f

Անկախ

Հանրաքվեն, նախագահը, վարչապետը և «բորբ» ժողովուրդը


Մեր երկրում հայտնի  որոշումից հետո նոր օրակարգ է մտել՝ հանրաքվեն, որ արդեն ամիսներ շարունակվող կեղծ օրակարգի՝ այսպես կոչված «Սահմանադրական դատարանի ճգնաժամի» հերթական հանգրվանն է, մի խնդիր, որի լուծման համար  ներկայիս իշխանությունը պատրաստ է ոչ միայն ջանքեր, այլև երկրի բյուջեն  և միջազգային հեղինակությունը չխնայել` վերջնահաշվում ի չիք դարձնելով մեր հաղթաթղթերը Արցախի հարցի կարգավորման բանակցություններում: Ինչն էլ հստակ ցույց է տալիս, որ ճգնաժամ իրոք կա, բայց ոչ սահմանադրական դատարանում, այլ  կառավարությունում: Գործադիր իշխանությունը, իրենով անելով իշխանության բոլոր ճյուղերը, վերջին օղակը՝ Սահմանադրական դատարանը յուրացնելու հարցում հանդիպել է իրավական խոչընդոտների, որոնք չի կարողանում հաղթահարել: Նույնիսկ պետական մակարդակով գայթակղիչ կաշառքն արդյունք չտվեց, ուստի չխորշեց գնալ բացահայտ օրինազանցության և հիշել աղքատությունը գլխից չհանած «հպարտ» ժողովրդին:  

Կարելի է ասել, որ մի տարի առաջ ընտրողների 70 տոկոսի կամ ընդհանուր ընտրազանգվածի մեկ երրորդի ձայները ստացած իշխանությունները դեռ ննջում են դափնիների վրա և կարծում են՝ հիմա էլ նույնքան «այո» ձայն կստանան: Բայց ակնհայտ տագնապ կա, որը չի ստացվում ծածկել:  

Հենց միայն այն, որ երկրի նախագահը, որ մոտ երկու տարի լուռումունջ «դակում» էր վարչապետի և խորհրդարանի որոշումները՝ չլսելու և չտեսնելու տալով իրեն ուղղված կոչերն ու կշտամբանքները, հիմա սկսել է խոսել, փորձում է բացատրել ու արդարացնել խորհրդարանի անօրինական որոշումը ստորագրելը իր սուղ լիազորություններով ու հանրաքվեների միջազգային փորձով: Թեպետ  շատ լավ հասկանում է, որ մինչ այս ոչ ոք իրենից ավելին չի ակնկալել, քան իր սուղ լիազորությունները, կամ յուրաքանչյուր տրամաբանություն ունեցող մարդ հարց է տալու, թե ինչու է որպես օրինակ բերում հանրաքվեի անցկացման դարավոր մշակույթ ու հարուստ ավանդույթներ ունեցող Շվեյցարիայի օրինակը, երբ Հայաստանը Շվեյցարիա չէ ոչ միայն անմիջական ժողովրդավարության, այլև ներկայացուցչական ժողովրդավարության և առհասարակ բոլոր առումներով: Եվ ինչո՞ւ է հանկարծ որոշել շեղվել իր նախընտրած մշակութային միջոցառումներից և հենց այս հարցով քննարկումներ կազմակերպել: Որպեսզի բացատրի՝ հանրաքվեն լա՞վ բան է: Իսկ ո՞վ է հակառակն ասել: Որպեսզի համոզի չվախենա՞լ  հանրաքվեից, ինչպես արդեն խորհուրդ է տվել: Բայց ովքե՞ր են վախենում, եթե ոչ նրանք, ովքեր եփել են այս շիլան՝ բնազդով զգալով, որ երբեմն ուրիշի համար փոս փորողն ինքն է ընկնում փոսը: Այլապես վարչապետը դրսի հայերին օգնության չէր կանչի՝ միամտորեն նրանց տրամադրությունները չափելով ֆեյսբուքյան գրառումներով:  

Ակնհայտորեն զգում ու տեսնում են, որ այնուամենայնիվ այստեղ, ինչպես ամենուրեք, մտածող մարդիկ կան և շատ կան, որոնք բազմաթիվ տրամաբանական հարցեր են տալու: Օրինակ.  

• Հանրաքվեի քարոզարշավը դեռ չսկսված՝ ինչո՞ւ են քնարերգության գիրկն ընկել՝ հենց էս գլխից խեղաթյուրելով բուն հանրաքվեի հարցադրումը, ի՞նչ կապ ունի հեղափոխությունը, եթե խնդիրը չափազանց պարզունակ է՝ ազատվել սահմանադրական դատարանի ներկայիս դատավորներից:  

• Իսկ եթե այնուամենայնիվ պնդում են, որ այս հանրաքվեով «այո» ենք ասելու հեղափոխությանը, ապա թող քվեարկեն նրանք, ովքեր օգտվել ու օգտվում են հեղափոխության բարիքներից, այսինքն՝ նրանք, ովքեր հայտնվել են կառավարությունում ու խորհրդարանում, ովքեր մեր հարկերի հաշվին միլիոնանոց աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում ու շրջագայում են աշխարհով մեկ՝ կես լումայի օգուտ էլ չտալով մեր երկրին: Մենք՝ սովորական քաղաքացիներս, ի՞նչ կապ ունենք:

• Ուրիշ երկրներում և մեր երկրի օրենքներով էլ հանրաքվեի են դրվում երկրի համար կարևորագույն նշանակության հարցեր, որոնք կանխորոշում են երկրի հետագա ճակատագիրն ու քաղաքական ուղին, ասենք՝ ինքնորոշում, անկախացում, ինքնիշխանության սահմանափակում և այլն, միթե՞ իշխանություններին ոչ հաճելի դատավորներից ազատվելը մեր երկրի համար կարևորագույն հարց է: Սա, ինչպես տեսնում ենք, կենսական հարց է դարձել իրենց համար, որպեսզի իրենց քմահաճություններին որևէ խոչընդոտ չհանդիպի: Սա իրենց շահն է, որ ճիշտ հակառակ է մեր՝ հասարակ քաղաքացիներիս շահերին, հետևաբար թող իրենք էլ գնան ու քվեարկեն: Մե՞նք ինչ կապ ունենք:

• Բայց ամբողջ հարցն այն է, որ հենց նրանք, ովքեր այրվում են այդ հարցի դրական պատասխանի համար, ովքեր այս հարցն օրակարգ են մտցրել, երկրի ամենաբարձր ատյանում՝ խորհրդարանում, միաձայն ձեռնպահ են մնացել՝ չպաշտպանելով այն: Հարց է ծագում՝ ուրեմն ինչո՞ւ են մեզանից «այո» հայցում:

• Իսկ եթե պատճառաբանում են, որ այդ միջոցին են դիմել օրենքը շրջանցելու, այսինքն՝ Սահմանադրական դատարան չդիմելու համար, ապա ինչո՞ւ են ուզում, որ մենք քվեարկենք մի բանի համար, որը կատարվել է օրենքի խախտումով:

• Ինչո՞ւ, երբ հասարակությանը հուզող այլ հարցերով  հանրաքվե կազմակերպելու քաղաքացիական նախաձեռնություն է ցուցաբերվում (Ստամբուլյան կոնվենցիա, Ամուլսար ևն), սիրելի, հպարտ կամ բորբ ժողովուրդը միանգամից դառնում է անգրագետ Պողոս: Հիմա ո՞ւմ հետ են հույս կապել սույն հանրաքվեի ջատագով իշխանությունները, մի՞թե անգրագետ պողոսների, որոնք չեն էլ պատկերացնում, թե ինչ է սահմանադրական դատարանը: Չէ՞ որ բոլոր իրավագետները՝ թեր և դեմ, համերաշխ են մի հարցում. հանրաքվեն իրոք կարող է ծառայել անմիջական ժողովրդավարության նպատակին և հաջողություն բերել, եթե առաջադրվող հարցին պատասխանելու համար քվեարկողները համապատասխան իրավագիտակցություն ունեն և բավարար իրազեկված են, այլապես այն կարող է վերածվել պոպուլիզմի հարմար գործիքի և ծառայել նեղ իշխանական շահերի:  Մի՞թե կարծում են, որ հերթական անգամ այդ խեղճ պողոսներին կերակրելու են նախկինների  ուրավականներով: Բայց նույնիսկ այդ պողոսներն են հարց տալու, թե ինչու չմշակվեց և հանրաքվեի չդրվեց սահմանադրության փոփոխությունների ամբողջական փաթեթը, որպեսզի «Նիկոլ Փաշինյանը ստիպված չլինի  վրան քաշել Սերժ Սարգսյանի համար կարված սուրպերվաչապետական կոստյումը»: Մի՞թե տարիուկեսը բավարար չէր գոնե այդ խոստումը կատարելու համար, նախկիննե՞րն էին խանգարում, թե՞ սահմանադրականի դատավորները: Հիմա ի՞նչ է, Սահմանադրության յուրաքանչյուր կետի փոփոխության համար  մեր հաշվին 7 մլն դոլա՞ր է ծախսվելու, որով կարելի է հազարումի սոցիալական հարցեր լուծել: Եվ ի՞նչ է ստացվում, Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավոր 1 մլն դոլարի գի՞ն ունի, եթե յոթ դատավորին փոխելու համար 7 մլն ենք ծախսում:    

Այս հարցերի շարքը երկար կարելի է շարունակել: Եվ մարդիկ, պատասխան չստանալով, վերջնականապես հասկանալու են, որ սա իրենց խաղը չէ, իրենց պարզապես որպես գործիք են ուզում օգտագործել, ինչպես մի անգամ արդեն արել են: Հետևաբար ճիշտը պարզապես այդ հանրաքվեին չմասնակցելն է, որը հավասար է «ոչ»-ի, բայց միաժամանակ հնարավորություն է տալիս, որ անօրինական արկածախնդրության մասնակից չդառնաս:  

Վերջապես, այս հանրաքվեն հիանալի միջոց է որոշելու համար, թե մտածողներն ու չմտածողները մեր հասարակությունում ինչ հարաբեկացություն են կազմում:  

Իսկ եթե այս իշխանությունը ճարահատյալ դիմի հին ավանդական միջոցներին՝ վարչական լծակների օգտագործմանն ու խախտումներին, ապա ավելի ու ավելի է մեծացնելու այն փոսը, որում հայտնվել է արդեն իրավական ճանապարհով գնացողներին հակապետական ու «շնաբարո վնգստացող դուրսպրծուկներ» հայտարարելով:  Սրանից հետո ինչքան ուզում է չափածո ու արձակ ուղերձներ հղի, ինչքան ուզում է սելֆիներ ու լայվեր անի, ասվածն արդեն մեխվել է ոչ միայն մեր գիտակցության մեջ, այլև միջազգային համապատասխան շրջանակներում, ուր նա շուտով հայտնվելու է աղքատ ազգականի կարգավիճակում:  Ուստի մեր խնդիրն է հիմա հասկացնել բոլորին, որ չի կարելի երկիրն ու իշխանությունները նույնացնել, չի կարելի թողնել, որ պատահական իշխանության եկածների՝ իրական դուրսպրծուկների պատճառով տուժի մի ամբոջ երկիր ու ժողովուրդ:  

Մի նկատառում էլ այս խաղի գլխավոր դերակատարի՝ համալսարանի բանասիրական բաժնում սովորած և ուշացած պոետ դարձած վարչապետի վերջին փայլատակման առնչությամբ: Հասկանալի է, որ հանուն ոտանավորի հանգի «հպարտ» ժողովուրդը դարձել է «բորբ» ժողովուրդ: Բայց հիշեցնենք, որ «բորբ» նշանակում է ոչ միայն տաք կամ ջերմ, այլև զայրացած կամ բորբոքված, այդ արմատից են բորբոքում կամ բորբոքվել բառերը: Հետևաբար թող ինքն էլ կռահի, թե բորբոքված ժողովուրդն ինչքան անկանխատեսելի կարող է դառնալ:  

Անահիտ Հարությունյան

 

 

Կարծիք հանրաքվե Հասարակություն

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին