f

Անկախ

Արգամը վերադարձավ, կատարեց քրոջը տված խոստումը, բայց երազում․․․


Մերին ամեն օր քնելուց առաջ եղբոր լուսանկարը համբուրում է, գրկում ու խնդրում, որ այդ գիշեր էլ երազին գա։ Սարսափելի կարոտը մեղմելու միակ ճանապարհը երազին եղբոր այցերն են։ Արգամը քրոջը չի նեղացնում, հաճախ է գալիս, ու երազում քույր ու եղբայր իրագործում են այն ծրագրերն ու նպատակները, որ կյանքում միասին ուրվագծել էին։ Երազն ինչ-որ պահի անհետանում է, Մերին արթնանում է՝ ծանր քարը սրտում, ցավը կոկորդին, բայց կարոտը փոքր-ինչ հաղթահարած ու նոր երազի սպասումով․․․

***

2020 թ․ հուլիսին վանաձորցի Արգամ Սելիմյանը զորակոչվել էր բանակ՝ ծառայության անցնելով Տավուշի մարզում: Հուլիսյան դեպքերը դեռ թարմ էին։ Զինվորական երդման արարողության ժամանակ 18-ամյա նորակոչիկը մոտենում է հրամանատարներից մեկին և խնդրում, որ իրեն էլ ուղարկեն առաջնագիծ: Հրամանատարը մերժում է, ասում է՝ դեռ շուտ է, քո ժամանակն էլ կգա, սպասիր:

Ժամանակը երկար սպասեցնել չի տալիս։ Երկու ամիս անց սկսվում է պատերազմը։ Իրենց զորամասից զինվորներ են ուղարկում Արցախ, բայց Արգամին չեն տանում։ Շատ է նեղսրտում։ Հաջորդ օրը մոտենում է հրամանատարին, ասում, որ ինքն էլ է ուզում գնալ ռազմաճակատ։ Համաձայնում են։

Արգամը վարորդ էր, զինվորական մեծ մեքենա էր վարում: Հոկտեմբերի 14-ին իր մեքենայով ճանապարհ են ընկնում: Արգամը որոշում է մեքենայի լույսերն անջատած վարել․ թշնամին թիրախավորում էր զինվորական մեքենաներն ու պայթեցնում: Բայց նույնիսկ լույսերն անջատած վիճակում՝ թշնամին նկատում է մեքենան ու սկսում գնդակոծել: Արգամին հաջողվում է հասնել ու ըներներին էլ հասցնել Արցախ: Պատերազմի առաջին փորձությունը, փաստորեն, հաջողությամբ է հաղթահարում։

«Երբ հասավ Արցախ, զանգեց: Զգացինք, որ մի տեսակ խառնված ու շփոթված է: Միայն ասաց, որ տեղ են հասել, նույնիսկ կարողացել են խրամատ փորել։ Հաջորդ օրվանից արդեն ձայնի մեջ խառնաշփոթ չկար, հանգիստ էր ու ինքնավստահ: Մի օր էլ հայրս ասաց՝ Արգամ ջան, որ դիակներ տեսնես, չվախենաս: Ասաց՝ պա՛պ, կյանքս դեմովս եկավ-անցավ, էլ ինչի՞ց պիտի վախենամ»։

Արգամն ամեն օր զանգում էր, բայց հարազատների մտքով անգամ չէր կարող անցնել, որ այդ զանգերը երբեմն շրջափակման միջից են։ Հետո են իմացել, որ 4 անգամ նրանց զորախումբը հայտնվել է շրջափակման մեջ, բայց կարողացել են դուրս գալ։ Այդ ընթացքում Արգամը նույնիսկ զինակից ընկերների կյանքն է փրկել:

«Մի օր հարցրեցի՝ Արգամ, հո սոված չե՞ս, ասաց՝ չէ, գիտե՞ս էստեղ մեզ ոնց են նայում: Այնինչ օրերով շրջափակման մեջ են եղել և նույնիսկ հաց ու ջուր չեն ունեցել»,-ասում է քույրը։

Մի օր էլ, երբ նորից շրջափակման մեջ են հայտնվում, Արգամն ընկերներին ասում է, որ զենք-զինամթերքը տեղավորեն իր մեքենայի մեջ, փորձեն դուրս գալ։ Հրամանատարը խորհուրդ չի տալիս, ասում է՝ դա խաղ ու պար չի: Արգամն էլ պատասխանում է՝ ավելի լավ է էդպես մեռնեմ, քան թուրքին գերի ընկնեմ։ Ու ռիսկի է դիմում: Թշնամին կրակի տակ է առնում զինամթերքով բեռնված մեքենան։ Արգամն առանց կանգ առնելու, մեծ արագությամբ, երբեմն սարսափելի վտանգավոր իրավիճակներ հաթահարելով՝ դուրս է գալիս շրջափակումից:

Մի օր էլ՝ կռվի թեժ պահերին, անտառում նստած են լինում, երբ Արգամը կրակոցների տակ սկսում է քթի տակ երգել։ Հրամանատարը նկատում է և խնդրում, որ բարձրաձայն երգի։ Պարզվում է՝ Արգամը հիանալի ձայն ուներ, բայց մինչ այդ նա միայն մեկ մարդու՝ քրոջ ներկայությամբ էր երգել։ Այդ օրվանից զորախումբն ամեն առավոտ օրը սկսում էր Արգամի երգով։ Այդպես օրը հաջող էր անցնում։ Արգամի երգը դարձել էր զորախմբի թալիսմանը։

Հոկտեմբերի 29-ն էր։ Առավոտը բացվում է, բայց Արգամն այդ օրը, չգիտես ինչու, չի երգում։ Քույրը ենթադրում է, որ հավանաբար թշնամու հարձակումը շատ շուտ է սկսվել, ու չի հասցրել երգել։

«Այդ օրը ժամը 18։18 րոպեին զանգեց ինձ։ Պատերազմի ժամանակ հիմնականում հորս էր զանգում, բայց այդ օրը զանգեց ինձ ու ասաց որ ուզում է ուղղակի ձայնս լսել։ Հետո ասաց, որ երգել է։ Չհավատացի։ Ասաց՝ հրամանատարը նկարել է, կուղարկի, կնայեմ։ Աչքերս լցվեցին։ Խնդրեց, որ հայրենասիրական ու մոր մասին երգեր ուղարկեմ, որ սովորի, երգի։ Խոստացա, որ կուղարկեմ։ Մի քիչ էլ խոսեցինք, մեկ էլ ասեց՝ գիտես, չէ՞, նամակդ մոտս է։ Ասացի՝ ո՞նց, էտ խառը պահին նամակս հետդ վերցրե՞լ ես։ Ասաց՝  ամեն օր կարդում է, ձեռագրիցս կարոտս առնում։ Հետո էլ ասաց՝ բա սենց նամակ կգրե՞ն, սիրտս կտոր-կտոր է լինում։ Վերջում խոստացավ, որ ծառայությունը վերջացնի, հետ գա, նամակս հետը բերելու է ու մոտս բարձրաձայն կարդա, որ զգամ, թե ինչ հուզիչ է»։

Այդ նամակը Մերին եղբորը գրել էր, երբ նա նոր էր մեկնել ծառայության, ու պատերազմն էլ դեռ չէր սկսվել։ Գրել էր, որ եղբայրն իր հերոսն է, նրան շատ է կարոտում և այլ խոսքեր, որ պատերազմի ծանր օրերին Արգամի համար լրիվ նոր իմաստ էին ստացել ու տակնուվրա էին անում նրան։

Հոկտեմբերի 29-ը Արգամի ու Մերիի վերջին խոսակցությունն էր։ Մոտ երկու ժամ անց Արգամը հերթապահում էր դիրքում, երբ հանկարծ մահաբեր լույսն է նկատում։ Հասցնում է միայն բղավել՝ ԱԹՍ։ Մի քանի վայրկյան անց կողքին պայթյուն է հնչում։ 18-ամյա Արգամը՝ ընդամենը 2 ամսվա զինծառայող, զոհվում է։ Հրամանատարն ու երկու զինակից ընկերները վիրավորվում են, ավելի ուշ նրանցից մեկը նույնպես մահանում է։

«Այդ օրը չգիտեինք, որ Արգամը զոհվել է, բայց գիշերը նրան երազիս տեսա,-պատմում է քույրը,-իբր եկել էր արձակուրդ, տանը մեծ խնջույք էինք անում։ Մոտեցավ ինձ, ծխախոտի գումար ուզեց, ասաց՝ շտապում եմ տղաների մոտ։ Հետո ես ու հայրս դուրս եկանք նրան ճանապարհելու։ Մի երկար ավտոբուս էր կանգնած՝ մեջը լիքը զինվորներ։ Վարորդն ասաց՝ չէ, Արգամին չեմ կարող վերցնել, էլ տեղ չկա»։

Առավոտյան Մերին արթնանում է, երազը պատմում տնեցիներին ու ասում՝ լավ նշան է, որ Արգամը չնստեց այդ ավտոբուսը։ Մեկ էլ հայրն է պատմում իր տեսած երազը՝ եկեղեցու դռները բացվեցին, Արգամը ներս մտավ։ Ու մինչ փորձում էին երազները վերծանել, մեկ ուրախանալ, մեկ մտահոգվել, Արգամի հոգին արդեն սավառնում էր երկնքում․․․

Արգամ Սելիմյանը հետմահու պարգևատրվում է «Մարտական ծառայության» և «Մարտական հերթապահության համար» մեդալներվ։

Զոհվելուց հետո ընկերներն Արգամի գրպանից հանում են քրոջ նամակը, որն ամեն օր կարդում էր ու քրոջ կարոտն առնում։ Հիմա նամակը Մերիի մոտ է, ինքն է այդ չարչրքված, պատերազմի բովով անցած թղթի կտորից եղբոր կարոտն առնում ու պահում որպես մասունք։ Ձեռքից չի հանում նաև եղբոր ժամացույցը, որ ընկերները փոխանցել են նամակի հետ միասին։

«Մի քանի օր առաջ Արգամը նորից երազիս եկավ,-պատմում է Մերին,-ասաց՝ եկել եմ ասացի՝ անհնար է, դու չես կարող գալ։ Ասաց՝ եկել եմ, որ նամակդ կարդամ, ինչպես խոստացել էի, ու նորից գնամ։ Դուրս եկանք պատշգամբ, մի երկու տող կարդացինք, ուժեղ քամի էր։ Արգամն ամուր գրկեց ինձ, ձեռքս բռնեց ու գնաց․․․»։

Մերին ամեն օր քնելուց առաջ եղբոր լուսանկարը համբուրում է, գրկում ու խնդրում, որ այդ գիշեր էլ երազին գա։ Սարսափելի կարոտը մեղմելու միակ ճանապարհը երազին եղբոր այցերն են։ Արգամը քրոջը չի նեղացնում, հաճախ է գալիս, ու երազում քույր ու եղբայր իրագործում են այն ծրագրերն ու նպատակները, որ կյանքում միասին ուրվագծել էին։ Երազն ինչ-որ պահի անհետանում է, Մերին արթնանում է՝ ծանր քարը սրտում, ցավը կոկորդին, բայց կարոտը փոքր-ինչ հաղթահարած ու նոր երազի սպասումով․․․

արցախյան պատերազմ Արգամ Սելիմյան զինվոր խմբագրի ընտրանի զոհված զինվորներ

ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Անի Գևորգյանը Տավուշից ,հիմա ուղիղ
Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա
Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ավելին
Ավելին