Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման աշխատանքները, ինչպես նաեւ COVAX-ի հետ բանակցությունները շարունակվում են, չնայած որոշակի ընդհանուր դանդաղում կա պրոցեսի մեջ: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, հույս կա, որ գարնան ընթացքում պավաստանյութերի առաջին խմբաքանակը արդեն կլինի Հայաստանում: Ավելին, ռուսական կողմի հետ “Sputnik V” պատվաստանյութի առաջին խմբաքանակի մասին բանակցություններն ավարտված են, պայմանագիրը կնքման փուլում է, եւ ակնկալվում է, որ առաջիկա ամսվա մեջ այս խմբաքանակը եւս կներմուծվի:
Սակայն, նախարարի խոսքով, նույնիսկ երբ պատվաստանյութերն արդեն հասանելի լինեն երկրում, պատվաստման գործընթացին զուգագեռ պետք է լինելու շարունակել դիմակներ կրել եւ պահպանել անվտանգության այլ կանոնները:
«Դա մեր որոշումը չէ, դա համընդհանուր մոտեցում է, որը նաեւ մենք պետք է պահպանենք», - նշեց նախարարը:
Նրա խոսքով, շատերն այսօր չգիտեն, որ պիտի շարունակեն դիմակ կրել, նույնիսկ եթե հիվանդացել ու լավացել են, քանի որ բացառված չի, որ կարող են վարակվել վիրուսի որեւէ այլ շտամով:
«Ուստի խնդրում եմ, անգամ եթե վարակվել եւ առողջացել են քաղաքացիները, պահպանեն այս կանոնները»,-ասաց նախարարը: