Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան կվերադառնա հայրենիք, երբ այնտեղ իրեն անվտանգ կզգա: Այդ մասին նա հայտարարել է այսօր Վիլնյուսում կայացած մամլո ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես սիրում եմ Բելառուսը և կվերադառնամ, երբ այնտեղ ինձ անվտանգ կզգամ»,- պատասխանել է նա լրագրողի հարցին:
Անցած երեքշաբթի Տիխանովսկայայի վստահված անձ Օլգա Կովալկովան, որ Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի անդամ է, վստահեցրել էր, որ նախկին թեկնածուն հայրենիք կվերադառնա մոտ ժամանակներս, քանի որ նրան երկրում «այժմ ոչինչ չի սպառնում»: Սակայն ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ դա ճնշման տակ է արվել:
Տիխանովսկայան հայտարարել է նաև, որ պաշտպանում է խաղաղ ցույցերը և իշխանության հետ երկխոսության հույս ունի: «Մեծ հույս ունեմ, որ ողջամտությունը կհաղթի, ժողովրդի ձայնը կլսվի, իշխանությունները երկխոսություն կսկսեն և տեղի կունենան այն նոր արդար ընտրությունները»,- ասել է նա:
Պատասխանելով ընդդիմության նպատակներին վերաբերող հարցին՝ Տիխանովսկայան հայտարարել է, որ «բռնությունը պետք է դադարեցվի, քաղբանտարկյալները պետք է ազատվեն, իսկ ընտրությունները նորից պետք է անցկացվեն»:
Բացի այդ, նա տեղեկացրել է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն փորձել կապվել իր հետ: