Հայաստանի այսօրվա գրեթե անելանելի վիճակի ամենամեծ պատասխանատուներից է ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը՝ իր գեներալիտետով հանդերձ։
2014 թ. ամառն էր։ Հայաստանի հանգստավայրերից մեկում պատահաբար հանդիպեցի ՀՀ ԶՈՒ ինձ վաղուց ի վեր ծանոթ մի գործող գեներալի։ Զրուցեցինք։ Ասեցի, որ աշխատում եմ Վարդանանց պատերազմի ռազմական պատմությունը լուսաբանող ֆունդամենտալ ուսումնասիրության վրա և ընթացքում կարևոր ու զարմանալի բազմաթիվ փաստեր բացահայտում։ Խոսքս կտրեց՝ քմծիծաղելով, թե «ու՞ր է մեզ ռազմական պատմություն», «մեր պատմության ընթացքում երբեք էլ լուրջ բանակ չենք ունեցել, առավել ևս մեծ զորավարներ էլ չենք ունեցել», «մենք միշտ էլ թույլ ենք եղել»... Փորձեցի այս անգետ ու բարդույթավորված թեզերին հակադարձել փաստերով, բայց նույնիսկ լսելու ցանկություն չուներ։
Իհարկե, հայ գեներալներից ոչ բոլորն են, որ այս կարգի աղքատիմաց են։ Բայց տխուր փաստն այն է, որ վերջին տասնամյակներում ապազգային քաղաքական վերնախավի ձեռամբ ստեղծված ու ձևավորված հայկական գեներալական խավն աղոտ պատկերացումներ ունի հայոց ռազմական պատմության մասին ու, իբրև հետևանք, ազգաճանաչ չէ։ Ո՛չ էլ նույնիսկ ոսոխաճանաչ է։ 44-օրյա պատերազմը, ինչպես նաև Հայաստանի շարունակվող կապիտուլյացիոն գործընթացն ապացուցեցին նաև, որ այդ գեներալիտետն աշխարհաքաղաքական, ռազմավարական ու քաղաքական հարցերում շատ թույլ պատրաստություն ունի։
Եթե Հայաստանը գոյատևելու է որպես թեկուզ կիսանկախ պետություն, ապա ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատարական կազմը պետք է շտապ վերակազմավորվի, վերակրթվի ու գաղափարապես վերադաստիարակվի։ Այդ բարդ գործը կարող է կազմակերպել միմիայն ազգային շահերին նվիրված բանիմաց քաղաքական իշխանությունը։ Ցավոք, հայաստանյան զարգացումներն առայժմ թույլ չեն տալիս այս առումով վառ հույսեր փայփայել։