Բռնցքամարտի Գեղարքունիքի մարզի ֆեդերացիան Մարտունի քաղաքի մարզադպրոցի հետ համատեղ ջանքերով տարեվերջին անցկացրեց Արցախում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված բռնցքամարտի պատանեկան հանրապետական հուշամրցաշար: Ստուագտեսում հանդես եկավ Մարտունու, Երևանի «Դինամո» մարզադպրոցի , Վանաձորի, Մասիսի, Եղեգնաձորի, Ստեփանավանի, Կուրթանի, Սևանի , Լճաշենի ընտրանիների շուրջ 155 պատանի բռնցքամարտիկ:
Անկախի հետ զրույցում բռնցքամարտի Գեղարքունիքի ֆեդերացիայի նախագահ, Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն Գևորգ Սարգսյանը խոսում է ռազմահայրենասիրական դաստիարակման գործում անցկացված միջոցառման կարևորության, անցած տարվա ընթացքում իրականացված և 2021-ին նախատեսված ծրագրերի մասին:
-Պարոն Սարգսյան, 2020-ը բավական բարդ և դժվար ստացվեց, սակայն Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիան ուՄարտունու մարզադպրոցը հնարավորինս արեցին ամեն բան մարզական կյանքն ակտիվ պահելու ուղղությամբ:
-Տարին սկսվեց համավարակով, այդ պատճառով էլ բոլոր նախատեսված միջոցառումներն ու մրցաշարերը գրեթե չիրականացրեցինք: Պատերազմը սկսվելուց հետո ամեն բան էլ ավելի վատթարացավ: Մեր մարզիչները, եղբայրս, ես կամավորագրվեցինք հայրենիքի պաշտապանությանը: Սեպտեմբերի 29-ին արդեն ռազմաճակատում էինք: Ընթացքում, երբ գալիս էինք տուն, անցկացնում էինք պարապմունքեր, որպեսզի երեխաները հնարավորինս պահեին մարզավիճակը և սպորտից չկտրվեին, քանի որ պետք է կայանար Հայաստանի պատանիների առաջնությունը:
Պատերազմից հետո անցկացվեցին ՀՀ կրտսեր տարիքի և ավագ տարիքի պատանիների առաջնությունները, որտեղ Մարտունու մարզադպրոցի թիմը շատ լավ հանդես եկավ: Տարվա ընթացքում ՀՀ առաջնություններից ունեցանք 14 մեդալ ՝4 հաղթող և մրցանակակիր բռնցքամարտիկներ, որը բավական լավ արդյունք էր՝ հաշվի առնելով առաջ եկած դժվարություններն ու խնդիրները:
-Տարեվերջին Ձեր ջանքերով կազմակերպվեց կարևոր նշանակություն ունեցող հուշամրցաշար՝ նվիրված զոհված զինծառայողների հիշատակին:
- Մենք արդեն 10 տարի է, որ միջոցառումներ ենք կազմակերպում նվիրված և՛ բանակի օրվան, և՛ անկախության օրվան, և՛ հաղթանակներին: Նշեմ, որ հունվարի 24-ին կազմակերպելու ենք հանրապեական մրցաշար՝ նվիրված հայոց բանակի 29-րդ տարեդարձին:
Չէինք կարող չհիշել ու չմեծարել պատերազմում հերոսաբար զոհված տղաներին:
Մրցաշարի ընթացքում նկատելի էր տխրություն. շատերը այս պատերազմում կորցրին հարազատներին: Մեր մարզադպրոցը կորցրեց իր լավագույն սաներից երկուսին՝ Դերենիկ Օհանյանին և Արտյոմ Եղոյանին, ինչը շատ մեծ ցավ է: Մարզիկները լավ հանդես եկան, և մենք կարողացանք թիմային պայքարում գրավել 1-ին տեղը, ինչը շատ գոհացուցիչ է, քանի որ համավարակի պատճառով և պատերազմի ընթացքում կայուն մարզումներ չէինք անցկացրել: 2-րդը տեղը զբաղեցրեց Վանաձորի, իսկ 3-րդ հորիզոնականը` Մասիսի ընտրանին:
-Նմանատիպ մրցաշարերի կազմակերպումը որքանո՞վ է կարևոր և անհրաժեշտ:
-Երեխաներին պարտադիր պետք է հիշեցնենք մեր ձեռքբերումների մասին՝ մարտական ոգին ամուր պահելով: Այդ միջոցառումներով նրանք ավելի շատ կսիրեն իրենց բանակը, իրենց երկիրը: Թեկուզ այս պահին հուսահատված են շատերը, ես ինքս՝ ոչ, ճիշտ կլինի, որ պատրաստվենք: Եթե լինի պատերազմ, պատրաստ լինենք թե՛ զորքով, թե՛ արդիական զինտեխնիկայով: Երեխաների՝ սպորտով զբաղվելը հաստատ արդյունք կտա՝ նպաստելով մեր բանակի հզորացմանը: Մեր սաներից շատերն այս պահին ծառայում են հայոց բանակում և հատուկ ջոկատներում. նրանք ֆիզիկապես շատ ուժեղ են: Այս ընթացքում հասցրել եմ նկատել, որ առավել մարտունակ ենք նրանք, ֆիզիկապես և հոգեբանորեն առավել պատրաստ են, հերոսաբար կռվել են ու ողջ մնացել: 44 օրերի ընթացքում ևս մեկ անգամ համոզվեցի, որ ֆիզիկական պատրաստվածությունը շատ է օգնում ռազմի դաշտում: Եթե մարդ ուժեղ է մարմնով և հոգով, կարողանում է ամեն ինչի դիմանալ մարտի դաշտում:
-Պատերազմի սկզբից, որպես ջոկատի հրամանատար, մասնակցել եք մարտական գործողություններին: Այս պահին հայ ժողովուրդը դժվար ժամանակներ է ապրում: Ի՞նչ է հարկավոր այս իրավիճակից դուրս գալու և պատվով առաջ շարժվելու համար:
-Բռնցքամարտի լեզվով ասած՝ այս նոկդաունից հետո պետք է ուժ գտնենք, շուտ վերականգնվենք, որպեսզի կարողանանք դիմակայել: Ես գտնում եմ, որ պատերազմն այս պահին վերջացած չէ, մեր ժողովուրդը պետք է դուրս գա այս վիճակից և կարողանա պարտությունից հետո ուժ գտնել: Չպետք է կորցնենք ժամանակը, պետք է միասնական , նպատակային առաջ շարժվենք առանց վիճելու ու փնովելու միմյանց:
Դժվարությունները եղել են, կան, կլինեն: Հայ ժողովուրդը հազարամյակների ընթացքում միշտ պայքարել է. եղել են և՛ հաղթանակներ, և՛ պարտություններ: Պետք չէ հուսալքվել. հարկավոր է պատրաստվել և հաղթել հետագայում:
- Տարվա առաջին օրերից Մարտունու մարզադպրոցը վերսկսել է մարզումները երեխաների հետ: Առաջիկայում կա՞ն պլանավորված միջոցառումներ:
- Ամեն տարի կազմում ենք օրացուցային պլան՝ համաձայն որի ծավալում ենք մեր գործունեությունը: Եթե համավարակը չխնագարի, մի շարք մրցաշարեր ենք կազմակերպելու: Երեխաները ոգևորված են, կարոտել են մրցաշարերը, մեծ ոգևորությամբ են սպասում որպեսզի մասնակցեն:
Նշեմ, որ տարեվերջին լավագույն մարզիկները ստացան հավաստագրեր՝ մրցաշարերում ցուցաբերած արդյունքների համար: Մեր մարզիկները մասնակցում են մրցաշարերի մարտական տրամադրվածությամբ, որպեսզի տարվա վերջում արժանանան Մարտունու տարածաշրջանի լավագույն մարզիկ և Գեղարքունիքի մարզի լավագույն բռնցքամարտիկի կոչումներին: Գեղարքունիքի մարզի լավագույն բռնցքամարտիկի, Մարտունու տարածաշրջանի լավագույն մարզիկ կոչումներին արժանացան նրանք, որոնք տարվա ընթացքում տարբեր տարիքային առաջնություններում մեդալներ էին նվաճել, մրցանակային տեղեր էին զբաղեցրել: Ես ամեն կերպ փորձում եմ իմ սաներին ոգևորել: Երեխաների համար շատ մեծ նշանաակություն ունի այն, որ իրենց աշխատանքը գնահատում են: