Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991-ի Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք: Այս մասին նա գրել է X-ի միկրոբլոգում։
«Երկու երկրների միջև տարածքային ամբողջականության ճանաչման վրա հիմնված սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքը և այն կծառայի նորմալացման գործընթացին և խաղաղություն կբերի տարածաշրջանին»,- գրել է Շ.Միշելը։
Հիշեցնենք, որ նախօրեին կայացել է պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպման, ԱԳՆ հաղորդմամբ, նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:
ՀՀ կառավարությունից պարզաբանել են, որ «երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, և հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն և արտահայտվեն նաև գետնի վրա, ու սա կլինի աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ մեր երկրների միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման»:
Այս հայտարարությունից հետո Տավուշի մարզի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացրել, փակել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ պահանջելվ չեղարկել միակողմանի զիջումները։ Շատ փորձագետներ պնդում են՝ չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում։