Խնդիրները սիգի հետ կապված խրոնիկ են: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նա նշեց, որ այն տեսուչները, որոնք հարաբերության մեջ են մտել ձկնագողերի հետ, նրանց նկատմամբ պարբերաբար եւ քրգործեր են հարուցվում, եւ աշխատանքից են ազատվում, տասնյակ այդպիսի դեպքեր կան:
Դիտարկմանը, որ այսօր էլ Երևանում զանգվածաբար սիգ են վաճառում, նախարարը նշեց, որ իրենք գնացել են ռազմավարական լուծման ճանապարհով. «Օրենսդրական փաթեթը մշակվել է, որով կանոնակարգվել է, թե ինչպես պետք է լինի ձկնորսությունը: Հիմա հրամանը կմշակվի եւ մենք ձկան օրինական որս ենք թույլ տալու: Դրան զուգահեռ հարկային օրենսգրքում փոփոխություններ ենք կատարում, որպեսզի ձուկ վաճառելու սանկցիան կիրառվի: Խոսքն այն մասին է, որ բնօգտագործման վճարի օբյեկտ հանդիսացող ամեն ինչը պետք է ունենա փաստաթուղթ՝ դա կվերաների սիգին, քարին, ծառին, ամեն ինչին»:
Նա հույս հայտնեց, որ ամբողջը ավարտելուց հետո այս տարվա մեջ սիգի հարցը կլուծվի. «Այսինքն եթե կտեսնեք, որ սիգ է վաճառվում, դա կլինի օրինական, թույլտվություն ստացած, բնօգտագործման վճարը վճարած: Իհարկե, ավելի թանկ կլինի, որը բնական է, որովհետեւ բնական էկոհամակարգում բնական կերով հարուստ ձուկը չի կարող լինել բուծված ձկից էժան»:
Ինչ վերաբերում է հսկողությանը, Էրի Գրիգորյանն ասաց, որ բանն այն է, որ տեսուչները ժամը 18-ից հետո չեն աշխատում, շաբաթ-կիրակի նույնպես չեն աշխատում. «Հիմա տվել ենք հանձնարարական, որ շուրջօրյա ստուգում իրականացվի: Տեսչության աշխատանքից իհարկե, գոհ չեմ, բայց կան սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ, որի լուծումը գտել ենք մեծ փաթեթը պատրաստելով»: