f

Անկախ

Պարտավոր ենք երգել, ինչ էլ որ լինի... Նարինե Գրիգորյան


ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր և դերասանուհի Նարինե Գրիգորյանին հանրությունը ճանաչում է թե՛ բեմից, թե՛  էկրանից:

2018 թվականին  Նարինե Գրիգորյանը նշանակվեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ դառնալով թատերական նորարարությունների նախաձեռնող ու իրականացնող: Համազգային թատրոնն այս շրջանում դարձավ Հայաստանի առաջատար թատրոններից մեկը՝ միջազգային թատերական փառատոններից բերելով գլխավոր մրցանակներ ու մասնագիտական բարձր գնահատականներ: Նարինե Գրիգորյանի թե՛ խաղը, թե բեմադրություններն աչքի են ընկնում թեթևությամբ, բազմաշերտությամբ, խորությամբ, պլաստիկայով և գեղարվեստական այլ արժանիքներով: Հենց նրա նախաձեռնությամբ Համազգային թատրոնն սկսեց հայ և օտարազգի հեղինակների պիեսների «ընթերցանություն-բեմադրություն» ձևաչափը՝ տոմսերով և հանդիսականով:

Դեռ համավարակիի առաջին օրերին Նարինե Գրիգորյանը պարբերաբար ներկայացավ  հետաքրքիր նախագծերով, մտահղացումներով:

«Անկախ»-ի  զրուցակիցն է ՀՀ վաստակավոր արտիստ դերասանուհի, ռեժիսոր,  Համազգային  թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը:

 

Համավարակը թելադրեց իր օրենքները,  և  բացօթյա  ներկայացումը լավագույն տարբերակը դարձավ հանդիսատեսի հետ անմիջական կապի: Բացօթյա թատրոնին  ինչպե՞ս  եք  վերաբերվում։   Այս կերպ կապը հանդիսատեսի  հետ  պահպանվու՞մ է:

 –Համավարակը ստիպեց մեզ այլ կերպ մտածել, ազատագրվել թատրոնի շենքում տեղի ունեցող ներկայացումներից։ Մենք շարունակ ասում ենք, որ թատրոնը ամեն տեղ կարող է լինել. և՛  սրճարանում, և՛  բաց տարածքներում, և՛ աստիճաններին, և՛  պատուհաններին։ Բայց մի կողմից էլ վախ կար, որ գուցե հանդիսատեսը  չգա։  Սակայն համավարակը ստիպեց ավելի ընդլայնել մեր  մտահորիզոնը,   թատրոնի հանդեպ մեր հասկացողությունը։ Ես շատ եմ կարևորում բացօթյա թատրոնը, այն շատ հետաքրքիր եմ համարում։ Նախ ասեմ, որ առաջինը ես եմ խաղացել բացօթյա ներկայացման մեջ։ Օգոստոսի մեկին «Արմմոնո»  փառատոնի բացումը արեցինք  Հրանտ Մաթևոսյանի  «Գոմեշը» ստեղծագործությամբ։  Որքան էլ տանը մտածում էի այդ ներկայացման շուրջ՝  բեմական էի մտածում։ Իսկ երբ արդեն փորձերին գնում էինք բացօթյա տարածքում, ամեն ինչ այլ կերպ էր. ծառի ճյուղերը ասես գոմեշի պոզ լինեին, հողը, որը ոտքերիդ տակ  թրջվում էր, ջուրը, որը կարելի էր թափել, և որը հետո ցեխ էր  դառնում, քամին, որը խաղում էր քեզ հետ, ընթացքում քեզ մոտեցող թիթեռը՝ այդ ամենը ուղղակի հիասքանչ էր։

Եվ այդ ամենը այնքան հզոր էր։ Այդ ամենը նաև համընկնում էր «Գոմեշի»  հետ, քանի որ բնության մասին էի պատմում, բնության ձոն էր և բնությունն էլ հենց մեր կողքին էր։ Ինձ համար դա առաջին փորձառությունն էր։  Ու  հետո հասկացա, որ բնությունը՝  ինքը,  քանի որ շատ ազնիվ է ու անկեղծ, ինքը քեզ թույլ չի տալիս, որ դու խափես։ Այն մի ամբողջություն է ստեղծում և դու էլ մի տեսակ ուրիշ ես դառնում։ Այդ փորձից հետո հասկացա, որ բոլոր դերասանները պետք է բացօթյա խաղալու փորձառություն ունենան։ Կարծում եմ, որ բնությունը դերասանին շատ մեծ ուժ է տալիս։

Իհարկե, նաև թերություններ կան, իհարկե, անկանխատեսելի է բնությունը, որովհետև կարող է անձրև գալ, քամի սկսվել։ Հենց,  օրինակ,  «Արմմոնո»  փառատոնի բացմանը սկսեց անձրև տեղալ։ Հանդիսատեսին խնդրեցի մի կես ժամ ուշ սկսել ներկայացումը, սակայն նրանք գերադասեցին բացել իրենց  անձրևանոցները և  նման պայմաններում հետևել ներկայացմանը։ Չնայած, երբ սկսեցի՝   անձրևը կտրվեց։  Իսկ ռուսական թատրոնի ներկայացման ժամանակ խաղացել եմ հորդառատ անձրևի տակ։

Բացօթյա թատրոնի դեպքում կարող է խանգարել նաև քամին, որը ձայնը տանում է։ Դրա համար պետք է ճիշտ կազմակերպել տարածքը։ Եթե տեքստային առումով շատ բարդ է ներկայացումը, պետք է միկրոֆոն դնել, կամ էլ երեք կողմից պատ լինի, որպեսզի ձայնը մնա տարածքում։  Իհարկե, այս բոլոր նրբությունները պետք է հաշվի առնել։ Կարծում եմ բացօթյա թատրոնը դա հարստություն է։ Օրինակ,  հիմա Համազգային թատրոնի խաղացանկում հատուկ ստեղծում ենք բացօթյա ներկայացում, որը շատ պարզ կլինի, որը հնարավոր կլինի հեշտ խաղալ  տարբեր տարածքներում։

 

 –Արարատի մարզի  Խաչփառ  գյուղի  «ԱՐՏ-թակարդ» մշակութային կենտրոնում  սեպտեմբերի 18-ին  կայացավ  Ձեր  մոնոներկայացմանը՝ «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է»։ Կարո՞ղ ենք ասել , որ Սոս Սարգսյանի  անվան  Համազգային  թատրոնը պատրաստվում է նաև  շրջագայել  մարզերով:

– Ինձ թվում է, որ այս համավարակը   մեզ նաև ստիպեց ավելի ակտիվ հառել մեր հայացքը դեպի մարզերը, դեպի մեր գյուղերը։  Հիմա շատ հրավերներ ունենք տարբեր մարզերից։  Օրինակ գյուղերի ակումբներում ներկայացում խաղալու  հնարավորություն չկար, բայց արդեն բացօթյա ներկայացման դեպքում կարող ենք հենց գյուղամիջում, գյուղի հրապարակում շատ պարզ ներկայացում խաղալ։ Հիմա նմանատիպ մի ներկայացում  արդեն իսկ ստեղծում ենք.  Ժիրայր  Փափազյանը  բեմադրում է  Էժեն  Լաբիշի  «Համբուրվենք Ֆոլվիլ» ներկայացումը։  Ընդ որում այդ Ֆոլվիլը անընդհատ գրկվում է մարդկանց հետ, որը այս համավարակի շրջանում  նաև զվարճալի է։

Իհարկե, շատ լավ է, երբ բեմադրությունը հենց ստեղծված է լինում բացօթյա տարածքների համար։ Որովհետև ուրիշ բան, երբ դու բեմում խաղացվող ներկայացումը ադապտացնում ես բաց տարածքին, մեկ այլ բան է, երբ ներկայացումը հենց ստեղծված է բացօթյա տարածքի համար։ Եվ երբեմն բնության մեջ ձևավորումը շատ ավելի լավն է լինում, շատ ավելի բնական, քան այն, ինչը մենք ստեղծում ենք բեմի վրա։

Հայացքս ավելի շատ  դեպի արտասահմանյան  փառատոններն էին. մտածում էի, որ ավելի հաճախ կլինենք արտերկրում, սակայն համավարակը թելադրեց իր կանոնները։ Նաև հասկացանք, որ պետք է կրթել  մեր ժողովրդին։ Հիմա մեզ լայն հնարավորություն է ընձեռնվել բացօթյա  ներկայացումներ խաղալ նաև գյուղերում։

 

 –Ռեժիսոր  և  դերասանուհի Նարինե Գրիգորյանին հանրությունը ճանաչում է թե՛ բեմից, թե  էկրանիցՈ՞րն  է  Ձեզ  ավելի  հոգեհարազատհավանաբար  թատրո՞նը:

– Իհարկե,   շատ-շատ եմ սիրում թատրոնը, առավել ևս այս համավարակից հետո, երբ մարդկային շփումը արգելված էր։ Հանկարծ հասկանում ես, որ երևի մարդուն տրված ամենամեծ երջանկությունը՝  դա միմյանց  հետ շփումն  է,  իրար գրկելը, իրար ջերմ խոսքեր ասելը։ Եվ մարդն առանց մարդու չի կարող ապրել։ Եվ հենց այդ ամբողջ  հարստությունը թատրոնն է կրում իր մեջ։ Օրինակ կինոն դա անմիջական շփման արվեստ չէ, իսկ թատրոնը դա կենդանի մարդն է աչքիդ առաջ, կենդանի շփումն է։ Իհարկե, թատրոնը շատ ուժեղ է այդ առումով։ Բայց չեմ կարող  չգնահատել կինոյի հմայքը, որն անսահման մեծ է ինձ համար, անսահման շատ եմ սիրում կինոն։ Եվ Աստված տա, որ հնարավորություն ունենամ կինոյում արտահայտվել այնպես, ինչպես թատրոնում եմ կարողացել։

 

 –Գիտեմոր կզբունքորեն չեք  նկարահանվում հայկական սերիալներումԻնչո՞վ  է   դա  պայմանավորվածԻ՞ նչ  կասեք դրանց  որակի մասին։

– Գիտեք, իրականում սկզբունք չի սերիալում չնկարվելը, պարզապես դրանց որակն է ինձ անհանգստացնում,  դրա համար ես սերիալներում չեմ լինում։ Վերջերս պետք է նկարահանվեի  «Անատոլիական պատմություն»  հեռուստասերիալում, պարզապես այդ շրջանում ես մեկնեցի ԱՄՆ և չստացվեց։ Ուզում եմ ասել,  որ արվեստում ինձ համար չկա երբեք  հասկացողությունը, պարզապես սերիալը պետք է որակ ունենա։

Աշխարհի մակարդակով այնպիսի  հեռուստասերիալներ  կան, օրինակ  Պաոլո Սորրենտինոյի  «Երիտասարդ պապը». նմանատիպ սերիալում  նկարահանվելը պարզապես երազանք է։ Ուղղակի պետք է այդ որակին հասնենք, որպեսզի չափսոսաս այն ժամանակը, որը տրամադրում ես դրան։  Կարծում եմ, շատ դժվար է տասնվեց սերիա նկարահանվել նույն դերում։ Իսկ երբ արդեն երկու հարյուր և ավելի սերիա է, դա նշանակում է կյանքիդ երկու տարին այդ դերի մեջ ապրել։ Ինձ համար դա իսկապես շատ բարդ է։ Ես շատ լուրջ եմ վերաբերվում իմ մասնագիտությանը և պետք է իմանամ, իմ դերը որ կետից որ կետի է գնում, որպեսզի այդ գիծը ճիշտ ստեղծվի, ճիշտ կառուցվի։ Սա մասնագիտություն է, սա փեշակ չի։ Ինձ համար դերասանի մասնագիտությունը գիտություն է, գիտություն մարդու մասին։ Եվ հարկավոր է մարդու հոգու անատոմիան շատ ճիշտ գծել, որպեսզի այն ճիշտ գծով գնա, որպեսզի ինքը գա այն ավարտին, որը տանում է ֆիլմը։ Իսկ եթե դու նկարահանվում ես՝ չիմանալով,  թե վաղը ինչ է լինելու, դա սխալ է։ Սակայն այս տասնվեց  մասանոց ֆիլմերը կարծես սկսել  են լուրջ տպավորություն թողնել։

 

Հասկանալի է, որ հանդիսատեսը շուրջ վեց ամիս զրկված էր թատրոն հաճախելուց և կարոտել էր։  Հարգելի Նարինե, Ձեր կարծիքով արդի  թատրոնն  ինչպիսի՞  առանձնահատկություններ  պիտի  ունենա՝  հասարակության  ուշադրությունը  գրավելու  համարՁեր  կարծիքով   ո՞րն  է  հանդիսատեսին  թատրոն  բերելու  ամենամեծ  գաղտնիքը:

– Ամենակարևոր նախապայմանը ճկուն լինելն է։ Պիտի զգաս ժամանակը, պիտի լինես ժամանակի զարկերակը։ Որովհետև եթե թատրոնը հետաքրքիր չէ ժամանակակից մարդուն, այն պարզապես դառնում է թանգարան։  Մեր թատրոններում կան ներկայացումներ,  որոնք 20- րդ դարասկզբի ներկայացումների նման են, դա ընդհանրապես չի խոսում այսօրվա հանդիսատեսի հետ. թե՛  խաղաոճը, թե՛  խոսելաոճը։ Ուզում եմ ասել, որ պետք է շատ ճկուն լինել,  պետք է զգալ , թե ներկա պահին ինչով է ապրում հանդիսատեսը, ինչն է իրեն անհանգստացնում, ինչին է կարոտել։ Պետք է հասարակության մասնիկը լինել, հասարակության ապրումները զգալ և ճիշտ ժամանակին տալ ճիշտ ներկայացում։ Լինել շատ ազնիվ. դա շատ կարևոր է, լինել շատ հետաքրքիր։ Ազնվությունը միանգամից գրավում է հանդիսատեսին։ Երբ անսահման անկեղծ ես իր հետ, նա չի կարողանում չարձագանքել, չի կարողանում փոխադարձ պատասխան չտալ։

Կարծում եմ, որ հիմա՝  համավարակի շրջանում, պետք է հասկանանք,  թե ինչն  է փոխվել և ամեն ինչ ճիշտ ժամանակին  մատուցել։

 

Ձեր կարծիքով այսօրվա հանդիսատեսին ի՞նչ տեսակ ներկայացումներ են հետաքրքրում: Դասական գործերի մոդեռն  մեկնաբանություններն  այսօր  պահանջվա՞ծ  են:

– Միանշանակ ամեն ինչ, ինչը որ տաղանդավոր է արված՝  հետաքրքիր է հանդիսատեսին։ Եթե դա դասական գործ է, որը մոդեռն ձևով  է մատուցվում, բայց տաղանդավոր է արված, դա միանշանակ կհետաքրքրի հանդիսատեսին։ Եթե այդ թեման իսկապես ազնվորեն, անկեղծորեն հետաքրքրել է ռեժիսորին,  իրեն այդ մասին խոսելու, արտահայտվելու ուժ է տվել, այդ թեման չի կարող հետաքրքիր չլինել։  Ես նույնիսկ նկատել եմ, որ եթե ներկայացում եմ դիտում, որի թեման ինձ ընդհանրապես հետաքրքիր չի եղել,  ես դրանով չեմ անհանգստացել, բայց  բեմից մեկը այդ մասին բաց նյարդով, անհանգիստ պատմում է՝ այն սկսում է ինձ էլ անհանգստացնել։  Դրա համար ես կարծում եմ, որ երբ ստեղծագործողը ազնիվ է ինքն իր հետ,  նա բեմադրում է ոչ թե ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար, այլ  որովհետև ասելիք  ունի։

Այդ ներքին ազնվությունը, անկեղծությունը այնքան ուժեղ է ազդում հանդիսատեսի վրա։ Օրինակ, ես քաղաքականությունը տանել չեմ կարողանում,  ինձ այդ թեման ընդհանրապես չի հետաքրքրում, բայց եթե մեկը վերցնում է «Մակբեթ», բեմադրում այն մոդեռն ձևով և միևնույն ժամանակ  շատ տաղանդավոր, այն կարող է ինձ հետաքրքրել։

 

Համավարակի հետևանքով  փոխվե՞լ  է  դերասանների  մոտեցումըխաղը։  Ի վերջո, փոխվե՞լ   են  մարդկանց պահանջները, հետաքրքրությունները:

– Սա բավականին բարդ հարց է, քանի որ դեռ դուրս չենք եկել դրանից,  չենք օտարացել դրանից, որպեսզի կարողանանք դատողություններ անել։ Օրինակ, տեսեք, արցախյան պատերազմի մասին մենք միայն քսան տարի անց կարողացանք խոսել։ Նույնիսկ Հայրենական պատերազմի ժամանակ էր այդպես. ասում են, որ քսան-քսանհինգ տարի հետո նոր մարդիկ կարողացան պատմել,  ֆիլմեր նկարել և այլն։

Այսպիսի մի բան կա, որ ինչ-որ իրավիճակի մեջ ես լինում, չես կարողանում այդ մասին պատմել, պիտի իրենից դուրս գաս  ու հետո հասկանաս, թե ինչ է տեղի ունեցել։ Դեռ անեն ինչ ենթագիտակցորեն ենք անում։ Ենթագիտակցորեն փոխվել է խաղի մոտեցումը, քանի որ բացօթյա տարածքում ենք խաղում, քսան հոգու համար ենք խաղում։ Երբ թույլատրելի վաթսուն հանդիսական ենք ունենում, ուրախանում ենք, մտածում, որ դահլիճը լեփ-լեցուն է։ Առաջ ներկայացումները խաղում էինք երեք հարյուր հոգու համար։  Եվ  իհարկե,  այդ վաթսուն մարդու արձագանքը շատ ավելի քիչ է, ծիծաղներն են ավելի քիչ, հուզումները, ծափահարությունները... բայց նաև գիտակցում կա, որ մարդիկ քիչ են։

Ասեմ, թե ինչն է փոխվել հանդիսատեսի մեջ. արդեն երևի ութ անգամ խաղացել եմ բացօթյա դահլիճում, և պետք է ասեմ, որ մարդիկ ինտրովերտ են դարձել, այսինքն մի քիչ ներս են գնացել, իրենց էմոցիաները շատ չեն բացում։ Եթե առաջ, օրինակ, հայ հանդիսատեսը միանգամից իր էմոցիաները արտահայտում էր, ցույց էր տալիս իր ներկայությունը, ցույց էր տալիս՝  ներկայացումը  իրեն դուր է գալիս կամ հակառակը։  Հիմա զգում եմ, որ շատ զուսպ են դարձել, շատ չեն արտահայտվում, բայց ավելի են հուզվում։

Հետո ավելի կարոտով են գալիս և ամբողջ ընթացքում կարծես ավելի ներքուստ են դիտում, ներքուստ վերապրում, և գուցե ավելի խորը, քան առաջ, երբ ավելի ակտիվ էին արձագանքում ամեն ինչին, և մենք իսկույն հասկանում էինք, որ ներկայացումը հրաշալի է գնում։

 

 –Դերասանուհի, ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար, ուսուցիչ, մայր, կին…     Ինչպե՞ս եք կարողանում  այս  ամենը  համատեղել:

– Առաջին հերթին ասեմ, որ այդ առումով շնորհակալ եմ ընտանիքիս, առաջին հերթին ամուսնուս՝  Սերգեյին, նաև մեր մայրիկներին,  քույրիկիս։ Նրանք ինձ շատ-շատ են օգնում։ Այդ առումով տան հոգսերը շատ քիչ են, ավելին, Սերգեյը ամեն պահի թիկունք է ինձ համար, նույնիսկ բեմադրություններ անելիս նա իմ կողքին է։ Դա իսկապես շատ մեծ նվեր է ինձ համար։ Լինում է նաև, որ ես եմ ինչ-ինչ բաներից հրաժարվում, քանի որ հասկանում եմ, որ այս պահին իմ ընտանիքն ավելի կարևոր է,  քան եթե օրինակ, այս տարի թատերական ինստիտուտում կուրս վերցնեմ։ Հիմա համարյա չեմ դասախոսում, միայն մեկ դասաժամով մտնում եմ Ռուբեն Բաբայանի ռեժիսորական կուրս, պարզապես շփվելու այս նոր սերնդի հետ։ Բայց կարելի է ասել, որ չեմ դասավանդում, և զուտ այն պատճառով, որ ավելի շատ լինեմ ընտանիքիս կողքին։

Պարզ է, որ ամենաշատ էներգիան տանում է գեղարվեստական ղեկավարի աշխատանքը, բայց այն  նաև ինձ  շատ հնարավորություններ է տվել, որ իրականացնեմ բոլոր երազանքներս, որ դրանք ժամանակին իրականանան։ Չնայած, որ միշտ էլ կարողացել եմ իրականացնել երազանքներս, գաղափարներս, ի շնորհիվ իմ շրջապատի, Աստծո, բայց արդեն  որպես գեղարվեստական ղեկավար կարող եմ իմ յուրաքանչյուր մտահղացում ժամանակին իրականացնել։ Դա, իհարկե, շատ ավելի մեծ պատասխանատվություն է, և ավելի մեծ հնարավորություն՝ ստեղծել այն թատրոնը, որը երազում ես։  Հիմա ինձ նման հնարավորություն է տրված, իսկ թե որքանով կարդարացնեմ, արդեն կյանքը ցույց կտա։

Բայց Համազգային թատրոնի այս մեկուկես տարվա փորձից շատ մեծ բավականություն եմ ստացել։ Դրա համար շնորհակալ եմ մեր ամբողջ ստեղծագործական, տեխնիկական կազմին, համազգայինցիներին։ Նրանց նվիրվածությունը չեք կարող պատկերացնել, թե ինչ մասշտաբի է հասնում։  Այդ նվիրվածության շնորհիվ է, որ շատ-շատ բաներ ենք հասցրել անել. նոր պրեմիերաներ, նոր ձևաչափեր։ Այս ընթացքում ևս մենք շատ ակտիվ ենք եղել օնլայն տիրույթում։

Իսկ եթե մեկ բառով ասեմ, այդ ամենը ստացվում է, քանի որ շատ-շատ եմ սիրում և՛ մասնագիտությունս, և՛  ընտանիքս, և՛  ինստիտուտը, և՛  թատրոնը։ Քանի դեռ վերևից    գալիս է ստեղծագործել ուժ ու եռանդ՝  պետք է դրանից օգտվել։

 

Հարգելի   Նարինե  Գրիգորյան կխնդրեի  անդրադառնալ  նաև   Համազգայինի   ապագա շենքին:

– Մեր շենքը մեր ամենակարևոր, ամենամեծ խնդիրն է։ Մեր ամենամեծ ջանքերը, ամենամեծ գործը գնում է դրա վրա։ Հիմա շենքը արտաքուստ  պատրաստ է և գլխավորը ներսի խնդիրներն են։ Այդ հարցով զրուցել ենք Արա Խզմալյանի հետ,  դիմելու ենք նաև ձեռնարկատերերին։ Մի խոսքով ամեն ինչ անելու ենք, որ թատրոնը լինի։

Ծիծաղելին այն է, որ 2020թ.- ի սկզբին, երբ մամուլի ասուլիս էինք անում, որոշվեց, որ այս տարի շատ ենք շրջագայելու արտերկրում տարբեր փառատոնների ենք մասնակցելու, շեշտը ավելի շատ դրված էր դրա վրա։ Բայց եկավ թագավարակը և ամեն ինչ փոշիացավ։ Դրանից հետո հասկացա, որ ծիծաղելի ենք մենք, երբ ապագայի հետ կապված հստակ պլաններ ենք գծում։

 

Աշխատանքային գործունեության  ո՞ր  փուլում   եք  գտնվում: Ներկայում  ինչո՞վ  է   զբաղված  Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե ԳրիգորյանըԻ՞նչ  ծրագրեր  ունեք  առաջիկայում:

– Այս տարին հայտարարված էր ամերիկյան, ամերիկյան պիեսներ էին ընտրված, սակայն   համավարակով պայմանավորված մեր բոլոր պլանները հօդս ցնդեցին։ Այս ընթացքում վեց նախագիծ ենք իրականացրել, երեքը՝  օնլայն տիրույթում։ Դրանցից մեկը «Առականի» նախագիծն է, դրանից հետո եղավ  Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»  յոթ մասանի ֆիլմը:  Ապա ամերիկացի հայտնի գրող, բանաստեղծ Չարլզ Բուկովսկու  100-ամյակի կապակցությամբ պատրաստեցինք վիդեոֆիլմ «Ես երգելու եմ՝ ինչ էլ լինի»՝ հեղինակի ստեղծագործությունների հիման վրա:  Դա հենց թատրոնի կարգախոսը դարձավ , որ պարտավոր ենք երգել, ինչ էլ որ լինի։  Սրանք օնլայն հարթակի երեք նախագծերն էին։ 

Օգոստոսին կայացած  «Արմմոնո»  փառատոնի շրջանակներում Տաթև  Ղազարյանը բեմադրեց   «Քարանձավի մարդը»  ստենդափը։ Օրերս կայացավ Արմինե Անդրեասյանի  «Փոքր մեղվի մեծ ճամփորդությունը»  մանկական ներկայացումը, որը փայլուն կերպով անցավ։

Հաջորդը  Ժիրայր  Փափազյանի  «Համբուրվենք Ֆոլվիլ» ներկայացման  պրեմիերան է։ Սեպտեմբերի սկզբից սկսել ենք խաղալ  «Հաղթանակի գենեզիս»  ներկայացումը։ Այս ամիս յոթ ներկայացում ենք դրել։

Հոկտեմբերին ունենք պրեմիերա, և ունենք ներկայացումներ, որոնց տոմսերը ժամանակին վաճառվել են, սակայն համավարակի պատճառով չկարողացանք խաղալ. դա  «Փափլիկն»  է, «Ազնավուրը»,  որոնք պետք է խաղանք։ Իսկ փակ տարածքում առաջին պրեմիերան կլինի Վուդի Ալենի  «Ճախրող լամպեր»- ը։

Հիմա կյանքի ամեն մի անակնկալի պետք է պատրաստ լինել։ Նկատի ունեմ, որ եթե նորից արգելեն փակ տարածքներում խաղալ՝  պետք է նորից օնլայն հարթակը ակտիվացնենք։ Արդեն ամեն «ճակատի»  համար՝  օնլայն, բացօթյա,  թե փակ, պետք է պատրաստ լինենք։      Պետք է ամեն կերպ պատրաստ լինենք, և ինչ խոսք, մեր այս թատրոնի նոր շենքը պետք է հասցնենք   նրան, որ գոնե 30- րդ թատերաշրջանն այստեղ սկսենք։

 

Հարցազրույցը՝   Թամարա  Թորոսյանի

 

Նարինե  Գրիգորյան հարցազրույց Սոս Սարգսյանի անվան Համազգային   թատրոն Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև  լարվածությունը սպառնում է Եվրոպային. Պուտին
Գիտնականները՝  լոլիկի հյութի օգտակար հատկությունների մասին
COVID-19- ի ասիմպտոմատիկ ընթացքը  կապված  է իմունային համակարգի  պրոբլեմային  աշխատանքի հետ
Ավետարանոց գյուղում նախօրեին դիվերսիոն խմբի ոչնչացման ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում է. Վահրամ Պողոսյան. News.am
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ
Իրանը հատուկ նշանակության ուժեր և ռազմական տեխնիկա է ուղարկում ԼՂ-ի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման
Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները
Կապի ոլորտի մեր հերոսները. նրանք թշնամու արկերի ու հրթիռների տարափի տակ շարունակում են իրենց ծառայությունը. Վ. Պողոսյան
Մեկնարկել է դատախազների թեկնածությունների 2020-2021թթ. ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը
ԱԱՏՄ-ի նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզպետարանում քննարկվել են խմելու ջրի որակին առնչվող հարցեր
Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված ընկերությունները խոշոր գումարներ չեն փոխանցել պետբյուջե. Տոնոյան
Եկեք ուղղակի ամեն գնով բոլորս միասին փորձենք դուրս գալ էս վիճակից․․․այլ պարագայում ուղղակի կործանված ենք
Դատական նիստերը կիրականացվեն հեռավար. ԲԴԽ որոշումը
Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերը
ՊԲ-ն ոչնչացրել է ադրբեջանական հետախուզա-հարվածային «IAI Harop» ԱԹՍ
Պատմաբան. ահաբեկիչների ծառայություններից օգտվելը կարող է ապակայունացնել իրավիճակը նաեւ պատվիրատուների մոտ
Հունական Սերեի քաղաքային խորհուրդը հաջակցություն հայերի կբարձրացնեի ՀՀ դրոշը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը նոր հրամանատար ունեն
Իրանցի բարձրաստիճան հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան
Վաղինակ Սարգսյանը ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից
Իդլիբում Ռուսաստանի գործողությունները ցույց տվեցին, որ Մոսկվան աջակցում է Հայաստանին. Արմեն Մարուքյան
«Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. ՍԴ-ի որոշումը
Կոսովո, Ղրիմ՝ կարգավիճակի գերադասման միտումներ. Շահան Գանտահարյան
Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան
Հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառում է հրթիռահրետանային միջոցներ. Դավիթ Թորոսյան
Ավելին
Ավելին