Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հաղորդել է նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
«Այսօր առավոտյան Նավալնին Մոսկվա էր վերադառնում Տոմսկից։ Թռիչքի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում։ Ալեքսեյի մոտ թունավորում է հաստատվել: Հիմա մենք շտապօգնության մեքենայով գնում ենք հիվանդանոց», - օգոստոսի 20-ի առավոտյան գրել է Յարմիշը։
Ավելի ուշ նա հավելել է, որ գործիչը, հավանաբար, թունավորվել է թեյի մեջ առկա ինչ-որ բանից:
«Դա միակ բանն է, որ նա առավոտյան խմել է. բժիշկներն ասում են, որ թույնը տաք հեղուկի միջոցով արագ է ներծծվել։ Այժմ Ալեքսեյն անգիտակից վիճակում է»,- ասել է Յարմիշը։
Հաղորդվում է, որ Նավալնիին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։
Тайги.инфо-ի տվյալներով՝ Նավալնին մի քանի օր գտնվել է Սիբիրի շրջաններում: Սկզբում նա եղել է Նովոսիբիրսկում, որտեղ, աղբյուրի տեղեկություններով, կարող էր նյութ հավաքել նոր հետաքննության համար, ինչպես նաև հանդիպել է կամավորների հետ։ Այնուհետև քաղաքական գործիչը մեկնել է Տոմսկ։
Տեսանյութը՝ այստեղ: