Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս երկրներին շարունակել կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի կիրառումը: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով կազմակերպության հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ ԱՀԿ-ի՝ պատվաստանյութի օգուտները գերազանցում են դրա օգտագործման հավանական ռիսկերը:
Միևնույն ժամանակ, կազմակերպությունում ընդգծել են, որ պատվաստանյութերի անվտանգության կոմիտեն «մանրակրկիտ գնահատում է դեղամիջոցի անվտանգության մասին առկա վերջին տվյալները» և արդյունքների մասին հանրությանը կտեղեկացնի ստուգումն ավարտելուց հետո:
Եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են AstraZeneca պատվաստանյութով պատվաստումները հիվանդների մոտ թրոմբների առաջացման վերաբերյալ տեղեկությունների տարածումից հետո: Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) հավաստիացրել է, որ այս պատվաստանյութի օգուտները գերազանցում են կողմնակի ազդեցությունները: