Եթե գործող իշխանությունները մնան, նոր կորուստներ կլինեն: Միգուցե ընդհատումներով, բայց կլինեն: Այս մասին Ապարանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
«Այս տարածաշրջանում անհնար է ապրել առանց պետականության հանդեպ հատուկ վերաբերմունքի: Առանց բանակի: Ապրել կարելի է՝ ծնկաչոք: Բայց խոսքն արժանապատիվ կյանքի մասին է: Զարմանալի է, երբ հայտնվում են մարդիկ , որոնք փորձում են արդարացնել իշխանություններին»,- ասաց Քոչարյանը:
Նախկին նախագահը ընդգծեց, որ խախտվել են բնակչության հիմնական կարիքները՝ անվտանգությունը, սնուցումը, սթրեսն ավելի շատ է: «Բոլորը սթրեսային վիճակում են: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է վերընտրվի կառավարությունը, որը երկիրը նման վիճակի է հասցրել: Ներողություն եմ խնդրում այս արտահայտության համար, բայց Ապարանի բնակիչները սիրում են պինդ խոսքը՝ եթե կեղտի մեջ ես, մյուսներին էլ քաշի կեղտի մեջ, հնարավոր է այդ ֆոնին ավելի լավը թվաս»,- նկատեց նախկին նախագահը։
Նա հիշեցրեց, որ չորս ամսվա ընթացքում Հայաստանը 80 000 մարդ է լքել: Ոուզում են, որ ոչ ոք չմնա, եւ թշնամին պարզապես գա՞: Ինչո՞վ են մտածում նրանք, ովքեր պաշտպանում են այս իշխանությանը: Կարծում եմ, որ իշխանությունները մտածված քաղաքականություն ունեն: Նրանց կառավարման վահանակն այլ տեղում է»,- հավելեց Քոչարյանը: