամեն ինչ ուներ՝ լավ մեքենա, լավ տուն, լավ խանութ, լավ ընկերներ։ Որոշել էր զորացրվելուց հետո Ռուսաստանի Դաշնություն մեկնել հորաքրոջ որդու հետ։ Ասել էր՝ եթե պատերազմ սկսվի, անպայման վերադառնալու է››,-ասում է մայրը։

 

Հասմիկ Հակոբյան

 

Արսեն Առստամյան Ադրբեջան հարձակում Արցախ զոհեր և վիրավորներ արցախցի բռնի տեղահանվածներ Հայաստան խմբագրի ընտրանի Հասմիկ Հակոբյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին