f

Անկախ

Հայ կանանց անանուն և բացահայտ խնդիրներն ու ձեռքբերումները...


Մարտի 8-ին ամբողջ աշխարհը նշում է Կանանց միջազգային օրը: Հենց այդ առիթով էլ զրուցել ենք Women's corner (Կանանց անկյուն) ֆեյսբուքյան խմբի հիմնադիր ադմին Տաթևիկ Թորոսյանի հետ:

-Տաթևիկ, նախ զրուցենք «Կանանց անկյուն» խմբից:  

-2016-ին` ամուսնանալուց և Ստամբուլ տեղափոխվելուց հետո, հասկացա՝ շատ կարոտել եմ հայաստանյան ընկերներիս, ու որոշեցի ՖԲ էջ բացել՝ դեռևս ոչ մի գաղափար չունենալով ՖԲ խմբերից: Մեր խումբը բացելով` ցանկանում էի, որ այն քննարկի կանանց հետ կապված տարատեսակ հարցեր: Սկզբում խումբը բաղկացած էր 1000-2000 անդամներից, որ շփվում էին առօրյա կենցաղային հարցերի, մաշկի խնամքի, նորաձևության, բաղադրատոմսերի և այլնի շուրջ: Ստեղծման առաջին վեց ամիսներին անանուն գրառումներ չենք տեղադրել. այդ խնդիրը չէի դրել իմ առջև: Ամիսներ անց խումբը մեծացավ, և ես դարձա ճանաչելի լայն մասսաների համար: Այդ աննախադեպ ակտիվությունը շարժեց շատերի նախանձը՝ պատճառ դառնալով անձնական կյանքիս հետ կապված բազում շահարկումների: Բայց չնայած բոլոր խնդիրներին, չփակեցի խումբը՝ հաշվի առնելով դրա վրա կատարած իմ տիտանական աշխատանքը: Այդ ընթացքում մեր ապագա ադմին Տոմա Աղաբաբյանն առաջարկեց ստեղծել լոգո խմբի համար: Ես համաձայնեցի. սկսվեց մեր ընկերությունը: Երրորդ ադմինը մայրս է՝ Ռուզաննա Թորոսյանը: Քանի որ խումբը շատ ծանրաբեռնված է, ունենք նաև գրագիտությամբ, հավատարմությամբ, բարությամբ աչքի ընկնող մոդերատորական կազմ՝ Մելին ու Անժելան:  

-Ինչպե՞ս եք կարողանում մշտապես հավասարակշռության մեջ պահել Ձեր՝ արդեն 77.000-ի սահմանը հատող խումբը՝ խուսափելով «պայթունավտանգ» իրավիճակներից: 

-Անդամների մեծ թիվն, իհարկե, հաճելի է, բայց դրան զուգահեռ ունենք 7-8 հազար արգելափակված կին, հիմնականում այն պատճառով, որ մարդիկ, չկարողանալով ընդունել իրենցից տարբերվողներին, դրսևորում են ագրեսիվ վարք: Խմբում իրավիճակը կարող է «պայթունավտանգ» լինել այնքանով, որ աշխարհում ինչքան մարդ կա, այնքան կարծիք, ու որքան էլ ադմիններս հորդորում ենք խմբի անդամներին զուսպ լինել, դեռևս հնարավոր չէ խուսափել միջադեպերից: Բայց հավատացեք՝ շարժը կա: Նաև իմ խոսքն են արդեն հարգում՝ չնայած նրան, որ 24 տարեկան եմ դեռ: Աշխատում եմ չանտեսել ոչ մի նամակ ու բոլորին ցուցաբերել անհատական վերաբերմունք:

-Ի վերջո,  ի՞նչն է այսքան մեծ թվով կանանց հավաքել այս խմբում:  

-Բոլոր կանայք, ընդհանրապես մարդիկ սիրում են քննարկել մյուսների կենցաղային հարցերը, տեղեկանալ նրանց նեղ անձնականից: Խմբի հետաքրքրությունը պահելու առումով անանուն գրառումներն էլ մեծ դերակատարում ունեն, բայց արդարության համար պիտի նշել՝ «Կանանց անկյունն» առանց անանունների էլ է չափազանց ակտիվ: Ու որքան էլ խումբը ֆեյսբուքյան կարգավորումներում գրվում է փակ, հասկանալի է՝ նման թվաքանակի դեպքում սա բնավ էլ փակ խումբ չէ, ու փաստացի ինֆորմացիան շատ հեշտ է տարածվում: Ուստի այժմ փորձում ենք սկանդալային անանուններ ընդհանրապես չհաստատել:  

-Տարիքային ո՞ր խմբի կանայք են առավել գերակշռում խմբում: Եվ ո՞ր երկրներից են հիմնականում խմբի անդամները:  

-Ըստ ՖԲ-ի ստատիստիկ տվյալների՝ 55 տոկոսը 25-34 տարեկան կանայք են, մնացած 45 տոկոսն արդեն մյուս տարիքային խմբերն են: Եվ ամենաակտիվը հենց 25-34 տարեկաններն են՝ հիմնականում այն կանայք, որ ներկա պահին ունեն փոքր բալիկներ և չեն աշխատում: Բայց  աշխատող կանայք ևս շատ ակտիվ են: Խումբը դարձել է որոշ կանանց առօրյայի մի մասը: Մեր խմբի ամենակարևոր առավելություններից մեկն այն է, որ կանանց մեծ մասը  քննարկումների միջոցով գտել են իրենց հոգեկից ընկերներ և իրական կյանքում էլ են շփվում:  

Խմբի ավագ սերնդի կանանց մեջ էլ ունենք ակտիվ ու շատ հարգված կանայք, որոնք ևս մտերմացել են միմյանց հետ, նաև խմբի օգնությամբ սկսել են ավելի հեշտ հասկանալ երիտասարդ սերնդին՝ հարգելով նրանց կարծիքն ու որոշումները:

Երկրների ցանկը շատ մեծ է: Ըստ թվաքանակի՝ առաջին տեղում, իհարկե, Հայաստանն է, այնուհետև՝ Ռուսաստանը, Ամերիկան, Արցախը և այլն: Անդամներ ունենք անգամ այնպիսի երկրներից, որտեղ չես էլ մտածի, որ հայ կա:  

-Հայ կնոջ վերաբերյալ ունեցած Ձեր պատկերացումները փոխվեցի՞ն խմբի ստեղծումից հետո:

-Երբ շփվում ես փոքր թվով մարդկանց հետ, լրիվ այլ է, իսկ երբ նման բազմահազարանոց խմբում ծանոթանում ես մեծ թվով մարդկանց, հասկանում ես՝ ոչինչ չես իմացել այս կյանքի մասին: Ընդ որում, այս նույն կարծիքն արտահայատել են նաև հիսունն անց կանայք, որոնք մինչև խումբ մտնելը մտածել են, թե կյանքում այլևս սովորելու ոչինչ չունեն: Ես, օրինակ՝ մինչև խմբի ստեղծումը ծանոթ չեմ եղել ազատամիտ հայ կնոջ կերպարին: Ժամանակի ընթացքում հասկացա՝ մարդիկ իսկապես շատ տարբեր են և նրանց պիտի ընդունել հենց այնպիսին, ինչպիսին կան՝ անկախ բոլոր տեսակի կողմնորոշումներից: Պիտի կարողանալ մարդու մեջ տեսնել մարդուն: Եվ մեր խումբը կանանց մյուս խմբերից տարբերվում է նրանով, որ մեզ մոտ անդամները ազատորեն կարծիք են հայտնում: Արգելված են միայն քաղաքական թեմաներով քննարկումները:  

Այսօր արդեն դարեր առաջ գոյություն ունեցող հայ կնոջ ազգային միասնական կերպարի կարծրատիպն այլևս կոտրված է: Այժմ կան թե´ ավանդապաշտ ու հավատացյալ, թե´ ազատամիտ ու հավատացյալ, թե´ աթեիստ, թե´ հայկական ավանդույթներին ընդհանրապես դեմ հայ կանայք և այսպես շարունակ:  

-Ամեն դեպքում հայ կինն ունի իրեն բնորոշ բնավորության գծերը: Որո՞նք են դրանք:

-Այդ գծերն են՝ զսպվածություն, համեստություն, հավատարմություն ընտանիքին, կրթվածություն և այլն: Ես պարզապես կցանկանայի, որ բոլոր հայ աղջիկներն առավել ինքնուրույն լինեին և իրենց ստացած դիպլոմը կարողանային ճիշտ օգտագործել: Դա կնպաստեր նաև, որ այսքան անանուններ չունենայինք: Եթե նրանք հասկանան ինքնուրույնության կարևորությունը, ավելի հեշտ կկարողանան գտնել իրենց տեղն այս կյանքում՝ առանց որևէ մեկից կախվածություն ունենալու, թեկուզ հենց ամուսնուց: Ի դեպ, մեր կանայք առաջին հերթին հենց ամուսիններին պիտի ապացուցեն, որ կարող են իրենք իրենց մասին հոգ տանել: Երբ յուրաքանչյուր տղամարդ տեսնում է իր ոտքերի վրա ամուր կանգնած կին, առավել է հարգում նրան: Պիտի վերջապես հասկանալ՝ ոչ մի տղամարդ իրավունք չունի ֆիզիկական ուժ կիրառելու կնոջ վրա, ենթարկելու նվաստացումների, դավաճանելու և այլն: Կինը չպիտի ապրի բռնությանն ու կեղծիքին համակերպված: Խմբում շատ գործածվող արտահայտություն է՝ դավաճանված են բոլոր կանայք, դավաճանում են բոլորը, ուղղակի կան «չբռնված» տղամարդիկ: Հենց այս մտածելակերպի դեմ պիտի պայքարել, որովհետև նախ՝ կան հավատարիմ տղամարդիկ, և երկրորդ՝ տղամարդը (ինչպես և կինը) պարտավոր է հավատարիմ լինել, եթե արդեն կատարել է իր  ընտրությունը:  

Ուրախ եմ, որ մեր խմբում շատ են նաև իսկապես հպարտ, ինքնուրույն կանայք, որոնք ձեռք են բերել անգամ երկրորդ, երրորդ մասնագիտություն, բիզնես ստեղծել զրոյից, ու հենց մեր շնորհիվ այդ ամենի մասին տեղեկացրել խմբի մյուս անդամներին: Դրա համար էլ մեր գովազդային հարթակը ոչ միայն սովորական գովազդային հարթակ է կամ ադմինների համար որոշակի եկամտի աղբյուր՝ կատարած հսկայական աշխատանքի դիմաց, այլ՝ կանանց քաջալերելու ռեալ հնարավորություն: Անգամ լինում է, որ խմբի անդամներն իրար օգնում են կացարանով, ֆինանսապես, հոգեպես և այլն: Դա է երևի ինձ ուժ տալիս, որ այսքան անանուններ կարդալուց ու տեղադրելուց հետո հոգնում եմ միայն ֆիզիկապես, բայց ոչ երբեք խորհուրդներ տալուց կամ որևէ կերպ օգնելուց: Ցավոք, անկախ տրված խորհուրդներից ու ջանքերից, մենք մնում ենք էկրանի այս կողմում, իսկ անանունների մեծ մասը նորից շարունակում են նույն միջավայրում ապրել: Շատ քչերին է հաջողվում, օգտագործելով խմբի տված ճիշտ խորհուրդները, դուրս գալ ճահճից:  

-Ի՞նչ հիմնական խնդիրներ ունեն անանուն կանայք, և ի՞նչ թեմաներ են  քննարկում ոչ անանուն ներկայացող անդամները:  

-Անանուն գրառումները հիմնականում պտտվում են կենցաղային խնդիրների շուրջ, որոնք անհամեմատ քիչ կլինեին, եթե Հայաստանում երիտասարդ ընտանիքներն առանձին ապրեին: Ասեմ նաև, որ տեղադրածս անանունների մի զգալի տոկոս վերաբերում է նաև առողջական խնդիրների, որովհետև կանայք չեն ցանկանում ոչ բարձրաձայնել դրանք, ոչ էլ գնալ բժշկի: Բայց ադմինական կազմը խորհուրդներին զուգահեռ ամեն բան անում է այդ կանանց դեպի բժիշկներն ուղղորդելու համար: Բարեբախտաբար, ունենք անշահախնդրորեն խմբի հետ համագործակցող մասնագետներ, որոնք ազատ լինելիս անպայման արձագանքում են:

Ոչ անանուն գրառումներ կատարող կանանց հետաքրքում են ամենատարբեր հարցեր: Չկա մի այնպիսի թեմա, որ չքննարկվի խմբում:  

-Ինչու՞ են շատացել ամուսնալուծությունները։

-Ամուսնալուծությունների պատճառները տարբեր են: Օրինակ՝ տղամարդկանց ամուսնանալը վաղ տարիքում: Հայ տղաները պիտի ամուսնանան գոնե 25, 26 տարեկանից հետո, երբ բավական հասուն կլինեն, կունենան կրթություն, աշխատանք՝ ամուր կանգնելով սեփական ոտքերի վրա: Եվ անգամ կրթությունն էլ երբեմն կարող է այդքան կարևոր չլինել. ամեն մարդ չէ, որ պիտի բարձրագույն կրթություն ստանա, պարզապես մարդը հոգեպես ու նյութապես պիտի պատրաստ լինի ամուսնության: Իհարկե, կարող են լինել հաջողված վաղ ամուսնություններ, ուղղակի միշտ պիտի հիշել՝ պետք չէ կիրքը խառնել սիրո հետ, և հետո ձանձրանալ միմյանցից՝ դառնալով զուտ կենցաղային հոգսը կիսողներ: Նաև նկատել եմ՝ ամուսնալուծվողների մի մասը ընտանիքի ամրության համար չի պայքարում: Եթե երկու կողմերն էլ գիտակից լինեն և շատ սիրեն միմյանց, սերը կհաղթահարի բոլոր խնդիրները: Երբ սերը քիչ է լինում, կենցաղային խնդիրների դեպքում ամենահարմար ելքը մնում է ամուսնալուծությունը:  

-Որքանո՞վ են հայ կանայք ծանոթ իրենց իրավունքներին:

-Ընդհանրապես մեր ազգն է շատ վատ ծանոթ իր իրավունքներին, ի տարբերություն, ասենք, եվրոպացիների: Դրա համար էլ նույն ամուսնալուծության ժամանակ հայ կինը չգիտի՝ ինչ քայլեր ձեռնարկի: Նրանք հաճախ հենց փաստաբանների օգնություն են փնտրում խմբում, բայց, ցավոք, դա անում են ամենավերջին պահին, երբ արդեն անելանելի վիճակում են: Խմբում միևնույն ժամանակ կան շատ բանիմաց անդամներ, որ փորձում են աջակցել ամենատարբեր հարցերով: Բայց ուսումնասիրությունների արդյունքում հասկանում ես՝ այդ բոլոր խնդիրները մեծամասամբ կարող են լուծվել միայն պետական մակարդակով:  

-Ո՞րը պիտի լինի հայ կնոջ դերը՝ ներկայիս հասարակությունն առավել լավը դարձնելու համար:

-Մեր հասարակությանը շատ է պակասում հանդուրժողականություն: Մարդիկ այսօր չարացած են միմյանց նկատմամբ ու լցված նախանձով, ինչն արտահայտվում է նաև խմբում, առհասարակ համացանցում: Չգիտեմ՝ այդ կանայք իրական կյանքում ինչպիսին են, բայց եթե նրանք երջանիկ լինեին, իրենց այդպես ագրեսիվ չէին դրսևորի. երջանիկ կինը չի կարող չարացած լինել: Դրա համար հայ կինը նախ պիտի ինքն իրեն փոխի: Ի վերջո, կինն է իր մեջ կրում այն ամբողջ լուսավորը, որ կարող է փրկել մարդկությանը:  

-Ի՞նչ է պետք կնոջը՝ երջանիկ լինելու համար:  

-Սեր է պետք, սիրված լինելու զգացում, տղամարդու ամուր թիկունք, որ կարողանա ինքն իրեն թույլ զգալ: Մեր կանայք արդեն հոգնել են ուժեղ լինելուց, այն է՝ շատ պարտավորություններ իրենց վրա վերցնելուց: Նաև չմոռանանք՝ ոչ մի բան միակողմանի չի լինում: Կանայք ևս պիտի տքնաջան աշխատեն իրենց վրա: Հաճախ նկատում եմ՝ ինչպես են մեր խմբի անդամները, անգամ բազմազավակ մայրիկներն իրենց ժամանակը ծախսում անիմաստ քննարկումների վրա: Ես էլ եմ շատ լինում խմբում, բայց դա իմ աշխատանքն է, ի վերջո: Դրա համար միշտ հորդորում եմ մեր կանանց՝ ինչքան հնարավոր է շատ ջերմություն և ուշադրություն նվիրեն իրենց ընտանիքներին:  

-Ի՞նչ կմաղթեք հայ կանանց:

-Միայն ու միայն սեր, ավելիին հասնելու ձգտում, դրական էմոցիաներ...

Մարտի 8 հարցազրույց կանանց անկյուն

Այլ հոդվածներ հեղինակից

ԱՄՆ-ում   մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 82 հազար դեպք  է հայտնաբերվել
Կիմ Չեն Ընը նախարարի է մահապատժի  ենթարկվել․ԶԼՄ-ներ
Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ
Եթե չհակադարձենք նման արշավներին, ներկա օկուպացիոն ռեժիմը մեկ այլ բնագիծ էլ կզիջի Տավուշում, Վայոց Ձորում. թուրքագետ
Բուժհաստատությունները մի քանի անգամ մերժել են հիվանդին ընդունել ստացիոնար բուժման
Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք կա
Մենք խայտառակվել ենք՝ որպես ազգ և պետություն, բայց վերածնվելու շանս ունենք՝ խաղաղվելով մեր անցյալի հետ․ Միհրան Հակոբյան
«Մերօրյա Խորենացին» ապրեց 50 տարի՝ ազգին նորովի նվիրելով իր բազմահազարամյա պատմությունը. Արտակ Մովսիսյանն այսօր կդառնար 51 տարեկան
Հայաստանի տնտեսական անկումը խորանում է ահագնացող տեմպերով. պետպարտքի ավելացում, գնաճ, ներդրուների արտահոսք․ «Ազգ»
Ռադիկ Մարտիրոսյանը՝ նոր օրենքի մասին․ «Փաստաթղթի մեջ 2-3 հիմնական խնդիրներ կան, որոնք հակասում են Սահմանադրությանը»․ «Ժամանակ»
Արա Սաղաթելյան. Աջակցելու ենք բոլորին, ով պայքարում է Նիկոլի դեմ. «Հրապարակ»
Կոնստանտին Զատուլին․ «Խաղաղապահ բրիգադի ղեկավարին մեղադրելն այնքան էլ արդար չէ»․ «Հրապարակ»
Երկու հայ և մեկ ադրբեջանցի՝ պատվո հարթակին
ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպանը կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կիրառել չափաբաժիններով
ԱՄՆ ռազմական նավերը Սև ծովում կմնան մինչև մայիսի 5-ը
Սենթ Վինսենթ կղզում հրաբխի ակտիվացման հետևանքով բնակչության մի մասը տարհանվել է
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել ԼՂ Ասկերանի շրջանի բնակիչներին և բուժկետին. ՌԴ ՊՆ
Մեր հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն այն դեպքում, երբ վերականգնվի մեր պետականությունը․ Էդգար Ղազարյան
Մյանմայում 19 անձ մահապատժի է դատապարտվել
Զելենսկին ապրիլի 10-ին կայցելի Թուրքիա և կհանդիպի Էրդողանի հետ
Ինչ աթոռ, Ինչ Ուրսուլա: Էրդողանը ջրից չոր դուրս եկավ անգամ Լեռնային Ղարաբաղի պատերազմից
49-ամյա կինը սպառնացել է տղամարդուն և մոտ 1.700.000 դրամ շորթել. ոստիկանություն
ինչի՞/ու՞մ վրա են դնում հույսները տարածաշրջանի այն քաղաքական ուժերը, որոնք ընդգծված հակառուսական են
Մենք մահացել և վիրավորվել ենք Ղարաբաղում. սիրիացի վարձկանները բողոքում են, որ փող չեն ստացել Արցախում կռվելու համար
Տարածված մի կեղծիք կա, իբր Արցախի նախկին նախագահները ԼՂՀ բյուջեից մեծ կենսաթոշակ են ստանում. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող
Ավելին
Ավելին