Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչները Կամավորության դիմաց բողոքի ակցիա են անում: Նրանք դժգոհում են մարզպետի որոշման դեմ, որով վերականգնվել է նախկին գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի իրավունքները, և նա շարունակում է իր աշխատանքը:
«Երկու տարի առաջ՝ հեղափոխությունից հետո, ակցիա արեցինք, և նախկին գյուղապետն իր դիմումի համաձայն հրաժարական տվեց ու հեռացավ, և ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Ռամիկ Մկրտչյանը, որից հետո նախկին գյուղապետը դիմեց դատարան իր դիմումը վերականգնելու համար: Առաջին ատյանի դատարանը մերժեց, նա դիմեց Վերաքննիչ դատարան։ Վերաքննիչը մասնակի բավարարեց հայցը՝ պաշտոնակատար նշանակելու մասով: Եվ հիմա ունենք գյուղապետ, որ «ապտեկայի» շենքը վերցրել է, սարքել է գյուղապետարան ու տալիս է թղթեր ու «պեչատում» է: Ոչ մեկս չգիտենք՝ այդ լիազորություններն ով է տվել»,- նշեց Եղեգնուտի բնակիչը:
Նա նշում է, որ Ռազմիկ Մարգարյանը շուրջ 34 տարի ղեկավարում է գյուղը: Նրա խոսքով՝ գյուղապետի պաշտոնավարման հետ կապված բավական շատ դժգոհություններ կան համայնքում, դիմել են իրավապահ մարմիններին և պատասխան չեն ստացել, նրանց համոզմամբ՝ այս խնդրի լուծումը կարող է տալ միայն վարչապետը: