Մենք օգտագործել ենք զինատեսակների մեծ տեսականի, իհարկե խոսքը չի գնում ամենամեծ տրամաչափի ամենահեռահար միջոցների մասին, դրա անհրաժեշտություն չի եղել, քանի որ կոնֆլիկտի ծավալները լոկալ են: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` շուտով կլրանա հրադադարի 24 ժամը, այն կարող է ունենալ թե ռազմական, թե այլ բաղադրիչներ:
Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձավ Ադրբեջանի ՄԻՊ-ի հայտարարությանը եւ հակադարձեց` ասելով, որ խոշոր տրամաչափի հրետանային միջոց չի կիրառվել, որեւէ խաղաղ բնակիչ կամ տուն չի թիրախավորվել, եւ այս առումով այդ հայտարարությունը կեղծիք է:
Անդրադառնալով վիրավորների վիճակին` Հովհաննիսյանն ասաց, որ որեւէ փոփոխություն չկա, մեկի վիճակը շարունակում է մնալ ծանր: