Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված՝ վիրավորանքի և զրպարտության համար սահմանված տուգանքի չափը մեծացնելու վերաբերյալ լրացումների առնչությամբ, «որոնք սպառնում են սահմանափակել մամուլի և խոսքի ազատությունները»:
Freedom House-ի եվրոպական և եվրասիական ծրագրերի ղեկավար Մարկ Բեհրենդտը, մասնավորապես, ասել է.
«Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է պաշտպանել մամուլի և ազատ արտահայտվելու ազատությունները: Ցավոք, Հայաստանի կառավարությունն աջակցում է տուգանքներին, որոնք կսահմանափակեն ազատ արտահայտվելու հնարավորությունը և կսպառնան լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությանը: Քաղաքացիական հասարակությունը քննադատել է օրինագիծը՝ նշելով, որ այն կարող է չարաշահվել և օգտագործվել անկախ լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու համար՝ քաղաքական գործիչներին և այլ ազդեցիկ հանրային գործիչներին քննադատելու համար: Հայաստանի իշխանություններին կոչ ենք առնում լրջորեն մոտենալ քաղաքացիական հասարակության և մամուլի կազմակերպությունների մտահոգություններին և չեղարկել օրինագիծը»: