Ադրբեջանական կողմը տրամադրված չէ լուծել զոհված զինվորների մարմինների տարհանման հումանիտար հարցը: Այս մասին նոյեմբերի 2-ի երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանն արդեն երեք անգամ խափանել է մարմինների տարհանման համար հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունների կատարումը:
Պատասխանելով քայքայվող մարմինների պատճառով համաճարակի սպառնալիքի մասին հարցին՝ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ դիրքերի արանքում որոշ տեղերում մարմինները երեք շաբաթ ընկած են բաց վիճակում: «Փորձում ենք ինչ-որ կերպ լուծել հարցը, որպեսզի կանխենք համաճարակը: Նրանք համաձայն չեն հրադադարի, քանի որ թքած ունեն իրենց կորուստների վրա»,- ընդգծեց Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ երբ դիրքային փոփոխություններ են տեղի ունենում, մարմինները տարհանվում են: «Հենց այսօր Հադրութի շրջանի գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ նրանք փախան՝ թողնելով 15-19 մարմին»,- հավելեց Հովհաննիսյանը: