«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին զերծ մնալ ատելության խոսքի եւ սպառնալիքների տարածումից արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ նախընտրական քարոզարշավի ընթացքում: Այս մասին մայիսի 3-ին Ազգային ժողովի հատուկ նիստին վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝«Լուսավոր Հայաստանը» հայտարարության տեքստ է նախապատրաստել, որի համաձայն նախընտրական քարոզչության ընթացքում թշնամանքի լեզուն չի օգտագործվելու: «Այն ուժերը, որոնք կմիանան տեքստին, պարտավոր են ձեռնպահ մնալ ատելության խոսքից եւ սպառնալիքներից ողջ նախընտրական արշավի ընթացքում: Մենք շուտով կհրապարակենք տեքստի բովանդակությունը»,- ասաց Մարուքյանը:
Նա նաեւ նշեց, որ ներկայիս ներքաղաքական իրավիճակում խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գործընթացը ճիշտ է, եւ դրան այլընտրանք չկա: