Այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին փաստաբաններ Հովհաննես Խուդոյանը եւ Արամ Օրբելյանը միջնորդություն էին ներկայացրել քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Փաստաբանները նշում են, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հակասում է ինչպես ներքին միջազգային օրենսդրության նորմերին, այնպես էլ նախկինում ընդունված իրավական ակտերին: Խոսքը «յոթի գործի» մասին է. 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների յոթ մասնակիցների` 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել էր այն հիմքով, որ ենթադրյալ արարքից մեկ տարի անց հայտնված հոդվածը հետադարձ ուժ չունի:
Ավելի վաղ նմանատիպ միջնորդություններ էին ներկայացրել նաեւ մյուս ամբաստանյալների փաստաբանները: