ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի գրառմանը։
«Պարոն Ծառուկյանը առաջարկում է սահմանադրությամբ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան բարձրագույն պաշտոններ զբաղեցնել։
Լիովին համաձայն եմ։ Կարծում եմ պետք է ֆիքսել նաեւ մտավոր եւ ինտելեկտուալ լուրջ խնդիրներ ունեցող անձանց պարագան։ Իսկապես արժի»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Ծառուկյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:
Դրանից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»: