f

Անկախ

Սիրենք գիրքը, փայփայենք մեր մայրենին...


Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը, իսկ 21-ին՝ Մայրենի լեզվի միջազգային օրը: Հենց այս երկու թեմաների շրջանակներում էլ զրուցել ենք բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի պատվավոր պրոֆեսոր, «Տաթև» դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանի հետ:  

-Տիկին Պետրոսյան, Գիրք նվիրելու օրը նախ և առաջ առիթ է խորհելու գրքի խորհրդի շուրջ: Բայց Ձեր դեպքում՝ որպես դպրոցի տնօրենի, ավելանում է աշակերտին գրքին կապելու շատ կարևոր հանգամանքը:  

-Գիրքը տարողունակ իրողություն է: Այն թե´ զրույց է մտերիմի հետ, թե´ ներանձնացում: Գիրք կարդալը նման է ծովը մտնելուն. գլուխդ պտտվում է անսահմանությունից, քո մեջ շոշափում ես հավերժության ներկայությունը և հանձնվում նրա տարերքին։ Գիրքը շատ բան կարող է տալ ընթերցողին, նայած, թե ով ինչ է ուզում քաղել նրանից: Գրքեր էլ կան, որ կարելի է կարդալ բոլոր տարիքներում և ըստ տվյալ պահի հոգեվիճակի՝ տարբեր կերպ ընկալել: Դրա վառ օրինակն է Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: Տարբեր տարիների անդրադարձել եմ «Փոքրիկ իշխան»-ին և ամեն անգամ յուրովի ընկալել հեղինակի իմաստախոսությունները:  

Ցավոք, մեր օրերում շատ դժվար է երեխային կապել գրքին, և այդ առումով դպրոցը բավականին մեծ աշխատանք է կատարում, որովհետև անհավասար գոտեմարտի մեջ է հեռուստատեսության, համակարգչային խաղերի և այլ նման երևույթների հետ: Երեխաները, բնականաբար, նախընտրում են հեշտ մատուցվողը: Դրա համար ամեն ինչ անում ենք ընթերցանությունը խթանելու, երեխային գրքին կապելու համար: Մեր ամենօրյա հորդորն է, որ աշակերտները շատ կարդան, որովհետև գիրքը լուսավորում է հոգին և մարդու մեջ արթնացնում նրա լավագույն ձգտումները: Տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպում ենք ընթերցանության մրցույթներ, ընտրում ենք առանձին դասարանի, ինչպես նաև միջդասարանական կտրվածքով լավագույն ընթերցասերներին և պարգևատրում՝ բնականաբար գիրք-մրցանակով: Դասասենյակներում առանձնացված է լավագույն ընթերցողի անկյուն, կան դասարանական գրադարաններ: Երեխաներն արկղիկների մեջ են գցում իրենց ընթերցած ստեղծագործությունների վերնագրերը, մրցում՝ ով ավելի շատ, և հետագայում նաև փոխանակվում գրքերով: Այսինքն՝ անում ենք ամեն հնարավորը, որ պահենք երեխայի ու գրքի կապը: Դրանից ելնելով էլ՝ շատ հետևողական ենք ամառային արձակուրդի ընթացքում ընթերցանության նկատմամբ: Պարտադիր ընթերցանության ցանկի հիման վրա ձևավորվում են երեխաների ուսումնական տարվա առաջին գնահատականները, որին հաջորդում են մրցույթներն ու պարգևատրումները:

Գիրք նվիրելու օրը

-Ժամանակակից տեխնոլոգիաների այս դարում, իրոք, շատ դժվար է աշակերտների մեջ սեր արթնացնել գրքի նկատմամբ: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում էլեկտրոնային գրքերի գոյությանը:

-Իհարկե, դժվար է, բայց իրագործելի: Դժվար է երբեմն այն պատճառով, որ այդ բարդ գործում դպրոցը մնում է մենակ. ծնողները բազմիցս խոստովանում են, որ տանը չեն կարողանում երեխային կտրել համակարգչից, բջջային հեռախոսից: Մենք դպրոցում ամենատարբեր մեթոդներ ենք կիրառում՝ համոզել, հասկացնել, ինչ-որ առումով նաև պարտադրել: Բայց սա իրապես շատ բարդ գործընթաց է: Երբ հետադարձ հայացք եմ ձգում իմ աշակերտական տարիներին, համեմատության եզրեր անգամ չկան: Մենք ունեինք տեղեկատվություն ստանալու մեկ աղբյուր՝ գիրքը, հիմնականում՝  հանրագիտարանը: Իսկ այժմ անգամ հանրագիտարանները գրեթե անգործության են մատնվել, որովհետև ցանկացած տեղեկատվություն հաշված րոպեների ընթացքում հնարավոր է գտնել համացանցում: Իհարկե, այդ տեղեկատվությունը կարող է լինել հավաստի կամ ոչ հավաստի: Իսկ ինչ վերաբերում է էլեկտրոնային գրքերին, ինքս փորձել եմ, բայց մեկ գրքից ավելի չեմ կարողացել կարդալ: Ես գիրքը պետք է թերթեմ, շոշափեմ, զգամ, ընկերանամ նրա հետ, յուրովի դարձնեմ իմ օրվա մի մասնիկը: Ուստի, քաջ գիտակցելով, որ էլեկտրոնային գիրքը ժամանակի հրամայականն է, ինձ համար միանշանակ ընդունելի է գրքի թղթային տարբերակը:  

-«Տաթև» դպրոցն ի՞նչ հետաքրքիր ու ոգևորիչ միջոցառումներ է կազմակերպում փետրվարի 19-ին:  

-Այդ օրը մեզ մոտ տոն է, որը նշանավորվում է համադպրոցական մեծ միջոցառմամբ: Նախորդող օրերին մենք երեխաներին սովորեցնում ենք գիրք նվիրելու ճիշտ մշակույթը, հորդորում ենք կատարել գրագետ ընտրություն՝ նվիրելով տարիքին համապատասխան գրքեր: Այսպես մենք  նրանց մեջ մշակում ենք ընդհանրապես նվեր ընտրելու մշակույթը՝ անկախ գիրք հասկացությունից: Բարձր դասարաններում գրքերը նվիրվում են նաև ըստ նախօրոք կատարված ներդասարանական վիճակահանության, ինչը երեխաների մոտ հավելյալ հետաքրքվածություն է ավելացնում նախաձեռնության նկատմամբ: Օրվա խորհուրդն իր լրումին է հասնում դպրոցի դահլիճում՝ ի խոնարհումն Թումանյանի կազմակերպված միջոցառման ընթացքում: Տարբեր դասարաններից մեկ բեմի վրա հավաքված երեխաներն անդրադառնում են գրքի  նշանակությանը՝ այն պարտադիր կապելով Թումանյանի մեծ վաստակի հետ: Նրանք ներկայացնում են Թումանյանի՝ գրքին նվիրված բանաստեղծությունները, գրքի խորհրդի հետ կապված ասույթներ մյուս մեծերից և այլն: Աշակերտները սրտի թրթիռով են սպասում նաև միջոցառման ավարտին հաջորդող միջդասարանական գրքերի փոխանակությանը:  

Այս ամենն, իհարկե, իրականություն չէր դառնա առանց մեր ուսուցիչների՝ գրքի հանդեպ ունեցած սիրո ու կապվածության: Նրանք այս օրվա շրջանակներում հանդես են գալիս գրքի նվիրատվությամբ, իսկ արդեն աշխատանքային օրվա ավարտին փետրվարի 19-ը վերածում իսկական պոեզիայի երեկոյի՝ ասմունքի ու երգի հիանալի զուգորդումներով: Ուսուցիչներն իրենք էլ են միմյանց գրքեր նվիրում: Այս ամենի ամբողջացումն է, որ օրվա ավարտին բոլորիս մոտ ստեղծում է գրքի իրական տոնի զգացողություն:

-Տիկին Պետրոսյան, իսկ Դուք ի՞նչ գրքեր եք սիրում նվեր ստանալ:    

-Իմ հետաքրքրությունների շրջանակը բավական լայն է: Սիրով կարդում եմ հայ և համաշխարհային գրականության դասականներին: Հետևաբար հենց նրանց գրքերն էլ նախընտրում եմ նվեր ստանալ: Առաջին անգամ լավ գիրք կարդալիս նույն զգացումն ես ունենում, ինչ նոր ընկեր ձեռք բերելիս։ Անվիճելի է, որ ցանկացած լավ գիրք մարդու տարիքի մեծացմանը զուգընթաց ավելի է դուր գալիս։ Այժմ գերադասում եմ հուշագրությունը, ուր երևելիների կյանքի դասերն են ամփոփված: Ինքս էլ սիրում եմ գրքեր նվիրել, հատկապես՝ փոքրիկներին: Նրանց համար ընտրում եմ հանրագիտարանային նշանակության որոշակի գրաքննություն անցած գրքեր:  

-Որքանո՞վ եք արժևորում Գիրք նվիրելու օրվա գոյությունը:

-Ուրախ եմ, որ ունեցանք Գիրք նվիրելու օր: Երեխաները մեծ սիրով են մասնակցում թե´ օրվան նախորդող, թե´ հենց փետրվարի 19-ին տեղի ունեցող՝ արդեն իսկ ավանդույթ դարձած բոլոր միջոցառումներին: Օրն ինձ համար առավել է արժևորվում, քանի որ կապված է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան հետ: Նա բացառիկ մեծ սեր է ունեցել գրքի նկատմամբ: Դպրոցում պարտադիր են աշակերտների այցելությունները Թումանյանի երևանյան թանգարան: Երեխաներն այս այցելությունների ժամանակ պատկերավոր տեսնում են, թե որքան շատ գրքեր է գնել Թումանյանը: Նա, հավանաբար, մեր իրականության ամենաշատ գրքեր ունեցող հեղինակներից է: Բանաստեղծի գրադարանում մոտ 8100 գիրք է եղել:  

-Արդյոք փետրվարի 19-ը՝ որպես Գիրք նվիրելու օր առանձնացնելն ունեցե՞լ է իր դրական ազդեցությունը:  

-Միանշանակ ունեցել է: Մենք հիմա դժգոհում ենք, որ նոր սերունդը չի կարդում, բայց աշակերտների և ուսանողների մեջ կան այնպիսիք, ովքեր կարդում են և շատ են կարդում: Նաև հետաքրքիր գրական ճաշակ ու նախասիրություններ ունեն։ Չեմ թաքցնում, որ նոր գիրք ընտրելիս երբեմն օգտվում եմ նրանց հուշումներից: Օրվա առանձնացումը կարևորում եմ նրանով, որ մարդիկ նախապատրաստվում են դրան: Փետրվարի 19-ից օրեր առաջ գնում են գրախանութներ, ընտրում որևէ գիրք և այդ ընթացքում ծանոթանում այլ գրքերի: Գիրքը մարդու ընկերն է, իսկ ընկերներին պետք է կարողանալ ընտրել։ Դրական է նաև այն, որ այս պարագայում երեխաներն են ծնողներին ուղղորդում գրախանութ գիրք ընտրելու իրենց ընկերների համար: Բնականաբար, երեխային այդ ընթացքում կարող են հետաքրքրել այլ գրքեր՝ իրենց վերնագրով, գուցե նաև՝ կազմով: Ու այդպես սերտանում է գիրք-ընթերցող կապը:  

-Փետրվարի 19-ից ընդամենը երկու օր անց մենք նույն սիրով ու ոգևորությամբ նշում ենք նաև Մայրենի լեզվի միջազգային օրը: Այդ օրը որքանո՞վ եք կարևորում աշակերտի կյանքում:

-Մայրենիի օրվան մենք անդրադարձել ենք դեռևս դպրոցի հիմնադրման տարվանից՝ 2006 թվականից, քանզի ըստ դպրոցի՝ «Ազգ, հայրենիք, գիտելիք» կարգախոսի՝ մեր նպատակն է կրթել, աճեցնել սերունդ, որը կշտկի ու կվերականգնի հայոց դիմապատկերի աղավաղված դիմագծերը: «Տաթև» դպրոցի հենքը հայեցի կրթությունն ու ավանդական բարքերն են. հայացք համաշխարհայինին հայկական տեսակետից և հայկական աչքերով: Փետրվարի 21-ին ևս համադպրոցական տոն ենք կազմակերպում, որին նախորդում են դասղեկի ժամերն ու զրույցները մայրենիի կարևորության շուրջ՝ օրվա խորհրդին առավել մանրամասն ծանոթացնելու համար: Մայրենիի օրը նշանավորում է ասմունքի մրցույթը: Աշակերտները դահլիճում հետաքրքիր թեմատիկ շարքեր են ներկայացնում՝ նվիրված մեր ազգին, հայրենիքին, «բարձր լեռներից ու խորունկ ձորերից ծնված» ոսկեղենիկ մեր հայոց լեզվին: Այդ օրն ունենում ենք նաև բեմական միջոցառումներ՝ կարևորելով գրագետ հայերենի մատուցումը սերնդին:  

-Ի՞նչ ճանապարհներով պիտի մայրենի լեզուն իր արժանի տեղը գտնի մեր երեխաների կյանքում:  

-Մայրենիի հանդեպ մեր հոգատարությունը պիտի է սկսվի դեռ նախակրթարանից, շարունակվի դպրոցում և բուհում: Պետք է կարողանանք դաստիարակել գրագետ սերունդ, որովհետև ուսյալ մարդն է կարևորում մայրենի լեզվի պահպանումը: Այսօր, բարեբախտաբար, կա մտավորականության մի մաս, որ բավական ակտիվ պայքարում է օտարալեզու իրողությունների դեմ՝ այդպիսով օգնելով կրթական հաստատություններին: Բայց, ընդհանրապես, մայրենիի առաջին պահապանը մեզնից յուրաքանչյուրը պիտի լինի՝ անկախ մասնագիտությունից, սոցիալական դիրքից: Շատ լեզու իմանալն, իհարկե, անհրաժեշտ է, բայց շիրազյան պատգամի համաձայն՝ մայրենին անաղարտ պահելով վեհացնում ես ազգդ, չէ՞ որ լեզուն է ազգային գոյության և ինքնության բանալին:  

-Տիկին Պետրոսյան, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին:  

-Ցանկանում եմ, որ բոլորս շատ սիրենք մեր մայրենին, փորձենք հղկել, բյուրեղացնել: Որպես կրթօջախ՝ ամեն ինչ անում ենք, որ ճիշտ դաստիարակենք մեր վաղվա քաղաքացիներին: Այդ առումով կարևորում եմ գրքի դերն ու նշանակությունը, և ցանկանում, որ յուրաքանչյուր մարդ իրապես հավատա, որ «գրքերի աշխարհը տիեզերք է անեզր», և հաճախ այն, ինչ չի գտնի կյանքում, կգտնի մտքի նավերում՝ գրքերում։ Մաղթանքս է, որ եղիցի խաղաղություն, և այդ խաղաղության մեջ բոլոր կրթօջախները հնարավորություն ունենան իրագործելու իրենց նվիրական առաքելությունը: Ու թող մեր «Տաթև» դպրոցն էլ իր անվանը հարիր աշակերտներին տա գիտելիքի ու գրագիտության թևեր, որ նրանց ճախրանքը վեհաշուք լինի:  

           Արփի Խաչատրյան

 

 

Գիրք նվիրելու օր Օֆելյա Պետրոսյան հարցազրույց

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին