Իհարկե ընտրություններին մասնակցելու եմ եւ իհարկե, ձայնս տալու եմ գործող իշխանությանը: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Հարցին, թե ինքը ներգրավվելո՞ւ է ընտրական գործընթացներին կամ փորձելու է ներգրավել ՊԵԿ աշխատակիցներին, Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ընտրական գործընթացներին չեմ ներգրավվելու, որեւէ աշխատակցի չեմ ուղղորդելու: Դրա մասին դուք հեշտ կարող եք իմանալ: ՊԵԿ-ում աշխատում են 3 հազարից ավելի աշխատակիցներ եւ դուք չեք լսի մի դեպք, որ ես որեւէ աշխատակցի հորդորեմ, ներքաշեմ, պահանջեմ եւ այլն»:
Լրագրողները խնդրեցին նշել երեք պատճառ այս իշխանությանն ընտրելու համար, ինչին նա արձագանքեց. «Ես ունեմ իմ որոշումը, ունեմ իմ հիմնավորումներն ու պատկերացումները: Իմ գնահատականները չեմ պատրաստվում այստեղ հնչեցնել: Դրանք երեքը չեն, դրանք բազմաթիվ են»: