7 անձ ձերբակալվել է ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ Աննա Հակոբյանի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ ՔԿ–ից հայտնում են. «Մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, և հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ»։
ՔԿ-ի փոխանցմամբ` նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից Ոստիկանության բաժին է տարվել 7 անձ, որոնք այնուհետև ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Որոշումներ են կայացվել վերոնշյալ արարքներն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նրանց ձերբակալելու մասին: Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։ Բերման ենթարկվածների փաստաբան Արայիկ Պապիկյանը NEWS.am-ին փոխանցեց, որ երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել։ Ինչ վերաբերվում է առաջադրված մեղադրանքին, Պապիկյանն ասաց, որ վերջին շրջանում ընդդիմադիրներին իշխանությունը իր ամենանախընտրել հոդվածով է ձերբակալում՝ հիշեցնելով ՔՊ–ական պատգամավորի և Սամվել Վարդանյանի միջադեպը։ «Քանի որ այլ տարբերակով չեն կարողանում մարդկանց իրավունքները սահմանափակել՝ ատելության խոսքի հոդվածն են կիրառում»,– նշեց Արայիկ Պապիկյանը։