Նախընտրական քարոզարշավի հետեւանքով Հայաստանում սպասվում է կորոնավիրուսի տարածվածության որոշակի աճ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, նախորդ 7 եւ 14 օրերի համեմատականները արդեն իսկ ցույց են տալիս վարակվածության մի թոքր աճ:
«Իհարկե պետք է ամեն ինչ անենք, որ այդ աճը չլինի կտրուկ, չլինի մեծ: Պատվաստումները այս ընթացքում պիտի օգնեն, որ մենք խուսափենք նման աճից: Բայց այո, իհարկե, նման տեղաշարժերի ակտիվացումը բոլոր մարզերով, Երեւան քաղաքով, իհարկե իր դերը խաղալու է», - ասաց նախարարի պաշտոնակատարը:
Ընտրությունների օրը, նրա խոսքով, ընտրական բոլոր տեղամասերում գործընթացը պատշաճ ձեւով էր կազմակերպված, եւ թե քաղաքացիները, թե ոստիկանությունը, թե հանձնաժողովի անդամները խիստ կերպով դիմակ էին կրում: