f

Անկախ

«Գիտե՞ք, թե դա ինչ նվաստացում էր». ինչպես են ապրում հայերը Ադրբեջանի հետ նոր սահմանին. BBC-ի ռեպորտաժը Սյունիքից


Կիսված գյուղեր, կտրատված ճանապարհներ, կանգ առած արտադրություններ: Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թ. աշնանային պատերազմից հետո տասնյակ կիլոմետրերով նոր սահմաններ են առաջացել, որոնց ճշգրիտ գծագրումը դեռ պետք է որոշել: BBC-ի ռուսական ծառայության թղթակիցները Հայաստանում անցել են նոր սահմանի ողջ երկայնքով և դիտարկել են, թե ինչպես են տեղի բնակիչներն ընտելանում իրենց հարևաններին:

«Welcome to Azerbaijan!», տեղեկացնում է հայկական Գորիսից հայկական Կապան տանող մայրուղու եզրին տեղադրված վահանակը: Բայց հենց որ կանգնեցնում ենք մեքենան, որպեսզի այն լուսանկարենք, հայտնվում են ռուսական սահմանապահները, որպեսզի ճշտեն, թե ովքեր ենք և ինչու ենք այստեղ կանգառել: «Ընդհանրապես այստեղ արգելված է լուսանկարել: Եթե անցնեք ճանապարհի մյուս կողմը, կհայտնվեք արդեն Ադրբեջանի տարածքում: Բայց քանի որ Մոսկվայից եք, մենք ձեզ կպաշտպանենք»,- կատակում է զինվորը:

Խորհրդային տարիներին ճանապարհը կառուցել են՝ ելնելով հարմարությունից և անտեսելով հանրապետությունների միջև վարչական սահմանները: Երբ ԽՍՀՄ-ը վերացավ, Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնկվեց առաջին պատերազմը, Բաքուն կորցրեց ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների վրա հսկողությունը: 2020 թվականի աշնանային պատերազմից հետո, որում արդեն Հայաստանը պարտվեց, այդ շրջանները վերադարձան Ադրբեջանի հսկողության տակ:

Գորիսից Կապան ճանապարհը, իր մի քանի շրջադարձներում թեքվում է դեպի Ադրբեջանին վերադարձված տարածքները, այնպես որ անմիջապես պատերազմից հետո ադրբեջանցի զինվորականները դրանց երկայնքով տեղադրել են մի քանի նման վահանակներ: Թեպետ ադրբեջանցիներն այդ ճանապարհով չեն շարժվում, պարտություն կրած հակառակորդի համար դրանք տեղի ունեցածի խորհրդանշական հիշեցում են:

Հայերի և ադրբեջանցիների միջև նոր բախումներից խուսափելու համար Ռուսաստանը, որ միջնորդ էր խաղաղ համաձայնության կնքման ժամանակ, ոչ միայն խաղաղապահներ է բերել Լեռնային Ղարաբաղ, այլև սահմանապահներ է տեղակայել այնտեղ, որտեղ հնարավոր են նոր բախումնային իրավիճակներ:

Սահմանապահները պատմում են, որ տեղի բնակիչներն իրենցից են իմանում, ոչ թե հայկական կառավարությունից, թե ինչպես է փոխվել սահմանի գիծը, թե հիմա որտեղ կարելի է քայլել և ուր մեկնել, ուր՝ ոչ: «Ադրբեջանցիները հստակ գիտեն, թե ինչի են ուզում հասնել, և միչև վերջ կռիվ են տալու յուրաքանչյուր վիճելի հատվածի համար, հայկական կողմից նման պատրաստակամություն չի նկատվում,- ասում է ռուս սահմանապահը:- Առջևում դուք դեռ ադրբեջանական ուղեկալ պահակակետը կտեսնեք, բայց մինչև Կապան հանգիստ կհասնեք»:

Քառասունհազարանոց Կապանը Հայաստանի Սյունիքի մարզի մայրաքաղաքն է: Արևելքից այն սահմանակից է Ադրբեջանին, արևմուտքից՝ ադրբեջանական էկսկլավ Նախիջևանին, հարավում՝ Իրանին: Այնպես որ առայժմ մենք շարժվում ենք դեպի Կապան, հանդիպակաց շարժվում են ֆուրեր իրանական համարանիշներով:  Այստեղ ճանապարհներին հաճախ են հանդիպում արջի ֆիգուրներ, որը ատամներով բանալի է պահում:

Ըստ մի ավանդապատումի՝ Սյունիքը կամ Զանգեզուրը, ինչպես անվանում են այն տեղացիները (տարածաշրջանի մեծ մասը փռված է Զանգեզուրի լեռնաշղթայի լանջերին), ողջ Հայաստանի բանալին է: Եվ երբ Ղարաբաղում մարտեր էին ընթանում, մենք բազմիցս ենք լսել Հայաստանում տարբեր զրուցակիցներից, որ ադրբեջանա-թուրքական կոալիցիայի հաջորդ թիրախը հաղթանակի դեպքում դառնալու է հենց Սյունիքը, քանի որ նվաճելով այն՝ կարելի է Ադրբեջանը միացնել ոչ միայն Նախիջևանին, այլև Թուրքիային:

Թվում է, գոնե հիմա, որ ոչ ոք չի պատրաստվում հարձակվել Սյունիքի վրա, բայց Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնությամբ այս վայրերով պետք է ճանապահ անցնի, որն այնուամենայնիվ միացնելու է Ադրբեջանը Նախիջևանին:

Նախագահ Ալիևն արդեն կարգադրել է երկաթուղու կառուցումը Հորադիզից պատերազմի արդյունքում Ադրբեջանին վերադարձած Զանգելան և ապա դեպի հայկական սահման: Բայց  Կապանում մեզ հանդիպած պաշտոնյաներն առայժմ ոչինչ չգիտեն, թե ինչպես է նոր ճանապարհն անցնելու իրենց մարզով:

Տարածաշրջանում բոլոր տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման «ճանապարհային քարտեզի» վրա շարունակում է աշխատել միջկառավարական հանձնաժողովը, որ ձևավորվել է հունվարին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով:

«Սթրես կա հայրենիքի մի մասի կորստից, պարտված պատերազմից: Եվ այն դեռ չի անցել, շատ-շատ ժամանակ է պետք»,- ասաց մարզի պաշտոնյաներից մեկը՝ խնդրելով անանուն մնալ:

Հսկելով ճանապարհի մի հատվածը՝ ադրբեջանցիներն առայժմ չեն արգելում շարժումը ոչ միայն Գորիսից Կապան, այլև ավելի երկար՝ մարզի մայրաքաղաքից դեպի հարավ՝ իրանական սահման: Միայն  քաղաքից դուրս գալիս ճանապարհային ոստիկանության աշխատակիցները զգուշացնում են. «Մի քանի ոլորաններից հետո վրաններ կտեսնեք, ադրբեջանցիներն են կանգնած, այդտեղ չի կարելի կանգ առնել»:

Փակ ճանապարհներ և օդանավակայան սահմանին

Սակայն որոշ ճանապարհներ նոր սահմանը փակել է. օրինակ՝ Կապանից Ագարակ գյուղ կարճ ճանապարհը: Փետրվարի կեսին նրա բնակիչները տեղեկացրին Ադրբեջանի կողմից մի քանի հրաձգության մասին, այնպես որ գյուղի մոտ ստիպված եղան ռուսական սահմանապահների ևս մի պահակակետ տեղակայել: Հիմա Ագարակ կարելի է մեկնել շրջանցելով, և ճանապարհը հիմա տևում է ոչ թե 10, այլ 40 րոպե:

Բայց միշտ չէ, որ հաջողվում է տեղ հասնել. առաջին օրը, երբ BBC-ի թղթակիցները փորձում էին մեկնել մինչև Ագարակ, ձյան ուժեղ տեղումների հետևանքով անանցանելի էր դարձել հողի ճանապարհը, այնպես որ մեքենան չկարողացավ անցնել այդ լեռնային տեղանքով՝ անհուսորեն  տեղապտույտ տալով յուրաքանչյուր նոր լեռան լանջին և վերջնականապես խրվելով Վարդավանք գյուղում:

«Վաղը եկեք, տրակտորը գալու է և մաքրի ճանապարհը, այդ ժամանակ հնարվոր կլինի հասնել Ագարակ, բայց հիմա նույնիսկ «Նիվան» չի անցնի»,- խորհուրդ տվեց տեղի բնակիչը: Նրա խոսքով՝ մինչև պատերազմը սահմանամերձ գյուղերում հարյուրավոր մարդիկ էին ապրում, մարտական գործողությունները սկսվելուն պես նրանք հեռացան և մինչև հիմա չեն շտապում վերադառնալ՝ սպասելով, թե ինչպես կավարտվեն սահմանի շուրջ բանակցությունները:

Մարտ ամսին՝ գարնանացանի սկզբին, գյուղերի բնակիչները կվերադառնան, իսկ առայժմ փողոցներում ավելի շատ շներ են հանդիպում, քանի մարդիկ: Սպիտակ շնիկը, շփման կարոտով և թարմ ձյունից ուրախացած, երկար ժամանակ պտտվում էր մեր շուրջը՝ առաջարկելով խաղալ, բայց քննարկել նրա հետ հայ-ադրբեջանական նոր սահմանը լրիվ անիմաստ էր:

Երբ մարտական գործողությունները նոր էին ավարտվել, Կապանում տաք-տաք քննարկվում էր, որ Ադրբեջանին կարող է անցնել նույնիսկ քաղաքի օդանավակայանը: Բայց առայժմ կողմերը համամիտ են, որ նոր սահմանն անցնի գետով, որ հոսում է թռիչքա-վայրեջքային գոտուն զուգահեռ: ԽՍՀՄ փլուզումից հետո ինքնաթիռներն այլևս Կապան չէին թռչում, 25 տարում հին օդանավակայանը վերածվել էր ավերակի, բայց 2017 թ. ամռանը քաղաքում սկսվել է նոր օդանավակայանի շինարարությունը:

«Ե՛վ շենքը, և՛ մուտքերը, և՛ թռիչքա-վայրէջքային գոտին, ամեն ինչ զրոյից է կառուցվել»,- հպարտանում են աշխատակիցները: Նոր օդանավակայանը հավաստագրումն անցել է 2020 թ. նոյեմբերին, անմիջապես պատերազմի ավարտից հետո, երբ պարզ դարձավ, որ նոր սահմանն անցնելու է բառացիորեն դրա կողքով: Այդ ժամանակվանից ի վեր աշխատակիցներն աշխատանքի են գնում, սպասարկում գործելուն պատրաստ շենքը, բայց չեն պատկերացնում, թե երբ այդտեղ վայրէջք կկատարի առաջին ինքնաթիռը: Առայժմ նախատեսվում են չվերթներ միայն Երևանից, որտեղից մինչև Կապան ճանապարհը մեքենայով տևում է 5-6 ժամ, բայց ապագայում օդանավակայանը կարող է տեսականորեն ընդունել նաև միջազգային չվերթներ:

«150 մետրից այն կողմ գետով անցնում է սահմանը, և այնտեղ, ինչպես ասում են, Ադրբեջանն է»,- ուսերը թոթվում են մեր զրուցակիցները՝ կարծես լրիվ չհավատալով, որ Ադրբեջանը կարողացավ վերադարձնել այն տարածքները, որոնք չի վերահսկել քառորդ դար:

Սահման դարձած գետի երկու ափերին օդանավակայանի անվտանգությանը հետևում են և՛ ադրբեջանցի, և՛ հայ, և՛ ռուս սահմանապահները: «Իսկ դուք այստեղից ադրբեջանցիներին տեսնո՞ւմ եք»,- հարցնում ենք: «Նրանց վրաններն են երևում: Մեկ էլ տեսնում ենք, երբ դաշտ են դուրս գալիս ֆուտբոլ խաղալու»:

Ադրբեջանի հսկողությանը վերադարձած շրջաններից Կապան է տեղափոխվել 800 մարդ, ողջ Սյունիքի մարզ՝ 4700 տեղահանված: Հադրութից, Զանգելանից և Միջնավանից տեղափոխված ութ ընտանիք հիմա ապրում է Կապանի նախկին գիշերօթիկ դպրոցում:

«Պուտինը չորրորդ օրն առաջարկեց դադարեցնել պատերազմը, բայց Փաշինյանն ասաց, որ կկռվի մինչև վերջ: Եվ ի՞նչ մնաց հիմա Լեռնային Ղարաբաղից»,- վրդովվում է Վալերի Գասպարյանը, նա ստիպված է եղել լքել Հադրութը, որտեղ ապրել է 20 տարի: Նրա ավագ որդին շարունակում է ծառայել Լեռնային Ղարաբաղի բանակում, կրտսերը մասնակցել է մարտական գործողություններին և վիրավորվել է:

Թե ինչքան ժամանակ ստիպված կլինեն մնալ այստեղ, Գասպարյանը չգիտի. «Շնորհակալ ենք բարի մարդուն, մեզ տեղ տվեց այստեղ, թե չէ գիշերը մնալու էինք բաց երկնքի տակ այս եղանակին»:

Տեղահանվածները չեն վճարում լույսի, գազի համար, և նրանց սննդամթերք են հասցնում: Նա 35 հազար դրամ՝ մոտ 30 դոլար թոշակ է ստանում, իսկ Կապանում բնակարան վարձելու համար, իր խոսքով, նվազագույնը 50 հազար դրամ պետք է ունենաս:Այն հարցին, թե ամենից շատ ինչն է անհանգստացնում փախստականներին, թոշակառուն ասում է, որ գլխավորը գերիներին վերադարձնելն է: Զոհվածների որոնումը և գերիների վերադարձը մնում է ամենացավոտ թեման երկրում պատերազմի ավարտից երեք ամիս անց: Բացի այդ, հարկ է բոլոր տեղահանվածներին ապահովել բնակարանով:

«Լավ, Ղարաբաղը տվեցիր: Բայց ինչո՞ւ ես հիմա հանձնում Զանգեզուրը: Սա Հայաստանի սիրտն է: Թուրքերն ինչ ասում են, նա անմիջապես՝ «եղավ, ես պատրաստ եմ»,- վրդովվում է հայկական վարչապետ Փաշինյանի վարմունքից Գասպարյանը:

Նրա ժամանակավոր հարևանները գիշերօթիկ դպրոցում, որ նույնպես ստիպված են եղել լքել իրենց տները, համաձայն չեն նրա գնահատականին. «Չի կարելի ասել, թե ամեն ինչ վատ է, ամեն ինչ վատ է: Գլխավորը՝ երեխաներին գերությունից վերադարձնել, իսկ հետո պետությունը կսկսի լուծել մնացած բոլոր խնդիրները,- ասում է Նարբիկը՝ նշելով, որ սովորաբար բոլորն իրեն Կոլյա են անվանում:- Տանիք կա, լույս, ջուր, տաքություն, ուտելիք կա՝ բոլորը անվճար: Չի կարելի ասել, թե պետությունը մարդկանց մասին հեչ չի մտածում»:

Շարունակությունը հաջորդիվ

Իլյա Բարաբանով, Մարինա Կատաևա

26 փետրվարի 2021 թ.

Աղբյուրը՝ BBC

Սյունիքի մարզ BBC ռուսաստանյան ծառայություն խմբագրի ընտրանի

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին