f

Անկախ

Ասում են, չկան անփոխարինելի անձինք։ Կա՛ն․․․


Սամվելը, հայ պատմագիտության, հուշարձանագիտության գիգանտն․․․ անփոխարինելի է․․․  

Ու ցավոք, հեռացավ ընդմիշտ, թողնելով բազում կիսատ գործեր, ծրագրեր, երազանքներ․․․

Ավա՜ղ, չկա մեկը, որ ի զորու է նույնչափ նվիրումով ավարտել Սամվելի կիսատ թողածը։

Ամիսներ առաջ էր։ Դեռևս քչերս գիտեինք նրա ծանր հիվանդության մասին։ Այցելեցի Սամվելին, երկու ժամից ավել խոսեցինք։ Կատակով ասացի․-Դու դավաճան չես, դու իրավունք չունես լքել դիրքերը, սա քո՛ կռիվն է։ Դու պետք է հաղթական ավարտին հասցնես։

Ծիծաղեց անհոգ ու պատասխանեց․-Ամենքս էլ կյանքում ինչ որ բան կիսատ ենք թողնում։ Կարևորը՝ պատգամն է սերունդներին, որ նրանք չընկրկեն ու շարունակեն կռիվը․․․

Իսկ Սամվելի պատգամները․․․

Երբևէ ճանաչածս ամենաազնիվ ու անկաշառ մարդը․․․ նա ինձ համար եղել է ու կմնա ուղենիշ ազնվության, աշխատասիրության, հայրենասիրության, նվիրումի․․․

Տաս տարի առաջ եմ ծանոթացել Սամվելի հետ։ Նրան գիտեի հեռուստաէկրանից, հրապարակումներից, բայց առիթ չէր եղել անձամբ շփվելու։ Սամվելն ինձ համար գիգանտ էր, հսկա՝ գիտության ասպարեզում՝ անփոխարինելի․․․

Միքայել Արամյանցի վերաբերյալ գրքիս ու ֆիլմի համար լուսանկարներ էին անհրաժեշտ՝ Հին Թիֆլիսից ու Հին Բաքվից։ Երկար վարանելուց հետո ի վերջո համարձակվեցի զանգահարել։  

Նախ հետաքրքրվեց թե ինչի՞ս է պետք, ապա բարեսիրտ հրավիրեց ինձ գրասենյակ։ Ժամ անց իր մոտ էի։ Արդեն կրիչի վրա առանձնացրել էր տասնյակ լուսանկարներ ու նյութեր։  

Վերցրի, վարանոտ շնորհակալություն հայտնեցի ու հարցրեցի, թե որքա՞ն պետք է վճարեմ։

-Ինչու՞ համար,-զարմացած պատասխանեց Սամվելը։- Հայրենանվեր գործ է արածդ, ես ինչու՞ պետք է քեզնից գումար վերցնեմ,-շարունակեց նա, ու ճանապարհեց, ասելով․-Եթե էլի բան պետք լինի, դիմի՛ր․․․

Այսպես սկսվեց մեր ընկերությունը։  

Ապա քայլ, քայլ ճանաչեցի Սամվելին, հասկացա նրա առաքելությունը, ճանաչեցի նրա հոգին, նրա ազնվությունը, պարկեշտությունը․․․

Երկար, երկար ճանապարհ ենք անցել միասին։ Շատ բան եմ սովորել Սամվելից․ Նրա հետ անցկացրած ամեն ժամը դաս էր՝ հայրենաճանաչողության, հայրենասիրության, անաչառության, ազնվության դաս։  

Հաճախ էի խնդրում, որ գա մեր զբոսավարների դպրոց ու ճարտարապետության տեսություն, հուշարձանագիտություն դասավանդի ուսանողներիս։ Սիրով հանձն էր առնում, ու անշահախնդիր նվիրումով կատարում իր գործը։

Երբեմն ճամփորդում էինք միասին․ դեռևս գիտությանն անհայտ, չբացահայտված հուշարձաններ այցելում։ Ամեն նոր գտածոս սրտի թրթիռով Սամվելի հետ կիսում էի․․․

Կոշաբերդ, Բենդիկ, Կկվի Բույն ամրոց, Ապրոյի Գոմեր գյուղատեղ, Լենկ Թեմուրի բերդ, Կայծուն բերդ, Մանստև գյուղատեղ․․․ ոչ լրիվ ցանկը, որ վերջին 3 տարիների ընթացքում միասին բացահայտեցինք։

Երանի տեսնեիք Սամվելին աշխատանքի պահին։ Մերթ ոգևորվում էր, երբ չբացահայտված ու անհայտ հուշարձան էինք չափագրում, մերթ՝ մռայլվում, երբ տեսնում էր հուշարձանի անխնամ, անմխիթար վիճակը․․․

-Ոնց որ մեր արժեքներին ենք վերաբերվում, այնպես էլ, մեր պատմության ու մեր պետականության նկատմամբ ունենք փնթի ու անպատասխանատու վերաբերմունք։ Սերունդներին ի՞նչ պատասխան ենք տալու, վրացուց ու թուրքից ենք նեղանում, նեղվելու իրավունք չունե՛նք․․․ մենք էլ պակաս բարբարոս չենք․․․․,-Սամվելի խոսքերն են․․․

Ամեն անգամ փոքրիկ հարցախույզ էի անում, ամեն անգամ հոգին փորփրում էի, երբեմն ցավ էի հանում այնտեղից, երբեմն՝ հպարտություն, ու մինչ օրս չեմ հրատարակել։  

-Սամվե՛լ, ո՞րն է մեր դժբախտությունների ակունքը։

-Երկու բան կասեմ․ առաջինը, որ չենք ճանաչում ու սիրում հայրենիքը, ապա՝ կրոնամոլությունը։ Երկուսն էլ չարիք են, երկուսն էլ՝ կործանարար։

-Ո՞րն է կյանքումդ ապրած ամենամեծ հիասթափությունը։

-Արևմտյան Հայաստան կատարած հերթական այցից վերադարձանք, մշակույթի ոլորտի պետական մի պաշտոնյայի ներկայացրի աշխատանքի արդյունքը, ասաց․-Իսկ սա մեր ինչի՞ն է պետք, չէ՞ որ դա արդեն անցյալում է, այդ հուշարձաններն այլևս մեր հողում չեն․․․

Ի դեպ, կյանքում միակ անգամ Սամվելի շուրթերից հայհոյանք լսեցի․․․

-Իսկ ո՞րն է քո երազանքը, Սամվե՛լ․․․

Ծիծաղեց․ - Լավ հարց է․․․ երազանքներ շատ ունեմ իհարկե, բայց ամենամեծ երազանքս, որ որպես ՀՀ քաղաքացի, Վանա լճի ափին, իմ սեփական տանը, հայոց պետականության տարածքում, դեպի ծով նայող պատշգամբում նստած միասին թեյ խմենք ու հաղթանակ նշենք․․․

Ահա, Հայի՛ երազանքը․․․

Սամվե՛լ, եղբայր իմ, Ուսուցի՛չ․․․

Ես բախտավոր աստղի տակ եմ ծնվել, լավ Ուսուցիչներ եմ ունեցել։ Լավագույնը, դու՛ էիր․․․ մարդ, ում դասերը ոչ միայն գիտությանն էին վերաբերվում, այլև՝ Մարդու՛ն, Հայրենիքի՛ն, Քո դասերն ազնվության, անաչառության, հայրենաճանաչողության դասեր էին։

Փա՛ռք հիշատակիդ․․․

Վահե Լոռենց

 

Սամվել Կարապետյան Վահե Լոռենց

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին