Արդյո՞ք ՀՀ քաղաքական և ռազմական ղեկավարությունը 2016-ի ապրիլյան պատերազմից առաջ տեղյակ է եղել Ադրբեջանի սպասվող հարձակման մասին։ Պատասխանելով լրագրողի հարցին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ ոչ, տեղյակ չեն եղել։
«Խորապես համոզված եմ, որ բոլոր այն հայտարարությունները, որ մենք իբր թե ունեցել ենք հարձակման մասին ստույգ տեղեկություններ, ուղղակի հնչեցվել են մարդկանց կողմից, ովքեր հնարավորություն չեն ունեցել ամբողջական ծանոթություն ունենալ այդ և դրան նախորդող ժամանակաշրջանի այդ թվում և հետախուզության կողմից տրամադրվող տեղեկոըւթյուններին։ Կամ եթե ունեցել են, ապա նրանք լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում հետախուզական տեղեկություններ,- ասաց Սերժ Սարգսյանը։- Ոչ , մենք չենք իմացել նախօրոք, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն»։
Անդրադառնալով հարցին, թե ինչու չեն իմացել՝ Սարգսյանը նշեց․ «Ցավոք սրտի, աշխարհի նույնիսկ լավագույն հետախուզությունները չեն կարողանում ունենալ ամբողջական տեղեկատվություն։ Այո, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է։ Այստեղ տարակուսելու ոչինչ չկա։ Արդեն ամսի մեկին, օրվա երկրորդ կեսին մենք ունեցել ենք նախնական տեղեկություն, որ ադրբեջանցիների կողմից պատրաստվում է դիվերսիոն գործողություն։ Եվ ենթադրվող հատվածներում համապատասխան աշխատանք կատարվել են»։