Ես իմ աջակիցների հետ կմասնակցեմ վաղվա հանրահավաքին: Այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արտակ Թովմասյանը:
Նա պարզաբանեց, որ որոշել է զբաղվել քաղաքականությամբ՝ ելնելով կապիտուլացիայի մասին նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո երկրում ստեղծված վիճակից: Նրա պնդմամբ՝ յուրաքանչյուր հայրենասեր մարդ այսօր պետք է ջանքեր գործադրի եւ անի առավելագույնն իր երկրի համար:
«Կյանքիս մեծ մասն անց եմ կացրել արտասահմանում, սակայն միշտ ձգտել եմ առավելագույնս օգտակար լինել Հայրենիքիս: Յուրաքանչյուրը, ով հասկանում է, թե ինչ է արժանապատվությունն ու կարող է ներդրում ունենալ, կարող է դա անել: Պատերազմի ժամանակ ամբողջ սփյուռքը միավորվեց, յուրաքանչյուրը փորձեց իր ներդրումն ունենալ եւ՛ նյութապես, եւ՛ ֆիզիկապես: Սակայն եղավ այն, ինչ եղավ»,-ասաց Թովմասյանը: