Ապրիլի 28-ին Թուրքիայի ոստիկանության ու ազգային հետախուզական ծառայության համատեղ գործողությամբ Ստամբուլ քաղաքի ասիական Աթաշեհիր թաղամասում ձերբակալվել է «Բասիմ» ծածկանվամբ Աֆղանստանի քաղաքացի։ Թուրքիայում պնդում են, որ ձերբակալվածը «Իսլամական պետության» նախկին ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի «աջ ձեռքն է» ու խմբավորման բարձրաստիճան պաշտոնյա։
Համատեղ գործողության մասին մայիսի 2-ին հայտարարություն է տարածել Թուրքիայի ոստիկանությունը, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։ Հայտարարությունում նշվում է, որ «Բասիմ»-ը համարվում է ԻՊ, այսպես ասած, ռազմական թևի ղեկավարը, մասնակցել է ԻՊ որոշումներ կայացնող խորհրդի նիստերին, 2014թ. Սիրիայում ու Իրաքում եղած ժամանակ կազմակերպել է ԻՊ զինյալների մարզումներն, իսկ որ ամենակարևորն է, 2019թ. աշնանն օգնել է ալ Բաղդադիին թաքնվել սիրիական Իդլիբում, որտեղ էլ, ըստ ԱՄՆ-ի, ալ Բաղդադին սպանվել էր։