f

Անկախ

‹‹Սա օդային պատերազմ է››․ Դավիթ Հարությունյան


Համալսարանում հուշ-ցերեկույթ էին կազմակերպել։ Դավիթը զինվորական համազգեստ էր հագել։ Հպարտ ու ոգևորված  էր շատ, շրջում էր համալսարանում, որ բոլորն իրեն այդ հագուստով տեսնեն։ Մոր միակ զավակն էր և կարող էր զինվորական ծառայության չանցնել, բայց ինքն անձամբ է մորը խնդրել միասին զինկոմիսարիատ գնալ՝ բանակ զորակոչվելու խնդրանքով։ Դավիթը երազում էր ծառայել հայոց բանակում, շտապում էր ծառայել հայոց բանակում։

Դավիթ Հարությունյանն Ասկերանի շրջանի Խնձորիստան գյուղից էր։ 2019 թվականին էր զորակոչվել բանակ և ծառայության անցել Ցորի զորամասում։

‹‹Մենք մայիս ամսին գնացել ենք զինկոմիսարիատ, որովհետև  հունիսի 18-ին պետք է լրանար Դավիթի 18 ամյակը։ Զինկոմիսարիատի պետը Դավիթին հարցրեց՝ ուժեղ տղա˚ ես, ուզում ես անպայման ծառայե˚լ։ Դավիթն էլ ասաց ‹‹Շատ եմ ուզում ծառայել, 18 ամյակս լրանում է, չեմ ուզում ժամանակ կորցնել, եթե հնարավոր է ինձ հուլիս ամսվա զորակոչին ընդգրկել››։ Մտածեցի՝ թող Աստծո կամքով լինի, ես իմ որդուն Աստծուց չեմ թաքցնում, երկու տարին շուտ կանցնի, մենք էլ արդար կլինենք հայրենիքի և Աստծո հանդեպ››,-‹‹Անկախի›› հետ զրույցում պատմում է մայրը՝ Իրինա Գրիգորյանը։

Դավիթը վախենում էր ժամանակից, ժամանակից առաջ էր ընկել, ժամանակին ամեն ինչ հասցնել էր ուզում։ Մեծ խանդավառությամբ իր ծննդյան տարեդարձը նշեց գյուղի հանդիսությունների սրահում։

‹‹Շատ էր ուրախացել այդ օրը, վերջում անգամ հուզվեց։ Հետո իր սոցիալական էջում մեր լուսանկարը հրապարակեց և գրեց՝ մամ, շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Ես աշխատում էի, շատ հաճախ մայր և որդի կարոտում էինք իրար››,-ասում է մայրը։

Որոշ ժամանակ անց Դավիթը որոշեց, որ պետք է սերժանտական դասընթացներին մասնակցեր։ Ավարտելով դասընթացները՝ դեկտեմբերի 29-ին տուն է եկել։

‹‹2020 թվականը միասին ենք դիմավորել։ Զինվորական ծառայության ժամանակ հաճախ էր զանգում և հարցնում՝ ինձ անհանգստացնողներ չկա˚ն։ Կարծում էր՝ թաքցնում եմ, հարևաններից էլ էր հարցնում դրա մասին››,-ասում է մայրը։

Թալիշում  զորավարժություններ են անցկացրել, Դավիթն իր 19 ամյակը նշել է այնտեղ։

‹‹Պատերազմի առաջին օրը դողացող ձեռքերով առաջինը Դավիթին եմ զանգել։ Հարցրել եմ՝ ի˚նչ է կատարվում, ասել  է՝ մամ, պատերազմ է սկսվել։ Զորամասից տեխնիկան էին դուրս բերում, ձայնը լսվում էր։ Դավիթն ասաց, որ դուրս է գալիս այդտեղից։ Խնդրեց՝ չվախենալ։ Ժամը 13։00-ին հաղորդագրություն ուղարկեց՝ պատերազմ է, ամեն վայրկյան զգույշ կլինեք։ Հենց սեպտեմբերի 27-ին ինձ գրեց, որ դա օդային պատերազմ է։ Ասաց, որ կապի մեջ լինենք››,-ասում է մայրը։

Այդ ժամանակ նրանք տարբեր ուղղություններով էին շարժվում։ Դիրքերում էին։ Մոր խոսքով՝ սկզբում Հադրութի ուղղությամբ են շարժվել, իսկ հոկտեմբերի 11-ին՝ անտառներով դեպի Մատաղիս։

‹‹Այդպիսի մի օր չկար, որ չխոսեինք իրար հետ։ Եզակի մի դեպք էր, երբ չեմ կարողացել նրա հետ կապ հաստատել, լուր իմանալու համար հրամանատարին եմ զանգել։ Հրամանատարը ներքին կապով Դավիթի հետ է խոսել։ Երբ ինձ զանգեց, բարկացավ, որ զանգել եմ հրամանատարին։ Անհանգստացել է իմ մասին, կարծել է՝ ինձ հետ վատ դեպք է պատահել։ Ես այդ ժամանակ Երևանում էի։ Դավիթին ասացի, որ ապահով վայրում եմ, ոչինչ չի կարող ինձ հետ պատահել։ Անգամ պատերազմի դաշտում իմ մասին էր մտածում››,-ասում է մայրը։

Դավիթի վերջին զանգը եղել է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 17։00-ին, հետո մայրն է զանգել որդուն։

‹‹Զանգեց և ասաց․ ‹‹Ես հեռախոս չունեմ, բայց ընկերոջս հեռախոսով լուսանկարվել ենք և պատերազմի դաշտից լուսանկարներ ունենք, կուղարկեմ, դրանք կպահես մինչև վերադառնամ››։ Ես ստացա այդ լուսանկարները։ Երբ զանգեցի, ասացի, որ լուսանկարում բարակ հագուստով է, տաք համազգեստ չունի։ Ասաց, որ եղանակը տաք է, որի համար տաք բաճկոնը հանել է։ Օրը մթնեց, մի անկյունում կուչ եմ եկել, հետո զանգ եկավ։ Եղբայրս էր հարցրեց՝ ի˚նչ եմ անում։ Հետո խնդրեց հեռախոսը մորս  փոխանցել։ Այդ ժամանակ ես վատ զգացողություն ունեցա։ Մորս ասաց՝ Դավիթը չկա››,-ասում է տիկին Իրինան։

Մոր խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Մատաղիսում՝ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում։ Ներքին կապ են տվել, Դավիթն է պատասխանել։ Բոլորին հրամայել է պատսպարվել։ Երբ դուրս է եկել իր տեխնիկայի մոտ, թշնամու նշանառության տակ է հայտնվել։ Դավիթը բեկորային վնասվածք է ստացել գլխուղեղի շրջանում։ Երբ հանդարտվել է ռմբակոծությունը, ներքին կապ են տվել Դավիթին, որ իմանան՝ որտեղ է։ Դավիթն այդ ժամանակ արդեն զոհված է եղել։

‹‹Երբ ասում են՝ կյանքը շարունակվում է, ես ասում եմ՝ սա կյանք չի, որ շարունակվի։ Թող Դավիթը յոթ սարի ետևում լիներ, կարոտ մնայի նրան, բայց հեռախոսով գոնե խոսեի նրա հետ։ Նրան պետք է կտրեին այս աշխարհից ու տանեին։ Դա էր նրա ճակատագիրը։ Ես նրան խնդրել եմ զգույշ լինել, եթե մարտական առաջադրանք չունի, խրամատում պատսպարվեր, իրեն խնայեր, իմանար, որ իրեն սպասում եմ››,-ասում է մայրը։

Դավիթը զոհվել է հոկտեմբերի 23-ին։ Նրան հուղարկավորել են հոկտեմբերի 25-ին՝ գյուղի գերեզմանատանը։ Հետմահու պարգևատրվել է ‹‹Արիություն›› մեդալով։

‹‹Արցախ գնալու մեքենա էի փնտրում այդ ժամանակ։ Ուզում էի վերջին անգամ որդուս տեսնել։ Ոտքով էլ լիներ՝ պետք է հասնեի։ Եղբայրս փորձում էր վարորդ գտնել, որ գոնե մինչև Գորիս հասցներ, որտեղից ինքն ինձ կդիմավորեր և Արցախ կտաներ։ Հասա գյուղ, տեսա որդուս։ Գիշերը տան լույսերն անջատել ենք, որ թշնամին չնկատի մեզ։ Հետո ոչինչ չեմ հիշում››,-ասում է մայրը։

Գյուղի ճանապարհին է Դավիթի գերեզմանոցը․ անցորդներին  բարևում է։ 2023 թվականի  սեպտեմբերի 19-ի պատերազմի հետևանքով Դավիթի մայրը բռնի տեղահանվել և Երևան է տեղափոխվել։ Դավիթի աճյունը Երևան տեղափոխելու խնդրանքով Կարմիր խաչին է դիմել։  Տիկին Իրինային պատասխանել են՝ անհնար է։

‹‹Գնայի, մեկ անգամ գոնե նրա շիրմաքարին դիպչեի։ Շատ նպատակներ ուներ Դավիթը ասում էր՝ ես պետք է հասնեմ իմ բոլոր նպատակներին, ամեն ինչ պետք է ունենամ կյանքում››,-ասում է մայրը։

Տիկին Իրինան Արցախից իր հետ բերել է Դավիթի սիրելի հագուստը, զինվորական համազգեստը, լուսանկարները, սիրելի իրերը։ Արցախի դրոշն էլ թողել է տան պատշգամբում։

Հասմիկ Հակոբյան

 

Դավիթ Հարությունյան 44-օրյա պատերազմ Արցախի Հանրապետություն արցախցի բռնի տեղահանվածներ խմբագրի ընտրանի Հայաստան Հասմիկ Հակոբյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին