Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցները փակելու ակցիաներին միացել է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը։ Նա լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ այս իշխանությունների մեկ օր մնալն էլ ավելի ծանր խնդիրներ է ստեղծելու առաջիկայում։
«Իրավիճակ է ստեղծվել, որ բոլորը հասկանում են, որ մինչեւ դեկտեմբերի 1-ը Նիկոլ Փաշինյանը պետք է օտար երկրներին, որպեսզի նա կարողանա այդ ստորացուցիչ պայմանները մինչեւ վերջ տանի, բայց դրանից հետո նրա մնալը անտրամաբանական է եւ այսօր ժողովուրդը պետք է դուրս գա, որովհետեւ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը իր կամքով չի հեռանալու»,- նշեց Գագիկ Մինասյանը։
Դեկտեմբերի 1-ից հետո, ըստ նրա՝ ժամացույցն աշխատելու է ոչ միայն ի վնաս Նիկոլ Փաշինյանի, այլեւ ժողովրդի, այդ իսկ պատճառով էլ պետք է ազատվել «այս ապիկար, անգրագետ ու կործանարար իշխանություններից»։
Թե ինչպե՞ս է դա պատկերացնում առանց ցնցումների, Գագիկ Մինասյանն ընդգծեց, որ հենց իշխանություններն են պատասխանատու դրա համար։
Դիտարկմանը, թե վարչապետը հեռանալու մտադրություն չունի, այսօր էլ Կառավարության կազմում փոփոխություններ է արել, նաեւ ներկայացրել ճանապարհային քարտեզ, Գագիկ Մինասյանն ասաց, որ զարմանալի չէ, որ այն մարդը, որը պատասխանատվության զգացում չունի, ինքը չի հասկանում, թե ինչ ծանր բեռ է վերցնում իր ուսերին։
«Ուղղակի ժողովուրդը պետք է համախմբվի եւ պարտադրի, որ այս իշխանությունն օր առաջ հեռանա»,- նշեց նա։