«Ղրիմի պաշտոնական պատվիրակության այցը նախատեսվում է ապրիլի առաջին կեսին, սակայն պայմանով, որ Հայաստանում ընդունելի ու կայուն քաղաքական իրավիճակը պահպանվի», – հայտնել է Ռուսաստանի նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչ, հանրապետության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը։ «Խոսքը տնտեսական, գործարար, զբոսաշրջային ու մշակութային ներուժի ներկայացման մասին է», – ասել է Մուրադովը:
Նա նշել է, որ «Հայաստանում նախատեսվում է անցկացնել Ղրիմի Հանրապետության օրեր, որոնք նվիրված կլինեն Ռուսաստանի հետ թերակղզու վերամիավորման 7-րդ տարեդարձին»։
Գեորգի Մուրադովը «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում խոսել է նաև Թուրքիայի՝ թերակղզու ռուսական կարգավիճակը չճանաչելու դիրքորոշման վերաբերյալ, այն անվանելով «անթույլատրելի»։ Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն ճանաչում «Ղրիմի բռնակցումը» և աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։