f

Անկախ

ԵՄ-ն միջնորդելու փոխարեն պետք է փորձի ուժեղացնել ՀՀ դիմադրողականությունը. «Հայաստանի բարեկամներ ցանց»-ի զեկույցը


Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի բարեկամներ ցանց» բարձր մակարդակի խումբը, որի մասնակիցների թվում են նախկին վարչապետներ, խորհրդարանականներ և դիվանագետներ, պատրաստել է զեկույց, որում անդրադադարձ է կատարվում Հայաստանի ու Եվրոպական Միության միջև հարաբերություններին, դրանց հետագա ամրապնդման անհրաժեշտությանը, Հայաստանի՝ կազմակերպությանը վերջնական անդամակցելուն, ինչպես նաև Հարավային Կովկասում առկա իրադրությանն ու Հայաստանին սպառնացող վտանգներին։  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է զեկույցից, հեղինակներն ընդգծում են այն քայլերը և գործողությունները, որոնք Եվրոպական Միությունը պետք է իրականացնի՝ հաշվի առնելով Հայաստանի համար առկա խնդիրներն ու սպառնալիքները։

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ այժմ պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և  էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի Հանրապետությանը։

Զեկույցում նշվում է, որ Եվրոպական Միությունը նախկինում դժկամությամբ է վերաբերվել անվտանգության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանն այն պատճառով, որ կազմակերպությունը միջնորդական դեր պահպանելու ցանկություն է ունեցել, սակայն Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը ցույց է տվել, որ Բաքուն այդքան էլ շահագրգռված չէ խնդիրների՝ բանակցային կարգավորմամբ:

Ընդհակառակը, Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը միայն ամրապնդել է այն միտքը, որ նա կրկին կարող է դիմել ռազմական տարբերակի, ուստի ԵՄ-ն պետք է վերակողմնորոշի իր ներգրավվածությունը տարածաշրջանում, որպեսզի  միջնորդելու փոխարեն փորձի ուժեղացնել Հայաստանի դիմադրողականությունը՝ կանխելու մեկ ուրիշ պատերազմ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն կա ուժեղացնել Եվրամիության և Հայաստանի միջև համագործակցությունն անվտանգության ոլորտում ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։

Համահեղինակներն ընդգծում են, որ ԵՄ-ն պետք է Հայաստանին առաջարկի աստիճանական, բայց որոշակի ճանապարհային քարտեզ՝ դեպի ընդլայնված հարաբերություններ: Սա ներառում է Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելը։ Նման առաջարկը պետք է պաշտպանված լինի իրական, բովանդակային աջակցությամբ։

Ներկայացված զեկույցում նշվում է, որ Հայաստանը հայտնվել է անվտանգության խիստ անկայուն միջավայրում՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալիք ներկայացնել և ազդանշան է տալիս, որ Հայաստանի դեմ հարձակման է պատրաստվում։

Զեկույցը հիշեցնում է, որ Ադրբեջանի կողմից դեռևս 2021 և 2022 թվականների հարձակման հետևանքով Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածք գտնվում է օկուպացիայի տակ, ինչն ուղղակի վտանգ է ներկայացնում ՀՀ ինքնիշխանության համար, իսկ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ զեկույցում ասվում է, որ դրանով Բաքուն Երևանի դեմ հետագա հարձակման համար փորձում է տեղեկատվական դաշտ ապահովել։

Մատնանշվում է նաև նախագահ Ալիևի սպառնալիքներն՝ ուղղված ՀՀ մայրաքաղաք Երևանին, որի նկատմամբ ևս Ադրբեջանը չի թաքցնում իր հավակնությունները։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի տարածքով ցամաքային միջանցք պահանջել, որը չստանալու դեպքում սպառնում է ռազմական ուժ կիրառել՝ օկուպացնելու համար ՀՀ Սյունիքի մարզը։

Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ Թուրքիան ևս կարող է իր մասնակցությունն ունենալ, քանզի շարունակում է սերտորեն կապված լինել Ադրբեջանի հետ՝ հրաժարվելով բացել սահմանները Հայաստանի հետ և ճնշում գործադրելով վերջինիս վրա։ Այդուհանդերձ, արձանագրվում է տարածաշրջանում Թուրքիայի դերի կարևորությունը և խոսվում Հայաստանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի հասցնելու անհրաժեշտության մասին։

Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները՝ զեկույցում ընդգծվում է, որ անհրաժեշտ է ավելացնել ռազմական օգնությունը ԵՄ անդամ երկրներից, ինչը կարևոր քայլ կլինի, որպեսզի Հայաստանն ավելացնի իր պաշտպանական կարողությունները և կարողանա դիմագրավել Ադրբեջանի հարձակումներին։

Խոսքը վերաբերում է ինչպես համատեղ վարժանքներին ու զորավարժություններին, այնպես էլ եվրոպական երկրների հետ ռազմական հարաբերությունների սերտացմանը։ Այս քայլով Եվրոպական Միությունը նաև կարևոր ազդակ կուղարկի Բաքվին և Անկարային։

Այս համատեքստում զեկույցի համահեղինակները կարևորում են նաև ՀՀ զինված ուժերի բարեփոխումը և արդիականացումը՝ հավելելով, որ Հայաստանը նույնպես ժամանակակից արևմտյան տեխնիկայի կարիք ունի։

Անդրադառնալով նաև Հայաստանի անդամակցությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ հեղինակները նշում են, որ այն քիչ արժեք ունի Հայաստանի համար անվտանգության առումով, քանի որ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումներից հետո աչքի չի ընկել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունների կատարմամբ, ինչի արդյունքում էլ ՀՀ-ն փաստացի սառեցրել է իր անդամակցությունը կազմակերպությանը՝ փորձելով դիվերսիֆիկացնել իր անվտանգության մեխանիզմները։

Բացի այս, զեկույցում ասվում է, որ Հայաստանի համար կարևոր դեր կարող է ունենալ Թուրքիայի հետ զուսպ և ուղիղ երկխոսությունն ու հարաբերությունների կարգավորումը և հայ-թուրքական սահմանի բացումը։

Անդերս Ֆոգ Ռասմուսեն ԵՄ առաքելություն Զեկույց Ադրբեջան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին