«Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանն ասում, թե «մի ասեք կապիտուլյացիա, հակառակորդը մեզ լսում է», ի՞նչ է՝ թշնամին չգիտի՞, որ Հայաստանի իշխանությունները Արցախը ծնկի են բերել թուրքերի առջեւ, եւ դեռ ժամանակն ու նոր քննիչ հանձնաժողովները ցույց կտան՝ դա եղե՞լ է անկարողության, տգիտության, դիլետանտիզմի, խելահեղ փառասիրության, թե՞ դավաճանության հետեւանք: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում «Ռազմական դրության ռեժիմի չեղարկման մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ դեռ շատ պաշտոնյաներ կխոսեն եւ կպարզաբանեն իրավիճակը:
Զոհրաբյանը նշեց, որ իշխանության քայլերի հետեւանքով հակառակորդը մոտեցել է Վարդենիսին:
«Մենք հանձնում ենք Հայրենիքը: Երբ ես տեսա, թե ինչպես են փակվում Քարվաճառի դռները, ես հազարապատիկ ատեցի ձեզ: Դուք հանձնեցիք իմ Հայրենիքը»,-ասաց պատգամավորը: