f

Անկախ

Զգուշավոր լավատես եմ՝ նախագահական ընտրություններում Բայդեն-Հարիս զույգի հաջողության վերաբերյալ   


2020 թ նոյեմբերի 3-ին ամերիկյան հասարակությունը, այդ թվում՝ ամերիկահայերը, քվեարկելու են Միացյալ Նահանգների հաջորդ նախագահի համար։

Թե ում պետք է ընտրենք նոյեմբերի 3-ին որպես նախագահ և փոխնախագահ, խիստ վիճահարույց թեմա է: Գոյություն ունեն ուժեղ և բուռն զգացմունքներ՝ կողմ կամ դեմ Բայդենին և Թրամփին, որոնք հաճախ արտահայտվում են կոպիտ ու վիրավորական խոսքերով:

Հաշվի առնելով նախագահ Թրամփի թուրքամետությունը, գոյություն չունեցող դիրքորոշումը հայկական հարցերում և նրա անկայուն պահվածքը, ես որոշել եմ քվեարկել Բայդեն-Հարիս թեկնածուական զույգի օգտին։ Այդպես վարվելու դրդապատճառը ոչ միայն նրանց թեկնածությունների արժանիքներն են, այլ առավելապես Թրամփ-Փենս զույգի անհաջողությունները։ Հետևաբար, հօգուտ Բայդեն-Հարիս զույգին քվեարկելը, անշուշտ, քվեարկություն է ընդդեմ Թրամփի և Փենսի: Չորս տարի առաջ ես չէի քվեարկել ոչ Թրամփի, ոչ էլ Հիլարի Քլինթոնի օգտին՝ հաշվի առնելով իմ լիակատար հիասթափությունը երկու թեկնածուներից: Այնուամենայնիվ, այս անգամ չեմ կարող չեզոք մնալ, քանի որ Թրամփի կառավարման ևս չորս տարիները կլինեն Միացյալ Նահանգների ժողովրդավարության և աշխարհի հետ ամերիկյան հարաբերությունների կործանումը։ Միացյալ Նահանգները չի կարող շարունակել պատանդ պահվել ԱՄՆ-ի ծայրահեղ աջակողմյան փոքրամասնության կողմից, ում վրա հիմնվում է Թրամփը: 2016 թվականին ընտրիչների կոլեգիան փրկեց Թրամփին՝ չնայած նա 3 միլիոն ձայն պակաս էր հավաքել, քան Հիլարի Քլինթոնը։

Ինչ վերաբերում է հայկական հարցերին, ապա հաշվի առնելով հայ համայնքի հիասթափությունը ԱՄՆ նախկին նախագահների նախընտրական շռայլ խոստումներից, որոնք անտեսվել են նրանց ընտրվելուց հետո, ես լավատես չեմ, որ այն ինչ խոստացել է Բայդեն-Հարիս զույգը, կիրագործվի նրանց ընտրվելու դեպքում։ Այնուամենայնիվ, մենք բազմիցս ականատես ենք եղել Թրամփի սիրալիր հարաբերությանը Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որը մոտ ժամանակներս չի ավարտվի:

Սակայն թուրք ղեկավարները բավականաչափ խելացի են՝ ընտրություններից հետո Բայդեն- Հարիսին իրենց կողմը թեքելու համար, ինչպես դա արել են Թրամփի և նախորդ շատ այլ նախագահների դեպքում: Սա կլինի վճռական ճակատամարտ թուրք և հայ լոբբիստների միջև, որը ցավալիորեն բազմիցս Թուրքիան է շահել:

Նախագահի թեկնածու Ջո Բայդենը և փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսը հստակորեն արտահայտել են իրենց աջակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

2019 թ սեպտեմբերի 16-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին ուղղված իր նամակում նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարեց «Միացյալ Նահանգները պետք է մեկընդմիշտ հաստատի մեր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք ազգի ոչնչացմանն ուղղված այս սարսափելի և համակարգված գործողությունների մասին, որոնք 15 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան և իրենց տներից 2 միլիոն հայերի զանգվածային տեղահանման պատճառ են դարձել: Եթե մենք լիովին չգիտակցենք, չոգեկոչենք զոհերի հիշատակը և մեր երեխաներին չպատմենք ցեղասպանության մասին, «Այլևս երբեք» արտահայտությունը կկորցնի իր իմաստը: Փաստերը պետք է լինեն նույնքան պարզ և համոզիչ ապագա սերունդների համար, ինչպես նրանց համար, որոնց հիշողությունը բթացել է ողբերգությունից:  Ցեղասպանության փաստը չհիշելը կամ չճանաչելը միայն ճանապարհ է հարթում ապագա զանգվածային վայրագությունների համար»։

Թեև սա շատ սատարող հայտարարություն է, սակայն Բայդենը իր տեքստից դուրս էր թողել Հայոց ցեղասպանության ոճրագործի՝ Օսմանյան կայսրության կամ Թուրքիայի անունը։

Որպես սենատոր՝ Բայդենը վաղուց է սատարում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ տարբեր բանաձևերի, սակայն երբ նա փոխնախագահ էր, նախագահ Բարաք Օբաման խափանեց Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բոլոր ջանքերը՝ խախտելով իր բազմակի քարոզչական խոստումները: Դրա փոխարեն, Հայոց ցեղասպանությունը նկարագրելու համար Օբաման բազմիցս օգտագործել է «Մեծ Եղեռն» եզրույթը, որը պատճենվել է նախագահ Թրամփի կողմից վերջին չորս տարիներին։ Զավեշտալի է, որ երկու նախագահները տարակարծիք են գրեթե բոլոր հարցերի շուրջ՝ բացառությամբ Հայոց ցեղասպանություն եզրույթից խուսափելու իրենց համաձայնության:

Որպես ԱՄՆ սենատոր՝ փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսը 2019 թ սեպտեմբերի 16-ին նամակ է հղել Ամերիկայի հայկական համագումարին՝ իր աջակցությունը հայտնելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Հարիսը գրել է. «Ես հպարտ եմ, որ համահեղինակ եմ Սենատի թիվ 150 բանաձևի, որն ապահովում է, որ ամերիկյան արտաքին քաղաքականությունը պատշաճ կերպով արտացոլի և ընդունի Հայոց ցեղասպանության սարսափները: Երբ խոսք է գնում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին, մենք երբեք չենք կարող լռել մենք միշտ պետք է խոսենք անցյալի տհաճ ճշմարտությունների մասին, որպեսզի չկրկնենք այն»:

Հաշվի առնելով անցյալ տարի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունումը՝ հայկական հարցերն այլևս չեն սահմանափակվում Հայոց ցեղասպանության վերահաստատմամբ: Կան նաև մի շարք այլ կարևոր խնդիրներ, ինչպիսիք են`ավելի մեծ քանակությամբ արտաքին օգնության տրամադրումը Հայաստանին ու Արցախին, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների բարելավումը, Արցախի Հանրապետության անկախության սատարումը, և Թուրքիայի վրա ճնշում գործադրելը` Հայաստանի շրջափակումը վերացնելու համար: Սրանք հիմնախնդիրներից մի քանիսն են, որոնց վերաբերյալ ամերիկահայերը պետք է պահանջեն Բայդեն-Հարիս զույգից, որ ամուր դիրքորոշում որդեգրեն՝ նախքան նրանց սատարելը նախագահի և փոխնախագահի համար։

 «Թուրքական ժառանգություն» կազմակերպության նախագահ Ալի Չինարը 2020 թ. օգոստոսի 12-ին գրել է թուրքական «Դեյլի Սաբահ» թերթում՝ նկարագրելով Բայդենի բացասական տեսակետները Թուրքիայի վերաբերյալ.

« – Նա դեմ է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում միջուկային զենք պահելուն:

– Նա դեմ է Թուրքիայի ռազմական գործողություններին Սիրիայում և հայտարարել է, որ ԱՄՆ-ը դավաճանել է YPG/PKK-ին [«Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ»/«Քրդական բանվորական կուսակցություն»]։

– Նա հայտարարություններ է արել Թուրքիայում մամուլի ազատության և մարդու իրավունքների մասին մտահոգությունների վերաբերյալ:

– Նա շեշտում է, որ Թուրքիան պետք է մեկուսացվի արևելյան Միջերկրական ծովում իր դաշնակիցների հետ համագործակցությունից:

– Նա պաշտպանում է Թուրքիայի կողմից ռուսական S-400 հրթիռների դուրսբերումը, հակառակ դեպքում պատժամիջոցներ է պահանջում:

– Նա ոչ մի հայտարարություն չի արել «Գյուլենի ահաբեկչական խմբավորման» (FETÖ) մասին կամ դրա անդամներին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ, իսկ նրա փոխնախագահության շրջանում ոչինչ չի արվել այս հարցի ուղղությամբ:

– Նա քննադատել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը:

– Նա ասել է, որ կճանաչի այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը»:

Այս պահից մինչև 2020-ի նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածը, հետագա հոդվածներում շատ ավելին կա ասելու Բայդենի և Թրամփի ու նրանց դիրքորոշումների մասին հայկական և թուրքական հարցերի վերաբերյալ։

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Հարութ Սասունյան Դոնալդ Թրամփ Ջո Բայդեն ԱՄՆ նախագահական ընտրություններ Աշխարհում

Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Մեր գյուղն էդ այգիներով ա ապրում, կարկուտի պատճառով բերք չի մնացել. Օհանավանի բնակիչ (ֆոտո)
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Մադրիդ
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Ավելին
Ավելին