«Գյուղացիները տագնապած, վրդովված դուրս են եկել ճանապարհ և այն փակել՝ հույս ունենալով, որ դրանով կկարողանան ուշադրություն հրավիրել իրենց խնդիրների վրա և լուծումներ գտնել։ Սա իրենց ինքնաբերաբար ընդվզումն է՝ հանուն արդարության, հանուն ճշմարտության և հանուն կյանքի»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Սեմյոն քահանա Առաքելյանը՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածում։ Նա նշեց, որ սակրավորների չեն տեսել և տեղյակ չեն, թե ինչ է կատարվում Կիրանցի հատվածում, անցնելիս ճանապարհին տեսել են մտահոգված մարդկանց, որոնք փակել են այն: Քահանան որոշել է կանգ առնել, տեսնել, թե ինչ հոգեվիճակում են մարդիկ, քանի որ արդեն քանի օր մտահոգված են իրենց տների, հողերի և ամենակարևորը՝ իրենց զավակների գոյության համար:
«Այստեղ ապրողները, որոնք 1990-ականներին չեն նահանջել, կարողացել են ամրանալ այս հողի վրա, իրենց տները պահել, իրենց զավակներին կյանք պարգևել իրենց պապական բնօրրանում հիմա տագնապած են, որ իրենց կյանքը կփոխվի դեպի բացասականը` այն պայմաններում, երբ մենք չենք կարողանում նրանց անվտանգության երաշխիքներ տալ»,- նշեց Սեմյոն քահանա Առաքելյանը: