Փարիզի «Արթ կապիտալ» ամենամյա միջազգային ցուցադրությունը, որն աշխարհի ամենահեղինակավոր արթ ֆեյրներից մեկն է, այս տարի մեզ համար նշանավորվել է կարևոր իրադարձությամբ։
Փետրվարի 11-16-ը «Մեծ պալատում» (Grand Palace), որտեղ անց է կացվում հեղինակավոր ցուցահանդեսը, ներկայացվել է հայաստանցի ամենավառ արվեստագետներից մեկի՝ Նուռի «Անահիտ» նկարը։
«Մեծ պալատը» ստեղծվել է 1897 թվականին Փարիզում` միջազգային ցուցադրության նպատակով, և արդեն հարյուրավոր տարիներ այստեղ անց են կացվում արվեստի աշխարհի ամենահեղինակավոր ցուցադրությունները։ Սակայն «Արթ կապիտալին» մինչ օրս չէր մասնակցել հայաստանցի որևէ արվեստագետ։ Բայց սա դեռ ամենը չէ․ Նուռն այս հեղինակավոր միջոցառմանը մասնակցում էր իբրև ընտրյալ արվեստագետ։
«Արթ կապիտալը» ցուցադրության 4 բաղադրիչ կամ հատված ունի․ առաջին հատվածում ցուցադրվում են ֆրանսիացի ժամանակակից նկարիչների աշխատանքները, երկրորդում ներկայացվում են երկրները՝ յուրաքանչյուրն իր տաղավարով (Հայաստանը երբևէ տաղավար չի ունեցել), երրորդ հատվածում ցուցադրվում են աշխարհի հեղինակավոր գալերեաները, իսկ չորրորդ հատվածում՝ միայն այն արվեստագետները, որոնց ընտրում է ցուցահանդեսի կազմակերպչական խորհուրդը։ Կազմակերպիչներն աշխարհի ամենատարբեր ծայրերից ընտրում են առանձին արվեստագետների մեկական աշխատանք, որոնք ներկայացվում են ցուցահանդեսի ամենապատվավոր հատվածում։ Նուռն այդ ընտրյալների կազմում էր։
Անկախի հետ զրույցում արվեստագետը պատմեց, որ ամիսներ առաջ «Արթ կապիտալի» ներկայացուցիչներն այցելել են իր արվեստանոց և ընտրել իր «Չընդհատվող գիծ» հավաքածուից մեկ աշխատանք, որը կոչվում է «Անահիտ» (այս շարքի աշխատանքների յուրահատկությունն այն է, որ պատկերը սկսվում է մեկ կետից ու առանց կտավից պոկվելու հասնում ավարտին)։
Պատմում է, որ երբ մասնագետներն այցելել են արվեստանոց և սկսել դիտել աշխատանքները, որպեսզի ընտրեն, ինքն առաջարկել է իր այլ աշխատանքներ, բայց մասնագիտական խումբը կանգ է առել հենց այս ստեղծագործության վրա։
«Նկարը ստեղծվել է 2014 թվականին։ Ես շատ էի սիրում այն, մինիմալիստական, պարզ նկար է, բայց երբևէ չէի մտածի, որ կարելի է ներկայացնել նման հեղինակավոր ցուցադրության։ Կան աշխատանքներ, որոնք ընկալելու համար մի քիչ ժամանակ է պետք, դա այդպիսի աշխատանք էր, իսկ նման ցուցադրություններին, որտեղ մարդիկ ընդամենը մեկ վայրկյանով կարող են անցնել քո տաղավարի մոտով, ուզում ես տանել մի այնպիսի շլացուցիչ բան, որը միանգամից ուշադրություն կգրավի։ Բայց որոշումը մասնագիտական խմբինն էր»։
Ի զարմանս Նուռի՝ ցուցահանդեսում աշխատանքը ոչ միայն մեծ ուշադրության է արժանանում, այլև վաճառվում, ինչը նույնպես հազվադեպ երևույթ է նման արթ ֆեյրների ժամանակ։
«Աշխատանքը գնեց ֆրանսիացի մի զույգ։ Եկան, կանգնեցին ու այլևս չգնացին։ Ես անգամ չհասցրեցի շատ բան ասել նկարի մասին, ասացին՝ մեզ համար ամեն ինչ պարզ է, մենք հասկացանք ասելիքը։ Խոստացան, որ անպայման կայցելեն Հայաստան»։
Նուռի մասնակցությունը միջազգային հեղինակավոր ցուցադրությանը, սակայն, միայն հաջողություններով չնշանավորվեց։ Մի տհաճ միջադեպ դառը հետք թողեց հիշողության մեջ՝ երկար մտորելու տեղիք տալով։
Միջոցառմանը, որը լուսաբանում էր ֆրանսիական ողջ լրատվական դաշտը, ներկա էր նաև Փարիզի հայկական լրատվական կայքերից մեկի հայ լրագրողը։ Այցելելով Նուռի տաղավար՝ նա հանկարծ հայտարարում է․ «Չի՛ պիտի գրեմ ասոր մասին»։
Երբ արվեստագետը զարմացած հարցնում է պատճառը, լրագրողն ասում է․ «է՛, մեկ հայի համար մեկ հատ տաբլո բերել ես, պիտի բա՞ն գրեմ․․․»։
Ավելի ուշ լրագրողը, իմանալով, որ այս ցուցահանդեսին որևէ հայաստանցի արվեստագետ նախկինում չի մասնակցել, և որ Նուռն առաջին հայն է, որը ներառվել է «ընտրյալ արվեստագետների» կազմում, նաև այն, որ այս հատվածում ներկայացվում է ընդամենը մեկ աշխատանք, փորձել է շտկել իր սխալը, ներողություն խնդրել և լուսաբանել, բայց այս անգամ արդեն Նուռը թույլ չի տվել։
«Այդ կնոջն ուղղակի ասացի՝ երբևէ թույլ չեմ տա, որ իմ մասին իրենց պարբերականում որևէ նյութ հրապարակեն։ Ասացի՝ այդպես ենք անում, երբ մենք մերը չենք գնահատում, փոխարենը օտարամոլությամբ ենք տառապում, մինչդեռ հրեաներն այս ամենից միանգամից կստեղծեին բրենդ, մի նոր աստղ ու կցուցադրեին ողջ աշխարհին»։
Անկախ ամեն ինչից, Նուռի համար այդ ցուցադրությունն արվեստի համաշխարհային ամրոցում հայ մշակույթի դրոշն ամրացնելու մի կարևոր հանգրվան էր, իսկ իբրև արվեստագետ՝ մեծ հպարտություն այդ դժվարին ռուբիկոնն անցնելու պատվին արժանանալու համար։
«Փարիզն աշխարհում իմ ամենասիրելի քաղաքն է։ Եթե չապրեի Երևանում, կապրեի Փարիզում։ Միակ քաղաքն է Երևանից հետո, որտեղ ինձ տանն եմ զգում,-խոստովանում է Նուռը,-միշտ զարմացել եմ, թե Փարիզն արվեստասերների ինչ մեծ բանակ ունի։ «Արթ կապիտալ» ցուցահանդեսը տեսնել ցանկացողների հերթը դրսում մեկ կիլոմետրից ավելի էր, այն էլ փետրվար ամսին։ Նայում էի այդ հերթին ու մտածում՝ տեսնես կգա՞ մի օր, երբ Երևանում էլ արվեստի գործեր տեսնելու համար մարդիկ հերթ կկանգեն։ Չէ՞ որ միակ ուղին, որտեղ մարդ կարող է իրեն լիարժեք ազատ զգալ, դուրս գալ առօրյա հոգսերից ու լիցքաթափվել, դա արվեստն է, ոչ թե սոցիալական ցանցերը, որտեղ մարդիկ իրար վրա կեղտ ու ցեխ են շպրտում։ Եվ առիթից օգտվելով՝ ուզում եմ բոլորին ասել՝ մաքրվե՛ք արվեստով, կրթվե՛ք արվեստով, և մի օր կունենաք նաև այն իշխանությունը, որը երազում եք․․․»։
Նուռի մասին ավելին՝ «Աշխարհափոխություն՝ Նուռի» հոդվածում։