Ալեքսանդր Լուկաշենկոն ընդդիմության համակարգող խորհրդի ստեղծումը համարել է «իշխանության զավթման փորձ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»: Նրա խոսքով՝ իշխանությունը բավականաչափ միջոցներ ունի, որպեսզի «սառեցնի որոշ տաք գլուխներ»:
Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ընդդիմության համակարգող խորհրդի մասնակիցները պահանջում են «ոչ ավելի, ոչ պակաս հանձնել իրենց իշխանությունը»,- հաղորդում է Forbes-ը՝ հղում անելով БелТА-ին: «Մենք դա անվերապահորեն ենք գնահատում, դա իշխանության զավթման փորձ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- շեշտել է նա Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցությունում:
Լուկաշենկոն նախազգուշացրել է իր ընդդիմախոսներին, որ իշխանությունները «համարժեք միջոցներ» կձեռնարկեն՝ համաձայն սահմանադրությանը և օրենքին: «Մենք բավարար չափով ունենք այդ միջոցները, որպեսզի սառեցնենք որոշ տաք գլուխներ»,- վստահեցրել է նա:
Լուկաշենկոն նաև արտահայտվել է համակարգող խորհրդի կազմի մասին՝ նշելով, որ դրա մեջ մտել են նախկին «պրիկառիտնիկներ» [կերակրատաշտին մոտ գտնվողներ]: «Այնտեղ նախկիններ են, վիրավորվածներ, որոնք մի ժամանակ մոտ էին իշխանությանը, և բացահայտ կապը կտրած նացիստներ»,- ասել է Լուկաշենկոն:
Անցած շաբաթ օրը ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի միավորված շտաբի իրավաբան Մաքսիմ Զնակը հայտնել է, որ ընդդիմությունը ձեռնամուխ է լինում երկրում իշխանության փոխանցման համակարգող խորհրդի ձևավորմանը: Այդ խորհրդի մեջ մտնող մարդկանց ցուցակը հրապարակվել է օգոստոսի 17-ին:
Ընդդիմության համակարգող խորհրդի կազմում են իրավապաշտպաններ, գործարարներ, բժիշկներ, ուսուցիչներ և լրագրողներ: Այդ ցուցակում են նաև գրականության Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսեևիչը և նախագահի չգրանցված թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի շտաբի ներկայացուցիչ Մարիա Կոլեսնիկովան: Առաջիկայում խորհուրդը նախատեսում է «քաղաքական մարմին ստեղծել, որը կստանձնի իշխանության խաղաղ փոխանցման գործընթացը»: