Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրում Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով կառուցվում են բազմաբնակարան շենքեր, տեղեկացնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Նախատեսվում է 150 տուն կաոուցել։
Պատերազմի հետևանքով համայնքում վնասվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ: 15 տուն հիմնովին ավերվել է, որից 10-ը վերանորոգման ենթակա չէ: 43 տան տանիքն է փոխվել, 65-ում՝ մետաղապլաստե պատուհաններ տեղադրվել:
Շրջակա գյուղերի շատ ընտանիքներ ցանկություն են հայտնել տեղափոխվել Կարմիր Շուկա, քանի որ, բացի աշխատատեղերից, այստեղ կա մանկապարտեզ և նոր կառուցված դպրոց։ Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ Կարմիր Շուկայում կառուցվել է համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված է նաև դպրոցի գրադարանը:
Համայնքում կա բուժկետ սակայն շենքային պայմանները բարվոք չեն, կա շտապօգնության մեքենա։ Աշխատում են փորձառու բուժքույրեր, բայց բժիշկ չկա:
Գյուղում կան տնտեսական, շինարարական, մթերային խանութներ, գազաբենզալցակայաններ, էլեկտրացանց, Արցախփոստի մասնաճյուղ, մեկ հրշեջ փրկարար ջոկատ: Համայնքն ապահովված է անլար հեռախոսակապով, գործում է նաև համացանցը։