ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն առ այն, որ ՌԴ-ի զինծառայողները ներդրում ունենան Հարավային Կովկասի տարածաշրջանում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման գործընթացի մեկնարկը:
«Ինչպես գիտեք, մենք կողմ չենք հանդիսանում բանակցված եռակողմ պայմանավորվածությանը, որը 2020 թվականին դադարեցրեց մարտերը Լեռնային Ղարաբաղում և ռուսական զորքեր տեղակայեց այդ տարածաշրջանում։ Անկեղծ ասած, մենք չենք տեսել որևէ բան, որը ցույց տա, որ Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են ավելի խաղաղ և կայուն Հարավային Կովկասի տարածաշրջանին, և անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները ակնհայտորեն մատնանշում են այդ կարևոր փաստը կամ օրինակ այն, որ Ռուսաստանը վստահելի դաշնակից կամ գործընկեր չէ», - ասել է Պատելը:
Նա նաև հավելել է, որ Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին:
Նախօրեին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները։
«Հիմք ընդունելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված Եռակողմ հայտարարությունը՝ երկու երկրի բարձրագույն ղեկավարությունները որոշում են կայացրել «Ադրբեջանի տարածքում» ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների՝ «մեր երկրի տարածքից» վաղաժամկետ դուրսբերման մասին։ Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այս որոշումը կյանքի կոչելու համար»,- ասել է Հաջիևը։