f

Անկախ

Լիլիթ Պողոսյան. «Կանանց ու աղջիկներին ցանկանում եմ սեր, որ չի սկսվում մարտի 8-ով ու ավարտվում ապրիլի 7-ով»


Հայաստանի բադմինթոնի հավաքականի առաջատար մարզուհի Լիլիթ Պողոսյանը շուրջ 3 տարի առաջ, պայմանագիր ստորագրելով Եվրոպայի կոնֆեդերացիայի հետ, մեկնեց Դանիա՝ սպորտային երազանքի հետևից. հայ մարզուհին հնարավորություն ստացավ ավելի հաճախ պրոֆեսիոնալների հետ մրցելու, տարվա կտրվածքով մի շարք  միջազգային մրցաշարերի մասնակցելու և շարունակ կատարելագործվելու: Լիլիթն այս տարվա ապրիլին պետք է մասնակցեր Կիևում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, սակայն վնասվաքծը խանգարեց:

Այժմ հայ մարզուհին Երևանում վերականգնողական շրջան է անցնում: Մարտի 8-ի խորհրդանշական տոնին Անկախի հետ զրույցում Լիլիթը խոսում է  դժվարություններից չխուսափելու, երբեք չնահանջելու, միշտ առաջ շարժվելու, աննշան թվացող երևույթները գնհատել կարողանալու և ուրախ ապրելու մասին:  

-Լիլիթ ջան, վնասվածքի ապաքինման համար որքա՞ն ժամանակ կպահանջվի, ո՞ր փուլում եք հիմա:

-Վնասվածքս աքիլլեսյան ջլի հետ է կապված՝ խորը բորբոքում, որն արդյունք է ծանրաբեռնվածության ու երկու անգամ մասնակի կտրվածքներ ստանալու: Ժամանակի ընթացքում ուշադրություն չդարձնելու հետևանք էր: Երկար ժամանակ է, ինչ խանգարում էր լիովին մարզվել ու հանդես գալ մրցաշարերին, բայց, քանի որ նախ եվրոպական խաղերի որակավորման համար էի պայքարում, հետո՝ Տոկիո-2020-ի, ժամանակ չէի գտնում վնասվածքից ապաքինվելու համար: Լիովին ապաքինվելու համար ամենաքիչը 3 ամիս դադար է պետք: Իմ դեպքում՝ մինչև 5-6 ամիս:  

Հիմա Երևանում եմ, դեկտեմբերին եմ վերադարձել: Աշխատում եմ ամերիկահայ սպորտային բժիշկ Նիք Թավուկչյանի հետ: Նա ինձ համար մարզումների ծրագրեր է կազմում ու, չնայած նրան, որ նա ԱՄՆ-ում է բնակվում, բոլոր քննարկումներն ու խորհրդակցություններն օնլայն ենք իրականացնում: Հիմա միայն մարզասրահում են մարզումներս, աշխատում եմ մկանների ու ջլի ամրացման վրա, կամաց-կամաց ավելացնում ենք ծանրաբեռնվածությունը: Ի դեպ, Նիքն ԱՄՆ-ում հիմնել է հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիան (Armenian-American Sport Medicine Coalition), որի շրջանակներում Հայաստանում սեմինարներ են իրականացնում սպորտային բժշկության զարգացմանը նպաստելու համար:  

-Ափսոս, որ այս տարի Եվրոպայի առաջնությանը չեք մասնակցի. այլ մրցաշարեր սպասվու՞մ են:

-Ես էլ եմ իսկապես ափսոսում, որ չեմ մասնակցի ԵԱ-ին: Մրցաշարերի պլաններ դեռ չունենք: Կենտրոնացած ենք միայն վերականգնման վրա, հետո կվերադառնամ կորտ ու 1-2 ամիս կմարզվեմ և նոր միայն կպլանավորենք մրցաշարերս:  

-Սպորտում լինում են չնախատեսված պահեր. ինչպե՞ս հաղթահարել, առաջ շարժվել և հաստատուն քայլերով գնալ դեպի նպատակ:

-Շատ են լինում այդպիսի պահերը, բայց իմ կարծիքով դրանք ամենակարևոր ու շրջադարձային իրադարձություններն են ամեն մարզիկի կյանքում: Դրանից հետո կա՛մ ավելի լավը կդառնաս ու կշարունակես զարգանալ կյանքում ու սպորտում, կա՛մ աստիճանաբար կկոտրվես ու ի վերջո կդադարես աշխատել դեպի նպատակդ: Իմ դեպքում ամեն ինչ շատ պարզ է՝ աշխատել ինքս ինձ վրա՝ չթողնելով, որ բացասական մտքերն ինձ հաղթեն: Ու իսկապես, երբ կենտրոնանում եմ լավի, դրականի ու ամենօրյա փոքր հաղթանակների վրա, ոչ մի բան չի կարող ինձ կոտրել: Մտքերս ճիշտ կառավարելու դեպքում ամեն մի անհաջողությունից հետո վերադառնում եմ ավելի ուժեղ:  

-Ընթացքում գարնանային մեկամսյակն է. թյուր կարծիք կա, որ սպորտը զրկում է կնոջը կանացիությունից: Ձեր նբագեղությամբ ու ժպիտով կոտրում եք բոլոր կարծատիպերը:  

-Ցավոք, կա նման կարծիք, ինչ խոսք: Որոշ չափով կարելի է համաձայնել. իհարկե սպորտաձևից էլ է կախված, բայց ամենից շատ՝ մեզնից: Քիչ չեն օրինակները, երբ սպորտում աղջիկները ցույց են տալիս իրենց ուժեղ կողմը, իսկ սպորտից դուրս՝ ավելի խնամված տեսքով, դիմահարդարումով ու գեղեցիկ սանրվածքով ոչնչով չեն տարբերվում մյուս աղջիկներից: Իմ կարծիքով՝ սպորտում տարբերվող ու կարծրատիպեր կոտրող կանացիություն կա:  

-Սպորտն ունի բազմաթիվ դժվարություններ, բայց և դրական կողմեր մասնավորապես Ձեր  մարզաձևի մասին կխոսե՞ք:

-Կոնկրետ ինձ համար՝ Հայաստանում մարզվողների բացակայության խնդիրն է: Երկար ժամանակ առաջ չէի գնում, որովհետև չկան բարձր մակարդակի խաղացողներ, որոնց հետ մարզվելով ինքս էլ կուժեղանամ: Մյուս խնդիրները կամաց-կամաց լուծվում են մեր ֆեդերացիայի ջանքերով, ինչը շատ գովելի է: Դրսից հետևում եմ հայկական բադմինթոնի հաջողություններին ու մեծ հպարտություն եմ զգում: Դանիայում բադմինթոնի հետ կապված դժվարություններ չկան. եթե առողջ ես ու վնասվածք չունես, ապա կատարյալ միջավայր կա սպորտում զարգանալու համար: Դրական կողմերից է այն, որ ամբողջ աշխարհով հիանալի ընկերներ եմ ձեռք բերել, ապրել տարբեր մշակույթներում ու զարգացել որպես անհատականություն:  

-Պրոֆեսիոնալ սպորտին զուգահեռ բարձրագույն կրթություն եք ստացել՝ սովորելով Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում: Ձեր օրինակով փաստում եք, որ հնարավոր է ցանկության դեպքում ամեն բան համատեղել:

- Սպորտն ու կրթությունը համատեղելն իմ ամենամեծ հաղթանակներից եմ համարում: Կարողացա կոտրել այն կարծրատիպը, որ դրանք անհամատեղելի են: Լավ հիշողություններ ունեմ համալսարանական տարիներից: Ծիծաղելի էր, որ դպրոցական օրագիր էի պահում. օգնում էր ավելի կազմակերպված լինել: Նույնիսկ արտերկրում մրցաշարերի ժամանակ դասերս տանում էի: Բայց ամենից շատ կարևորում եմ այն, որ դրանով ինքս ինձ ապացուցեցի, որ ես կարող եմ ցանկացած ծանր իրավիճակից դուրս գալ որպես հաղթող:  

-Այժմ բնակվում եք արտերկրում. չեք վախեցել գնալ, հայտնվել անծանոթ մի վայրում Ձեր նպատակի իրականացման ճանապարհին: Լավագույն օրինակ եք ծառայում երազանք ունեցող, սկսնակ մարզուհիների համար:

-Դանիա տեղափոխվելուց հետո կյանքս լիովին փոխվեց: Առաջին անգամ էի մենակ ապրում, մենակ ճանապարհորդում: Վախ կար, բայց գիտեի, որ հետագայում ափսոսալու եմ այդ հնարավորությունից չօգտվելու համար: Ոչ մի կաթիլ չեմ ափսոսում, որ գնացել եմ այդ քայլին: Զարգանում եմ թե՛ որպես մարզիկ, թե՛ որպես հայ ու թե՛ որպես մարդ: Ինքս իմ բնավորության մեջ շատ բաներ եմ բացահայտել դրսում ապրելով:  

-Ընթացքում գարնանային մեկամսյակն է. սիրով շնորհավորում ենք:

-Շնորհակալ եմ: Կանանց ու աղջիկներին ցանկանում եմ շատ սեր ու իրական սեր, առանց բռնության ու առանց խտրականության: Սեր, որ չի սկսում մարտի 8-ով ու ավարտվում ապրիլի 7-ով, այլ տարիների ընթացքում միասին թիմ կազմելով ու միասին նպատակների հասնելով: Բայց ամենից առաջ՝ սիրենք ինքներս մեզ ու ամեն հնարավորության դեպքում ճանապարհորդենք՝ սիրելով կյանքն ու ապրելով փոքր պահերը:

Սպորտ բադմինթոն Լիլիթ Պողոսյան Եվրոպայի առաջնություն Մարտի 8 միջազգային մրցաշար հարցազրույց

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին