f

Անկախ

Ճակատագրի հեգնանքը կամ մոռացեք ՄԱԿ-ի մասին, նա թաքնված է կուլիսներում


Երկու օր առաջ «Որտե՞ղ է ՄԱԿ-ը, ինչո՞ւ է լռում» խորագրով և «Ստոպ ագրեսոր Ադրբեջան»,  «Ստոպ Էրդողան», «Մենք գոյություն ունենք», «Կույր ու լուռ մի՛ եղեք», «Փրկե՛ք մարդկությունը» և այլ պաստառներով քայլերթ տեղի ունեցավ Մատենադարանից դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ: Ցույցի կազմակերպիչների ցասումի պատճառն այն էր, որ Հայաստանում գործող միջազգային կառույցները ստեղծված իրավիճակում ակտիվություն չեն դրսևորում: Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչն  այցելում է Գյանջա և թվիթերի իր էջում լալագին գրառում անում քաղաքացիական անձանց չթիրախավորելու մասին, մինչդեռ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը չի այցելում այն վայրերը,  որոնք հրթիռակոծվում են, չի հավաքում փաստեր, և դա է պատճառներից մեկը, որ անհամաչափ է արձագանքը  միջազգային կառույցների կողմից:

Քայլերթի կազմակերպիչները նամակ էին բերել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, որը ցույցի պահին գրասենյակում չէր: Սպասեցին: Ի վերջո, նա հանդիպեց քայլերթի մասնակիցների պատվիրակության հետ և նրանցից նամակ վերցրեց: Պատվիրակները տեղեկացրել են, որ Շարփը լսել է իրենց բոլոր հարցերը և խոստացել է հնարավորինս շուտ պատասխաններ տալ: Սովորական փափուկ բարձ, թեպետ պատվիրակները խոստանում են հետևողական լինել և ցույցերը շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ չեն ստանա հստակ և գոհացնող պատասխան:

Ամենահետաքրքիրը՝ Շարփը նաև հավաստիացրել է, որ քայլեր արվում են, միայն թե դրանք ոչ միշտ են  հրապարակային: «Ասացին, որ մենք մեր գործն անում ենք, ուղղակի այն, ինչ տեղի է ունենում կուլիսներում, շատ անգամ պետք չի, որ հրապարակվի, մենք ասացինք, որ դա հասկանում ենք, բայց ցանկանում ենք, որ իրենք ավելի ակտիվ լինեն, որովհետև ամեն վայրկյանը մի զինվորի կյանք է, մի մշակութային կոթողի փլուզում է: Ինքն ասաց՝ ես ձեզ հետ եմ, կարեկցում եմ և հնարավորինս շուտ կփորձեմ արձագանքել»,- «168 ժամին» պատմել է պատվիրակության ներկայացուցիչը:

Սա իսկական ճակատագրի հեգնանք է: Պարզվում է՝ Ադրբեջանի մշտական համակարգողը հրապարակային է գործում, ավելին՝ փաստերը ներկայացնում է շուռ տված՝ ագրեսորի օգտին, իսկ Հայաստանի համակարգողը գերադասում է կուլիսներում մնալ և չնկատվել:  Հարց է ծագում՝ ինչո՞ւ: Ումի՞ց է վախենում կամ զգուշանում: Սա ՄԱԿ-ի քաղաքականությո՞ւնն է, ագրեսորին ու ահաբեկչին մաքրագործել միջազգային հանրության աչքում և նրա հանցագործությունների հետևանքների մասին տեղեկությունները թողնել կուլիսներո՞ւմ: Թող հայտարարեն, իմանանք:

Փաստենք, ախր: Ցուցարարների պահանջը ինչ-որ պետության  կամ ինչ-որ կազմակերպության ներկայացուցչությունից չէր, այլ ամենահեղինակավոր միջազգային կազմակերպություններից մեկից, որի լիիրավ անդամն է Հայաստանը: Մի կազմակերպության, որը ստեղծվել է անմիջապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պատերազմի արհավիրքներին վերջ դնելու, հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու և մարդկանց կյանքը բարելավելու վճռականությամբ: Եվ պահանջն էլ այն չէր, որ ՄԱԿ-ի ներկայացուցչությունը գա մեր կողքին կռվի թշնամու դեմ, քավ լիցի, այլ ընդամենը տեղում իր աչքով տեսնի ու արձանագրի փաստերը և ներկայացնի գլխավոր քարտուղարին ու աշխարհին: Մինչդեռ պահանջն ավելին պետք է լիներ՝ որոշակի վերաբերմունք և գործողություն՝ համապատասխան բանաձևով: Ի՞նչ է, մենք պիտի խնդրենք այս կազմակերպության պաշտոնյաներին, որ ուշադիր վերընթերցե՞ն իրենց կանոնադրությունը, թեկուզ հենց միայն 41-րդ հոդվածը:

«Անվտանգության խորհուրդը կարող է որոշել, թե զինուժի գործածությունից զերծ ինչ միջոցների պետք է դիմել իր որոշումներն իրականացնելու համար և պահանջել Միավորված ազգերի կազմակերպության անդամներից կիրառել այդ միջոցները: Դրանք կարող են ընդգրկել տնտեսական հարաբերությունների, երկաթուղային, ծովային, օդային, փոստային, հեռագրային, ռադիո և հաղորդակցության այլ ձևերի լիակատար կամ մասնակի ընդհատումը և դիվանագիտական հարաբերությունների խզումը»:

Ցուցարարները հիմնականում կանայք և երեխաներ էին, ընդ որում՝ նաև Արցախից տարհանվածներ, եկել էին հիշեցնելու այս արևի տակ, իրենց հողում, իրենց տանը խաղաղ ու ինքնուրույն ապրելու իրավունքի մասին: Ասում էին՝ Արցախ չեք գնում, հասկանալի է, բայց գոնե Վարդենիս գնացեք: Ի՞նչն է հասկանալի: Այդ ՄԱԿ-ի ամենահիմնարար փաստաթղթի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում չի՞ գրված.

«Որևէ տարբերակում չպետք է դրվի՝ ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում» (հոդվ. 2):

Կարելի է տասնյակ էջեր լցնել ՄԱԿ-ի հարյուրավոր փաստաթղթերից, բազում գեղեցիկ մտքեր, որոնց մեծ մասին Հայաստանը միացել է: Հիմա քանի՞ ցենտի  արժեք ունի այդ ամենը Հայաստանի և Հայաստանի քաղաքացու համար, որը երկու մոլագարի ծավալապաշտական մարմաջի հետևանքով օրական տասնյակ մատաղ կյանքեր է զոհաբերում:

Ճակատագրի հեգնանք է նաև այն, որ մի քանի օր անց՝ հոկտեմբերի 31-ին, կլրանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» բանաձևի ընդունման 20-ամյակը: Արդեն 20 տարի կանանց կազմակերպությունները ուրախ-ուրախ ծածանում են այս բանաձևը՝ կարծելով, թե դրանից հետո կանայք արդեն խաղաղ ու երջանիկ են ապրելու: Ավելին, 2019 թ. Հայաստանը դարձավ այն 80 անդամ պետություններից մեկը, որոնք այդ բանաձևի կիրարկման Գործողությունների ազգային ծրագիր են ընդունել։ Մի երկու գեղեցիկ միտք էլ այս փաստաթղթից մեջբերենք, որպեսզի իրավիճակի անհեթեթությունը ավելի տեսանելի դառնա:

«Բոլոր պետությունները պատասխանատվություն են կրում անօրինականությանը վերջ դնելու և այն անձանց դատական պատասխանատվության ենթարկելու համար, որոնք մեղավոր են ցեղասպանության, մարդկության դեմ և ռազմական հանցագործության մեջ <…> և այդ կապակցությամբ ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ հնարավորության դեպքում այդ հանցագործությունների վրա չտարածվի համաներման մասին դրույթի ազդեցությունը» (11-րդ կետ):

«[Անվտանգության խորհուրդը] խնդրում է գլխավոր քարտուղարին հետազոտություն անցկացնել՝ պարզելու համար զինված հակամարտությունների ազդեցությունը կանանց և աղջիկների վրա, կանանց դերը խաղաղաշինության գործումև խնդրում է նրան զեկույց ներկայացնել Անվտանգության խորհրդին այդ հետազոտության արդյունքների մասին և դնել այն Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետությունների տրամադրության տակ» (16-րդ կետ):

Մեկնաբանության կարիք կա՞: Ուրեմն ի՞նչ է անում մեր Շարփը կուլիսներում: Ինչի՞ համար է գրված այս ամենը, ասել-խոսելո՞ւ: Հավանաբար: Նաև նրա համար, որ այստեղ-այնտեղ գրասենյակներ հիմնվեն, պաշտոնյաներ նշանակվեն, բարձր աշխատավարձեր ստանան, գնան-գան և լուրջ դեմքերով ժողովներ անեն, որպեսզի գործունեության տպավորություն թողնեն: Ընդամենը: Դժվար է ասել, թե հենց միայն այս բանաձևի կապակցությամբ ինչքան ժողովներ են կայացել, ինչքան ժամանակ ու դրամական միջոցներ են վատնվել: Դրանցից մեկն էլ կայացել է, ի դեպ, 2019 թ. մարտի 15-ին Երևանում, ամենամյա «ՆԱՏՕ-ի շաբաթի» շրջանակներում, որտեղ ներկա են եղել նաև ՆԱՏՕ-ի կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կլեր Հաթչինսոնը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը: Բա սա ճակատագրի հեգնանք չէ, ի՞նչ է: Այսօր ամեն օր այդ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռուբերն են ՄԱԿ-ի անդամ Ադրբեջանի և ահաբեկիչների ձեռքերով նետվում Արցախի խաղաղ բնակչության տների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների ու եկեղեցիների վրա:  Ուրեմն  գեթ մի ցենտ էլ չարժեն Արցախի և մայր Հայաստանի կանանց ու երեխաների համար այս բանաձևն էլ, ՄԱԿ-ի մնացած բոլոր փաստաթղթերն էլ և ՄԱԿ-ն էլ առհասարակ:

Համացանցում մի տեսագրություն էին դրել վերոհիշյալ ցույցից, մի 5-6 տարեկան տղա երեխա էր խոսում միջազգային հանրության մասին, ասում էր՝ ինչո՞ւ որոշում չեն ընդունում, սպասում են, որ մեռնենք, նո՞ր ընդունեն: Այս խոսքը շառաչուն ապտակ է այսօրվա՝ 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհի երեսին, որը կույր է ձևանում:

Բայց հանուն արդարության ճիշտ չէ միայն միջազգային հանրությանը մեղադրելը: Իսկ ո՞ւր են այն տասնյակ կազմակերպությունները, որոնք տասնամյակներ շարունակ կանանց ու երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի դրոշ էին ծածանում: Նրանք պիտի որ, չսպասելով Շարփի ու նրա նմանների բարի կամեցողությանը, ամեն օր, օրը մի քանի  անգամ «ռմբակոծեին» ՄԱԿ-ի կանանց խնդիրներով զբաղվող կառույցները («ՄԱԿ-կանայք», Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտե, Կանանց կարգավիճակի հանձնաժողով. վերջինիս նախագահողն էլ, ի դեպ, դարձյալ ճակատագրի հեգնանքով, 2020-2021 թթ. Հայաստանն է): Եվ ինչո՞ւ միայն կանանց, բոլոր կառույցները: Արդի աշխարհի փոխհարաբերություններն ու հաղորդակցական միջոցներն այդ հնարավորությունը լիուլի տալիս են: Թեկուզ հենց միայն նրա համար, որ աշխարհին չհաջողվի կույր ու համր ձևանալ այնպես, ինչպես 100 տարի առաջ էր:

Անահիտ Հարությունյան

Հասարակություն ՄԱԿ-ի մշտական համակարգող արցախյան պատերազմ

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին