Երեւանի փոխքաղաքապետի թեկնածուն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն է: Այս մասին այսօր՝ օգոփստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նա նշեց, որ սեպտեմբերին սպասվող ավագանու նիստի ժամանակ փոխքաղաքապետի հարցը քննարկվելու է, և մամուլում արդեն շրջանառվել էր թեկնածուի անունը: «Չգիտեմ՝ ինչ մասնագիտական ունակություններ ունի, քաղաքային ոլորտը բավականին բարդ է: Ես զարմանում եմ, որ խմբակցության ներսից մարդ չհատկացրին, որովհետև իրենց խմբակցության ներսում կային մարդիկ, որոնք ակտիվ ավագանու անդամներ էին, հարցազրույցներ էին տալիս, խոսացող ավագանու անդամներ էին և նրանց տարան շատ ավելի ցածր պաշտոնների, հանեցին ավագանուց: Ես պատկերացնում էի, որ փոխքաղաքապետը գոնե ավագանու անդամ կլիներ, որպեսզի ոլորտը երկու տարի վիզուալ պատկերացներ, բայց տեսնենք»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեռ փետրվարին Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել և հեռացել փոխքաղաքապետի պաշտոնից: