Եվրամիությունը մոտ 100 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային, Հունաստանն էլ իր հերթին մեծ դեր է խաղացել լրացուցիչ 50 միլիարդ եվրո հատկացնելու որոշման մեջ։ Այս մասին Օդեսայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Հունաստանի վարչապետի հայտարարությունները տարածել է նրա մամուլի ծառայությունը։
«Հունաստանի մասնակցությունն Ուկրաինային տրամադրվող եվրոպական պաշտպանական օգնությանը որևէ մեկնաբանության կարիք չունի, ոչ էլ այն բազմակողմ ջանքերին, որոնք ձեր երկիրը գործադրում է գոյատևելու և վերախմբավորվելու արդեն երկու տարի շարունակվող ռազմական գործողությունների, ռմբակոծությունների ֆոնին»,- ասել է Միցոտակիսը։
Նրա խոսքերով, այս օգնության համար Եվրամիությունը հատկացրել է մոտ 100 միլիարդ եվրո, և Եվրոպական խորհրդի՝ որոշ դժվարություններով և ուշացումներով առաջիկա չորս տարիների ընթացքում Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար լրացուցիչ 50 միլիարդ եվրո հատկացնելու վերաբերյալ որոշման մեջ Հունաստանը գլխավոր դերակատարն էր։